ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ Դատելով բժշկական փորձաքննությունների մասնակցող հաշմանդամների պատմածներից, փորձաքննական հանձնաժողովներում նրանց ցույց է տրվում ամենաանմարդկային ու դաժան վերաբերմունքը։ Ասենք, ոտքը կամ ոտքերը կտրված մարդն ամեն տարի ստիպված է նորից անցնել այդ բժշկա-սոցիալական քննությունը՝ հաշմանդամության իր կարգի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար։ Նույն մարդիկ վկայում են նաեւ, որ տարբեր գործարքների համար որոշակի գներ են գործում՝ 20-100 դոլար, ասենք, կախված նրանից, թե առողջական վիճակդ ինչպիսին է եւ որ կարգին ես հավակնում։ Եթե առողջ ես, գինը բարձր է, բնականաբար։ Խնդիրն այն է, որ այս բոլորը ներկայացնողները հրաժարվում են որեւէ անուն նշել, թեկուզ իրենցը կամ գոնե մի հանձնաժողով մատնանշել, քանի որ ստիպված են լինելու այդ հանձնաժողովների հետ հետագայում եւս գործ ունենալ։ Մի փաստի վերաբերյալ «Առավոտին», այնուամենայնիվ, հաջողվեց կոնկրետ տվյալներ եւ փաստաթղթեր ձեռք բերել։ Սակայն մինչ դրանք նշելը, այս բոլոր խնդիրների վերաբերյալ ներկայացնում ենք Հանրապետական բժշկա-սոցիալական փորձաքննական թիվ 1 հանձնաժողովի նախագահ Միշա Վանյանի պարզաբանումները։ Նա, իհարկե, չհամաձայնեց «դաժան ու անմարդկային վերաբերմունք» որակման հետ, նշելով. «Երբ ուռուցքով հիվանդին (որը 3 տարի առաջ է վիրահատվել) առաջարկում են օնկոլոգիական հիվանդանոցում նորից հետազոտվել եւ նշել առողջական ներկա վիճակի մասին տվյալներ, հիվանդը, բնական է, սա որակում է որպես դաժան վերաբերմունք։ Կամ, երբ հիվանդը, որի մի երիկամը հեռացված է, փորձագետը հետազոտման է ուղարկում, մտածում է, որ ձեւական բնույթ է կրում, քանի որ երիկամը չի աճել։ Բայց այդ հետազոտումը կապված է գոյություն ունեցող երիկամի հիվանդության հետ։ Նույնը վերաբերում է նաեւ ամպուտանտներին»։ Պրն Վանյանը նկատում է նաեւ. «Ցանկացած հիվանդություն ունենում է սրացումներ եւ ֆունկցիաների խաթարման խորացումներ եւ հակառակը։ Բնական է, խումբն էլ պիտի փոփոխվի»։ Ինչ վերաբերում է գործող գներին, ապա հանձնաժողովի նախագահը բացառում է այդ երեւույթը, նշելով, որ առանձին դեպքերն էլ դատաքննչական մարմինների խնդիրն են։ «Առավոտի» խմբագրությունում փաստաթղթերի պատճեններ են առկա, որոնք վկայում են փորձագիտական հանձնաժողովներից մեկի ոչ իրավաչափ, հակասական գործունեության մասին։ Այդ փաստաթղթերից մեկով հանձնաժողովը տվել է գանգուղեղի անոթների աթերոսկլերոզ… (չի կարդացվում) խանգարումներով, անաշխատունակ է, կարիք է զգում մշտական… (չի կարդացվում) հսկողության։ Եզրակացությունը տրված է անժամկետ, 1996թ., առաջին անգամից։ Տվյալ ժամանակ, մի տեղեկանքի համաձայն, այդ անձն աշխատել է պոլիկլինիկայում եւ չստուգված տվյալներով շարունակել է աշխատանքը։ Հետագայում, հավանաբար, կարիք է զգացվել «շտկումներ» մտցնել փաստաթղթերի մեջ եւ 2000թ. տրված հանձնաժողովի մեկ այլ եզրակացությամբ «անաշխատունակը» փոխվել է «կարող է շարունակել բժշկի աշխատանքը՝ ազատվելով լրացուցիչ ծանրաբեռնվածությունից» եզրակացությամբ, իսկ ախտորոշումը՝ «ՍԻՀ, ստենոկարդիա, հետինֆարկտային կարդիոսկլերոզ», ինչպես նաեւ համապատասխան կարգն է փոխվել։ Թեեւ այս փաստերը թիվ 1 հանձնաժողովին չեն վերաբերում, բայց չհայտնելով, թե խոսքն ում է վերաբերում, փորձագետին խնդրեցինք պարզաբանել։ Նա նշեց, որ հաշմանդամությունը դեռ հիվանդություն չէ։ Պետք է առկա լինի հիվանդությամբ պայմանավորված ֆունկցիաների խանգարում, որը պետք է հանգեցնի կենսագործունեության սահմանափակման, որն էլ պետք է առաջացնի սոցիալական անբավարարություն, որպեսզի անհատը կոչվի հաշմանդամ։ Այսինքն թղթի վրա գրված ախտորոշումը հաշմանդամ ճանաչելու համար դեռ ոչինչ չի նշանակում, որ 1999-ից ոչ թե աշխատունակություն կամ անաշխատունակություն է որոշվում, այլ անձը ճանաչվում է հաշմանդամ եւ որոշվում է նրա սոցիալական անբավարարության աստիճանը։ Ավելացրեց. «Ես չեմ կարող ասել, գուցե առաջին որոշումը եղել է օրենքի խախտումով։ Առաջին դիտարկումից անժամկետհիմնականում տրվում են անատոմիական արատները»։ Ինչ վերաբերում է աշխատունակության վերաբերյալ 2 եզրակացությունների հակասություններին, փորձագետն ասաց. «Եթե այդ անձը հիմա աշխատում է, ուրեմն սխալ է եղել 1996թ. որոշումը։ Կամ առողջական վիճակն է լավացել, կամ էլ թող ինձ ներեն իմ գործընկերները, գուցե փորձաքննական բացթողում է եղել»։ Ամբողջական լինելու համար նշենք, որ փաստաթղթերը վերաբերում են դաշնակցական վերնախավի ներկայացուցիչներից մեկի հորը։ Իսկ 1996թ. Հայաստանում ՀՅԴ գործունեության արգելման տարին էր։ Իսկ 2000թ. եզրակացության կարիքն ըստ երեւույթին առաջացել է իրավիճակի փոփոխությամբ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ