ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրամանագրով հունվարի 4-ին պետեկամուտների նախարարությունում ստեղծվել է Խոշոր հարկատուների վարչություն: Կառուցվածքային այդ նորամուծությունը կատարվել է հարկային վարչարարության բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների շրջանակում: Անցած տարվա վերջին Ազգային ժողովը հաստատեց, այսպես կոչված, «Հարկային փաթեթը», որով փոփոխություններ ու լրացումներ են նախատեսվում Հարկային օրենսդրության 12 օրենքներում: Դրանց նպատակը հարկային վարչարարության բարելավման ճանապարհով հարկային մուտքերի ավելացումն է: Երեւանի Աջափնյակ համայնքի հարկատուների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ պետեկամուտների նախարարության Կազմտեսչական վարչության պետ Սամվել Պետրոսյանը ասաց, որ հարկ վճարողի համար շահավետ է լինելու դառնալ խոշոր հարկատու, քանի որ վերջիններս գործ են ունենալու անմիջապես նորաստեղծ վարչության հետ՝ շրջանցելով տարածքային հարկային մարմինները: Հանդիպման նպատակը հարկատուներին լրացումներն ու փոփոխությունները ներկայացնելն ու դրանք պարզաբանելն էր: Հարկատուներն իրենց դժգոհությունը հնչեցրին Հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունների առնչությամբ, բողոքեցին, որ նոր փոփոխություններն ու լրացումները հրատարակված չեն ամփոփ ժողովածուով: Պարզվեց նաեւ, որ օրենսդրական փոփոխություններին պետք է հետեւեին կառավարության որոշումները, որպեսզի հարկային բնույթի այս կամ այն գործարքն իրականացնելու համար լիարժեք ու հստակ մեխանիզմներով կարգավորվող օրինական դաշտ ստեղծվի: Կառավարությունը, սակայն այդ որոշումները դեռ չի ընդունել: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի