ՏԵՍՆԵՍ Ո՞Վ Է ԱՅՍ ՄԻ «ԳՈՐՇ ԳԱՅԼԻ» ՏԵՐԸ Մարդու վրա կրակած բժիշկ Հրանտ Պապիկյանը, որի ճակատին այսօր հերոսի դափնի են դնում, փորձում է նոր «բացահայտումներ» անել՝ մեջբերելով սպանված գեներալ Արծրուն Մարգարյանից եւ սպանված Վ. Սարգսյանից: Այն նույն Պապիկյանին, որը բժիշկ լինելով եւ, այսպես կոչված, Հիպոկրատի երդում տալով հանդերձ, իր իսկ խոստովանությամբ, 98-ի հունվարի 21-ին կրակել էր Ա.Մարգարյանի ոտքերին՝ նրան հասցնելով մահացու վնասվածքներ, իսկ 99-ի փետրվարի 8-ին դարձել էր, իբր, Ա.Մարգարյանի ու քաղաքական խաղերի պոտենցիալ զոհը: Շատ հատկանշական է, որ միայն վերջիններիս սպանությունից հետո կրկին ասպարեզ իջած Պապիկյանը, որի առաջ, թերեւս, խնդիր է դրված հերթական անգամ վարկաբեկել Վ.Սարգսյանին ու նրա շրջապատին, 99-ի փետրվարին էլ ի հայտ էր եկել «կամովին»՝ «պետական», կամ թե, «քաղաքացիական գիտակցության» մղումով ու ճիշտ այսօրվա նման սկսել էր ինքնախոստովանություններ անել, որոնք, սակայն, որեւէ մեկը, բացի արդեն սպանված Ա.Մարգարյանից եւ Վ.Սարգսյանից, իհարկե, չի կարող փաստացի հերքել կամ հաստատել: Ասել է թե, իշխանությունների գործողությունների անբարոյական ոճը մնում է ուժի մեջ. մարդիկ դարձյալ խոսում են զոհվածների անունից ու նրանց փոխարեն: Այդուհանդերձ, հարկ է վերհիշել՝ ինչպե՞ս եւ որտեղի՞ց հայտնվեց մինչեւ Ա.Մարգարյանի սպանությունը ստվերում եղած Հ.Պապիկյանը: Եվ այսպես. միայն Ա.Մարգարյանի սպանությունից եւ ԶՈՒ հրամկազմի՝ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին ուղղված վերջնագրից՝ 15 օրյա ժամկետում բացահայտել գեներալ Ա.Մարգարյանի սպանությունը, հետո հայտնվում է Հ.Պապիկյանը: Հայտնվում է, ըստ քաջատեղյակ աղբյուրների, շուրջ 5-6 օր ՆԳՆ 6-րդ վարչությունում պահվելուց եւ այն ժամանակ դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հատուկ «դասընթացներ» անցնելուց, նաեւ դրանից 4 օր առաջ ՆԳ եւ ԱԱ նախարար Ս.Սարգսյանի հետ հանդիպելուց հետո եւ տեսակցություն է պահանջում ՊՆ նախարար Վ.Սարգսյանի հետ: Փորձում է համոզել, թե Ա.Մարգարյանը 98-ին ինքն իր դեմ մահափորձի իմիտացիա է կազմակերպել, իսկ 99-ին փորձել է ձեւացնել, թե ղարաբաղցիների հարձակման զոհ է, բայց, շնորհիվ իր պետական մտածողության, այդ պլանը ձախողվել է, եւ գեներալն ինքնասպան է եղել: Ու սկսում է հեքիաթային մի պատմություն «ինքնասպան» գեներալի եւ «պետականության գիտակցումով» ապրող Պապիկյանի մասին: Նախ հարց է առաջանում. ինչո՞ւ էր Պապիկյանը 99-ին ներկայացել ոչ թե իրավապահ մարմիններին, այլ հենց Վ.Սարգսյանին: Արդյո՞ք հենց իրավապահ օղակներում չէր ծնվել այդ գաղափարը՝ հաշվի առնելով, որ Հ.Պապիկյանի «ինքնախոստովանությանը» հավատալով Վ.Սարգսյանը կփորձեր փրկել իր ընկերոջ՝ Ա.Մարգարյանի, պատիվն ու այլեւս չէր փորփրի ու հանրության սեփականությունը չէր դարձնի նրա «անպատիվ ինքնասպանությունը»: Բայց եղել էր հակառակը՝ Վ.Սարգսյանն ու Ա.Մարգարյանի մտերիմ ընկերները, այնուամենայնիվ, լսելով Պապիկյանի հեքիաթները ու դրանց չհավատալով, նրան հանձնել էին իրավապահ մարմիններին՝ իբրեւ գործով անցնող առանցքային վկա կամ հանցակից: Ի դեպ, այդ փաստերը կարելի էր հեշտությամբ ճշտել, եթե միայն ցանկություն լիներ ծանոթանալ գործում առկա նյութերին: Այդ ամենին հարկ է վերստին հավելել, որ հիշյալ գիշերը, երբ ՆԳ եւ ԱԱ նախարար Ս.Սարգսյանն, այնուամենայնիվ, ստիպված էր եղել մարդ ուղարկել Հ.Պապիկյանի ետեւից, վերջինիս զարմանալիորեն տարել էին ոչ թե ՆԳՆ կամ ԱԱՆ մեկուսարան, այլ շուրջ 20 օր պահել էին ՄՀՕՋ-ում: Ինչեւէ: Հրապարակումը, թերեւս, չարժանանար մեր ուշադրությանը՝ հաշվի առնելով նրանում առկա առանձին գործիչների դեմ ուղղված մերկապարանոց ու չփաստարկված որակումները, պատմության տրամաբանության անհետեւողականությունն ու առանձին զրույցների ոչինչ չասող պատառիկները, եթե միայն, ըստ երեւույթին, անկախ Հ.Պապիկյանի կամքից՝ ի հայտ չգային Ա.Մարգարյանի սպանությանն առնչվող նոր փաստեր: Վերջիններս, ի դեպ, մեր արդարադատության համակարգը հենց հրապարակման օրից պարտավոր է լրջորեն ուսումնասիրել, եւ Ա.Մարգարյանի սպանության գործը վերստին հանել դատախազության գզրոցներից ու նոր նախաքննություն սկսել: Բանն այն է, որ հիշյալ հրապարակման մեջ Պապիկյանը խոսում եւ պատմում է Ա.Մարգարյանի՝ Վազգեն Սարգսյանին ուղղված նամակի բովանդակության մասին: Այն նամակի, որն Ա.Մարգարյանն ի պահ էր տվել վիրաբույժ Արտավազդ Սահակյանին՝ իր հետ որեւէ բան պատահելու դեպքում Վ.Սարգսյանին հանձնելու համար, եւ որն, ի դեպ, նույն Ա.Սահակյանը, իր իսկ պնդմամբ, այրել էր: Հարց է առաջանում. ուրեմն իրականում նամակը ոչ թե այրվել, այլ հասցեատիրոջ փոխարեն հանձնվել է այլոց: Կամ նույնիսկ այդ դեպքում Հ.Պապիկյանը, եթե Ա.Մարգարյանի սպանության կազմակերպիչների կամ դատախազության վստահելիներից չէ, որտեղի՞ց պետք է իմանար «այրված» նամակի բովանդակության՝ Կրակեմ Հրաչի, ղարաբաղցիների կամ այլնի մասին: Եվ արդյո՞ք չպետք է ենթադրել, որ հիշյալ եւ ամենեւին էլ ոչ թե այրված, այլ հենց ղարաբաղյան կլանին հանձնված նամակի բովանդակությունն է արագացրել Ա.Մարգարյանի սպանությունը, իսկ Հ.Պապիկյանը այդ կլանին ձեռքին ինքնակամ դարձել է այն գործիքը, որը պետք է համոզիչ դարձներ կամ հաստատեր Ա.Մարգարյանի կրկնակի «ինքնասպանության» ողջ հորինվածքը: Երկրորդ. Պապիկյանը խոստովանում է, թե Վ.Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս ներկայացնելով 98-ին Ա.Մարգարյանի կողմից, իբր, բեմականացված մահափորձի պատմությունը, այնուամենայնիվ ու չգիտես ինչու, այդպես էլ չէր խոստովանել, որ գեներալի ոտքերին ինքն է կրակել, այլ ասել էր, թե միայն ներկա է եղել մահափորձի իմիտացիային եւ տեսել է 15-20 մետրից, թեեւ ժամանակին դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ Ա.Մարգարյանի ոտքերին կրակել էին ավելի մոտ տարածությունից: Ա.Մարգարյանի սպանության կամ, այլ կերպ ասած, «ինքնասպանության»՝ իշխանությունների հորինած ասքը մի օր, անշուշտ, բացահայտվելու է: Դա միայն ժամանակի խնդիր է: Բայց իշխանությունների գլխավոր նպատակը կոնկրետ այդ ողբերգական դեպքերի վերհիշման այս մի դեպքում հրապարակման, թերեւս, վերջին մեկ պարբերությունն է. «…կամ Վազգեն Սարգսյանն իսկապես անտեղյակ է եղել այդօրինակ մութ գործերից, կամ էլ՝ բարկացել է, որ իրավիճակը չի վերահսկվել եւ թույլ է տրվել այդ ամենը ջրի երես դուրս գա»: Զոհված վարչապետին եւս մեկ անգամ մրոտելը ու այս անգամ «գորշ գայլ» ներկայացնելը ներկայիս ռեժիմի համար մնում է թիվ մեկ գերխնդիր: Նույն այդ ռեժիմը, որ նույնանում է ղարաբաղյան կլան անվան հետ, երբեմն այնքան է տարվում դրանով, որ մոռանում է խոսել բարձրաստիճան պաշտոնյաներ Հենրիկ Խաչատրյանի, Արամ Կարապետյանի, Վահրամ Խոռխոռունու, նույն՝ Արծրուն Մարգարյանի, Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ այլոց սպանությունների համար իր պատասխանատվության մասին, որից, անշուշտ, չի խուսափելու ոչ ոք: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ