Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարների որսն ավարտվեց

Հունվար 11,2002 00:00

Նախարարների որսն ավարտվեց Կառավարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը նոր տարվանից անցավ նոր աշխատաձեւի։ Այսուհետ կառավարության նիստերը լուսաբանելու նպատակով հրավիրված լրագրողները ոչ թե կթափառեն կառավարության միջանցքներում, այս կամ այն նախարարին որսալու համար, այլ հանգիստ կնստեն ճեպազրույցների համար նախատեսված դահլիճում, եւ հարկավոր նախարարներն իրենց ոտքով կգան լրագրողների մոտ։ Ի դեպ, դեռ մեկ տարի առաջ մեր թերթը, նաեւ «ՀՀ»-ի այն ժամանակվա խմբագրի տեղակալ Անահիտ Ադամյանը մի քանի հրապարակումներում նմանատիպ առաջարկ արել ենք, սակայն այն հնչել էր որպես ձայն բարբառոյ հանապատի։ Հիշեցնեմ, որ աշխատանքի նորմալ պայմաններ չլինելու պատճառով էր նաեւ, որ նույն այդ ժամանակահատվածում «Առավոտը» ստիպված էր լուսաբանել ոչ թե կառավարության բուն նիստը, այլ այն ամենը, ինչ երեւում էր կառավարության պատուհանից։ Լավ է ուշ, քան երբեք, կամ՝ նորը լավ մոռացված հինն է, քանի որ ճեպազրույցների նման կարգ կառավարությունում գործել է տարիներ առաջ։ Իհարկե, քայլն, իրոք, ողջունելի է, սակայն բազմաթիվ «բայց»-եր կան։ Օրինակ, եթե կառավարության նիստերը վարի երկրի նախագահը, լրագրողները նրա երեսը չեն էլ տեսնի։ Նախագահը պարզապես չի գա ճեպազրույցների, քանի որ ինքն անձամբ որեւէ հարց չի ներկայացնում կառավարության նիստերի ժամանակ։ Լրագրողներից խաբս կտա նաեւ պաշտպանության նախարարը, իսկ ԱԱ նախարարն առանց այդ էլ այդպիսի կարգավիճակում է։ Երեկվա նիստից հետո լրագրողներին ներկայացան կառավարության նիստին օրակարգային հարց ներկայացրած երեք պաշտոնյաներ՝ Ջրային պետական կոմիտեի նախագահ Գ. Մարտիրոսյանը, ՍՊԱԾ-ի ղեկավար Բալասանյանը, Պատմության եւ մշակույթի պահպանության վարչության պետ Գ. Գյուրջյանը։ ՍՊԱԾ-ի ղեկավարի տեղեկացմամբ, արդեն պատրաստ է «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։ Օրենքն ամրապնդում է երեք ոլորտ՝ սեյսմիկ վտանգի եւ սեյսմիկ ռիսկի գնահատումը եւ սեյսմիկ ռիսկի նվազեցումը Հայաստանի տարածքում։ Գագիկ Մարտիրոսյանի ներկայացմամբ, կառավարությունը որոշում է կայացրել ջրաչափերի մասին, բյուջետային կազմակերպությունները եւ իրավապահ անձինք պետք է տեղադրեն ջրաչափեր՝ 2002 թ. առաջին կիսամյակի ընթացքում իրենց անձնական միջոցների հաշվին։ Բնակչության մասով երեք ժամկետ է նշվել՝ անհատական բնակարաններում ապրող քաղաքացիների հաշվառման համակարգը պետք է իրականացվի 2002-ի ընթացքում, բազմահարկ շենքերինը՝ 2003-ի վերջին։ Գագիկ Մարտիրոսյանը նշեց, որ ջրաչափերը տեղադրվելու են քաղաքացիների հաշվին, իսկ «սոցիալապես անապահով քաղաքացիների տեղադրման (խոսքը, հասկանալի է, բնակարաններում հաշվիչների տեղադրման մասին է- Մ. Ե.) աշխատանքները կառավարության որոշմամբ հանձնարարվել է իրականացնել պետության միջոցների հաշվին»։ Գ. Գյուրջյանը հայտնեց, որ կառավարությու նը որոշում է կայացրել Արարատի մարզի անշարժ հուշարձանների ցուցակի մասին։ Մինչեւ այս որոշումը ուժի մեջ էր խորհրդային կարգերի ժամանակ հաստատված ցուցակը։ Ըստ այդմ Հայաստանում հաշվառված է 3300 հուշարձան, սակայն սա ճշգրտման կարիք ունի։ Մեր դիտարկմամբ, պրն Գյուրջյանը մի շատ տխուր բան ասաց. «Ասենք, երկրաշարժից հետո բազմաթիվ հուշարձաններ հիմնահատակ կործանվեցին եւ նրանց ցուցակում պահելն այլեւս անիմաստ է, նրանք դառնում են այլեւս որպես արխիվային նյութեր եւ ռեալ հուշարձան, որը որպես հուշարձան պետք է գտնվի ցուցակում եւ որի հանդեպ պետությունը պիտի վերահսկողություն եւ պահպանություն իրականացնի, դրանք այն հուշարձաններն են, որոնք այսօր գոյություն ունեն»։ Արդեն տխուր է, որ պատմական հուշարձանների մասին են, թեկուզ ստիպված, այսպես խոսում, սակայն, որքան ավելի տխուր է, երբ այդպես խոսում են նաեւ մարդկանց մասին։ Սա հնչում է ճիշտ եւ ճիշտ՝ «Մեռավ թագավորը, կեցցե թագավորը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել