Լրահոս
Օրվա լրահոսը

Կեցցե օրենքով անօրինականությունը

Հունվար 11,2002 00:00

Կեցցե օրենքով անօրինականությունը Օրենքները ամբողջ աշխարհում ծառայում են ի շահ ժողովրդի. ոչ մի երկրում չկա օրենք, որի կիրառումից տուժի ժողովուրդը՝ այսինքն այն բացասաբար ազդի ժողովրդի առողջության վրա։ Սակայն այդպես չէ Հայաստանի Հանրապետությունում սանիտարական ծառայության եւ նրա ֆունկցիաների մասին նոր ընդունված օրենքի պարագայում։ «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի» 11-րդ հոդվածում ասվում է, որ լիցենզիա տալու համար չեն կարող պահանջվել բնապահպանական, հիգիենիկ եւ հակահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի եւ կանոնների պահպանումը հավաստող փաստաթղթեր, լիցենզիա ստանալուց հետո տեղյակ կպահվի այդ մասին վերոհիշյալ կազմակերպություններին։ Այսինքն, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը լիցենզիա է տալիս յուրաքանչյուր անձի կամ կազմակերպության, ով կարող է բացել արտադրական կամ սպասարկման օբյեկտ իր ուզած տարածքում, թեկուզ դա լինի ավտոտնակ, շենքերի շքամուտքեր, նկուղներ, մանկական հիմնարկներ, շենքերի տանիքներ եւ այլուր, հաշվի չառնելով տասնյակ տարիներ առաջ օրենքով ամրագրված եւ ժամանակի փորձությունն անցած «հծԼկ»-ը (րՑՐՏՌՑպսՖվօպ վՏՐՎօ Ռ տՐՈՉՌսՈ)։ Այն հիմք է եւ ուղեցույց բոլոր տեսակի շինարարությունների համար, հատկապես սննդի արտադրության օբյեկտների։ Ստացվում է, որ այսուհետ ով որտեղ ինչ ուզենա՝ կարող է կազմակերպել, կառուցել եւ շահագործման հանձնել, իսկ բժիշկ-հիգիենիստներն էլ փնտրել-գտնելուց հետո նոր պետք է առաջադրանքներ, ցուցումներ տան, ելնելով սանիտարահիգիենիկ նորմերից։ Դրանք պետք է տրվեն տարին միայն 1 անգամ (համաձայն նոր օրենքի), իսկ տրված առաջադրանքները կկատարվեն, թե ոչ՝ պարզ կդառնա 1 տարի հետո, նոր ստուգման ժամանակ։ Այս ամենը բացահայտ աբսուրդ է։ Որտե՞ղ մնաց նախազգուշական սանիտարական հսկողությունը, որը շատ ավելի կարեւոր է, քան ընթացիկ ստուգումը, որտե՞ղ մնաց հողամասերի ընտրությունը, որտեղ՝ նախագծով կառուցման, ջրամատակարարման եւ կոյուղացման, օդափոխության, այդ բնագավառում աշխատողների բժշկական քննության հարցերը, որոնք պետք է լուծվեին մինչեւ աշխատանքի սկսելը, մինչեւ օբյեկտի շահագործման հանձնելը։ Ինչպես կապիտալիստական զարգացած երկրներում, այնպես էլ Ռուսաստանում այժմ ոչ թե թուլացրել եւ սահմանափակել են սանիտարական բժշկի իրավունքները, այլ հակառակը՝ անգամ յուրաքանչյուր մասնագետ բժշկի կցվում է ոստիկանության 2 աշխատող, որ սանիտարահիգիենիկ պահանջները կատարվեն հստակորեն եւ անմիջապես՝ ըստ գործող օրենքի։ Իսկ ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ում սանիտարական ծառայությունը ընդլայնվել է եւ դարձել պետության պահպանության օղակներից մեկը՝ համահավասարազոր անվտանգության, ոստիկանության եւ պաշտպանության գերատեսչությունների հետ։ Սահմանադրությունը կարող է փոփոխության ենթարկվել, իսկ սանիտարահիգիենիկ պահանջները չպետք է փոխվեն եւ թուլացվեն։ Փոփոխվելու դեպքում դրանք պետք է միայն խստացվեն, իսկ Հայաստանի Հանրապետությունում կատարվել է հակառակը եւ շատ զարմանալի է, որ Ազգային ժողովի պատգամավորները կողմ են քվեարկել այդ օրենքի ընդունմանը։ Այժմ էլ, ինչպես 1998-ին Զարթոնք գյուղում էր, պետք է սպասել բազմաթիվ աղիքային հիվանդությունների եւ թունավորումների բռնկումների, քանի որ օրեցօր ավելանալու են սանիտարական նորմատիվները արհամարհած սնունդ արտադրող արտադրամասերը, վաճառատարածքները եւ հանրային սննդի օբյեկտները, քանի որ այդ օբյեկտների գործունեությունը դադարեցնելն էլ է արգելվել մեզ։ Այսինքն, քանի դեռ ինֆեկցիոն եւ աղիքային հիվանդությունների ու սննդային թունավորումների բռնկում չի առաջացել, սանիտարական ծառայությունը իրավասու չէ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լիցենզիայով ապահովված արտադրամասերի գործունեությունը դադարեցնել։ Դա կարող է անել դատարանը, այն էլ՝ միայն տուժող կողմի իրավունքի պաշտպանի բողոքարկումով։ Ստացվեց, որ իբրեւ թե գործարար մարդուն ազատում են քաշքշուկից, բայց դրանով իսկ տուրք է տրվում անարխիային եւ անօրինականություններին, որի արդյունքը կերեւա տարիներ հետո։ ՋԵՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ Բժիշկ-հիգիենիստ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել