Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ԱՂԱՄԱԼԸ ՉԷ

Հունվար 11,2002 00:00

ՄԻԱՅՆ ԱՂԱՄԱԼԸ ՉԷ Վստահ է ՀՅԴ-ն ՀՅԴ-ն բավարարված չէ «Առագաստ» սրճարանում դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանության գործով անցկացված նախաքննության արդյունքներից եւ համարում է, թե դատախազությունը չի կարողացել բացահայտել բոլոր հանցագործներին։ ՀՅԴ-ն, սակայն, ձեռնպահ է մնում այս ամենի համար նախագահ Քոչարյանին քննադատելուց։ «Այն փաստը, որ գործով միայն մեկ մարդ է մեղադրվել, վկայում է, որ հետաքննությունը թերի է անցկացվել»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։ Նշենք, որ տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանն էլ էր օրերս համոզված պնդել, որ Երեւանի դատախազության քննչական խումբը խեղաթյուրել է փաստերը եւ նախաքննությանն այլ ընթացք տվել։ Դաշնակցության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել «Հյուման րայթս ուոթչ» միջազգային կազմակերպության այս եզրակացությունը. «Քոչարյանի՝ նախաքննությանը ցուցաբերված հրապարակային աջակցությամբ հանդերձ, իրականությունն այն է, որ իրավապահ մարմինները վկաներին՝ ցուցմունք տալու դեպքում, անվտանգության երաշխիքներ չեն տվել»։ Այս կազմակերպությունը «հնարավոր հետեւանքների նկատմամբ վախով» էր պայմանավորել ականատեսների «դավադիր լռությունը»։ Գեղամ Մանուկյանը, սակայն, հակադարձել է. «Միայն վախը չէ, որ հետ է պահում մարդկանց ցուցմունքներ տալուց… Դա դարձել է մեր ժողովրդի հոգեկերտվածքի առանձնահատկություններից մեկը»։ Ամփոփենք. ՀՅԴ Հայաստանի ԳՄ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատուն նշել է, որ Աղամալ Հարությունյանին առաջադրված «անզգույշ սպանության» մեղադրանքը «ամբողջովին չի բխում գործի ընթացքից, որովհետեւ այն կցկտուր տեղեկությունները, որոնք կան քրեական գործում, վկայում են, որ փաստորեն մեկ հոգու մասնակցությամբ չի եղել դա»։ Գեղամ Մանուկյանի պնդմամբ, նախաքննությունը չի ուսումնասիրել բոլոր հանգամանքները եւ չի ճշտել միջադեպի մասնակից բոլոր անձանց։ Ըստ «Ազատություն» ռ/կ-ի հաղորդումների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել