Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵ՞Ր ԵՆ, Ի՞ՆՉ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐ ԵՆ

Հունվար 11,2002 00:00

ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵ՞Ր ԵՆ, Ի՞ՆՉ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐ ԵՆ Երեկ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանների դատարանում, ուր ընթանում էր հանրապետության նախագահի թիկնապահի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը, ցուցմունքներ տվեցին 6 վկաներ։ Ուշադրության են արժանի հատկապես վկաներից ԱԱՆ 9-րդ վարչության 2-րդ բաժանմունքի պետ Գուրգեն Արսենյանի ցուցմունքները։ Իսկ թե ինչով էր ուշագրավ, կներկայացնենք քիչ անց։ Այս վկան հայտնեց, որ անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում ուղեկցել են հանրապետության նախագահին Շարլ Ազնավուրի հետ «Առագաստ» սրճարան։ Ինքը եւ այս գործով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը տեղ են զբաղեցրել «գլխավոր սեղանի» ձախ կողմում՝ երաժիշտների մոտ։ Ժամը 24։20-ի սահմաններում նախագահ Քոչարյանը եւ Ազնավուրը վեր են կացել, հրաժեշտ տվել հյուրերին եւ շարժվել ելքի ուղղությամբ։ Վկան ասաց, որ երբ հասան զուգարանի դիմաց տեղադրված սեղանի մոտ, հաճախորդներից մեկն անպարկեշտ արտահայությամբ դիմել է նախագահին՝ «Բարեւ, արա Ռոբ»։ ԱԱՆ վարչության ներկայացուցիչն ասաց, որ լուրջ չի ընդունել քաղաքացու ռեպլիկը եւ շարունակել է ճանապարհը։ «Երբ հասնում էի աստիճանների մոտ, նկատեցի, որ քաղաքացին ինչ-որ բանից դրդված մոտենում է ինձ՝ անպարկեշտ արտահայտություններ անելով։ Կասեցրել եմ նրան, չեմ թողել, որ բարձրանա վերեւ։ Իմ եւ քաղաքացու միջեւ առաջացավ քաշքշուկ»։ Այս վկան հայտնեց նաեւ, որ քաշքշուկը հետագայում շարունակվեց «Առագաստում» սպանված Պողոս Պողոսյանի եւ հաճախորդների միջեւ։ Այդ ժամանակ էլ, ըստ Գ. Արսենյանի, իրեն է մոտեցել ամբաստանյալ Ա. Հարությունյանը եւ ասել, որ նա գնա։ Հետաքրքիր է, որ այս վկան, ի տարբերություն այլ վկաների, հայտնեց, որ քաղաքացի Պ. Պողոսյանն է թեւանցուկ արել ամբաստանյալ Աղամալ Հարությունյանին եւ շարժվել դեպի զուգարան։ Մի ուշագրավ հայտարարություն էլ արեց Գ. Արսենյանը, հայտնելով. «Հաջորդ օրը եկել եմ աշխատանքի վայր։ Աղամալը պատմեց, որ քաղաքացին տարել է իրեն զուգարան, հարվածել է ձախ ծնոտին եւ որ իրեն հաջողվել է փախչել այնտեղից։ Ես տեսել եմ վնասվածքը»։ Անշուշտ, նման դեպքերում գնահատական տալու իրավասությունը վերապահված է ոչ լրատվամիջոցներին, բայց, այնուամենայնիվ, չես կարողանում չհարցնել՝ նախագահն այս ի՞նչ թիկնազորով է շրջապատված։ Եվ արդյոք այս գունավոր մետալուրգի մասնագիտությունն ունեցող թիկնապահի ասածը ճշմարի՞տ է։ Իսկ գուցե նախագահի վրա էին հարձակվել եւ թիկնապահին «հաջողվել էր փախչել»։ Դրությունը փրկելու փորձ էր մեղադրողի միջնորդությունը. նա միջնորդեց դռնփակ անցկացնել նիստը, քանի որ ծառայողական գաղտնիքի հետ կապված հարցեր կան։ Ի դեպ, այդ դռնփակ նիստը տեւեց 15 րոպե։ Բայց որքան ներեց մեր տեղեկատվություն ստանալու փորձերը, այն է՝ թե վերջին հաշվով Շարլ Ազնավուրի եւ հանրապետության նախագահի այցելությանը «Առագաստ» սրճարանում քանիսն են մասնակցել եւ ով ինչ դերակատարում ուներ այնտեղ՝ չպարզվեց։ Տեղեկացնենք, որ վկաներից մի քանիսը նշում են, որ նախագահի թիկնազորը եղել է 5-6 հոգի, մի քանիսն ասում են 7-8-ի մասին, իսկ երեկվա մի վկա նույնիսկ շեշտեց 15-20 թվերի մասին։ Բայց քանիսն են այդ օրը սպասարկել նախագահին եւ քանիսի գործունեությունն է կասեցրել նախագահը՝ կապված այս քրգործի հետ, համենայնդեպս, մինչեւ երեկ պարզ չէր։ Ի դեպ, տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանը երեկ նկատեց, որ այս վկան ակնհայտորեն ստում է, որ իր եղբոր՝ Պողոս Պողոսյանի բառաֆոնդում «արա» բառը չկա եւ իբրեւ Ջավախքի ներկայացուցիչ, կարող էր դիմել ընդամենը ծո-ով եւ որ «Այն ցինիզմը, որ կա ձեզ մոտ, եղբորս մոտ չկար»։ Անդրանիկ Պողոսյանը նույնիսկ նկատեց, որ նա է եղել եղբորը սպանողներից մեկը, թեեւ այս վկան միշտ շեշտում էր, որ չի խփել Պ. Պողոսյանին։ Տուժողի իրավահաջորդը մեկ անգամ եւս շեշտեց, որ իր եղբայրը երբեք չի եղել «Առագաստ» սրճարանում եւ առաջին անգամ լինելով չէր կարող ուղեկցել ամբաստանյալին… զուգարանի կողմը։ Ի դեպ, վկաներից Նեդա Դալալյանը հաստատեց այն, որ ինքը բազմաթիվ անգամ լինելով այնտեղ, չի իմացել զուգարանի տեղը։ Պատասխանելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանի հարցին, թե ովքեր էին այն 2-3 անձինք, որոնք դիտողություն էին արել Պողոս Պողոսյանին, վկան նկարագրեց այսպես. «Միջահասակ, երեւի թե երիտասարդներ էին, շատ հասարակ հագնված, կարճաթեւ»։ Հետեւեց հաջորդ հարցը, թե կարո՞ղ եք ներկայացնել այնպիսի հատկանիշներ, որոնք հնարավորություն կտան հայտնաբերել այդ քաղաքացիներին։ Ազգային անվտանգության նախարարության վարչության աշխատակիցը, որին նաեւ վերապահված է պետության ղեկավարի պաշտպանությունն ապահովել, պատասխանեց՝ «դժվարանում եմ պատասխանել»։ Նույնիսկ այն հարցին, թե սեղանների շուրջ նստածների մեջ եղե՞լ են հանրաճանաչ մարդիկ, նա պատասխանեց. «Չեմ նկատել, աշխատանքի մեջ եմ եղել»։ Երեկ դատակոչված վկաներից Էմանուելա Սարգսյանն ասաց, որ իր վրա այդ օրը տպավորվել է մի հաճախորդ՝ «որը սպիտակ բլուզկա էր հագած» եւ որ «մինչեւ նախագահի գնալը գնացել է լոդկաները»։ Այս երիտասարդի նկարագրությունն էր. սիրունատես, կարճաթեւ, ջինսով։ Նախաքննության ժամանակ այս վկան ասել էր, որ քաշքշուկին խառնված երիտասարդին ինքը տեսնելիս կճանաչի։ Երեկ վկան ասաց, որ նա խառնված չի եղել։ Երեկ դատարան էին եկել նաեւ առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանը, որն ընդամենն ասաց, թե Պողոս Պողոսյանի ճակատի եւ վզի մասում որեւէ հետք չի նկատել եւ ռեպլիկ չի լսել, կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանը, որը միջնորդավորված էր տեսել դեպքը եւ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, որը, չգիտես ինչու, ճանաչվել էր վկա։ Այսօր դատաքննությունը կշարունակվի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել