ԲԱՑԱԿԱ ՀԱՆՑԱԿԱԶՄ Եթե բացառապես պոլիգրաֆ հետազոտման արդյունքների հիման վրա որոշվեր մարդու մեղավորությունը կամ անմեղությունը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալ Հարություն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, պիտի դադարեցվեր ոչ թե 2000-ի հունիսի 16-ին, այլ 2000 թ. հունվարի 28-ին։ Հունվարի 28-ին կազմվել էր մինչ այդ՝ 4 օրվա ընթացքում, ընդհանուր տեւողությամբ՝ 9 ժամ անցկացված պոլիգրաֆ հարցման (ստի դետեկտորով հետազոտման) արդյունքների վերաբերյալ տեղեկանքը։ Անկախ Հարություն Հարությունյանի «այո» կամ «ոչ» պատասխաններից՝ ՀՀ ԱԱՆ մասնագետները հաստատված եւ ճշմարտացի էին համարել հետեւյալ եզրակացությունները։ Հարություն Հարությունյանը 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունների մասնակիցը չէ եւ այդ մասին նախապես տեղյակ չի եղել։ Նա որեւէ տեղեկություն չունի, թե բացի կալանվածներից էլ ով է աջակցել կամ կազմակերպել այդ ահաբեկչությունը։ Զինդատախազության կողմից պարզաբանման համար ներկայացված այս հարցին՝ «Պարզել, թե ըստ Հ. Հարությունյանի կարծիքի, ով պետք է դառնար ՀՀ վարչապետ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություններից հետո», ԱԱՆ մասնագետները առաջադրված թեստերից ստացված հոգեֆիզիոլոգիական ռեակցիաներով հաստատված էին համարել այս պատասխանը. «Հ. Հարությունյանն այդ հարցի վերաբերյալ որեւէ կարծիք կամ տեղեկություն չունի»։ Թեեւ նաեւ Նաիրի եւ Կարեն Հունանյաններն իրենց սկզբնական ցուցմունքներում (որոնցից 2000-ի մայիսին հրաժարվեցին) առանձնապես մեծ դերակատարություն չէին էլ վերագրել Հարություն Հարությունյանին։ Նրա հետ 2000-ի հունվարի 5-ի առերեսման ընթացքում Նաիրի Հունանյանն ուղղակի նշել էր. «Ալեքսան Հարությունյանն ինձ ասաց, որ «քո հետ կկապվի Հարութը՝ Տիգրանի տեղակալ, եւ քեզ երաշխիքներ կտա, որ ուղիղ եթեր կլինի»։ Այնուհետեւ մի քանի օր անց Հարություն Հարությունյանն ինձ զանգահարել է տուն եւ մենք հանդիպել ենք Բաղրամյան-Սարյան փողոցների հատման մասում։ Ես հարցրել եմ դահլիճից ուղիղ եթեր միացնելու հնարավորության մասին, որին նա պատասխանել է, որ հնարավոր է։ Ապա ես ասել եմ, որ մենք զինված մտնելու ենք, դահլիճը գրավենք եւ հեռուստատեսությամբ ժողովրդին կոչ անենք։ Եվ դա, այսինքն՝ ուղիղ եթերը, ցանկալի է, որ ժամը 17.00-ից արդեն լինի։ Նա ասել է, որ դա հնարավոր է եւ ինձ վստահեցրել, որ ուղիղ եթեր կապահովվի»։ Հարություն Հարությունյանը հերքել էր այս ամենը, եւ համակարգչային պոլիգրաֆով անցկացված հարցմամբ իրոք հաստատված էր համարվել, որ ահաբեկչական գործողությունների նախօրեին նա ոչ զանգահարել է, ոչ հանդիպել, ոչ էլ ուղիղ եթեր խոստացել Նաիրի Հունանյանին։ Եվ ընդհանրապես՝ «Հ. Հարությունյանը որեւէ մեկի հետ չի խոսել 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ն. Հունանյանին ուղիղ եթեր տրամադրելու մասին» եւ նա «որեւէ տեղեկություն չունի այն մասին, թե ինչու Ն. Հունանյանին 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություններից հետո ուղիղ եթեր չի տրամադրվել»։ Գործի նյութերում առկա այս եզրակացություններն ընթերցելով՝ իրարամերժ, հակասական տպավորություն ես ստանում. եթե իրոք Նաիրի Հունանյանի ցուցմունքները նախաքննական մարմնի հորինվածքն էին՝ ուրեմն քննիչները մի ձեռքով ապացույցներ էին ստեղծում, իսկ մյուսով՝ փաստորեն ոչնչացնո՞ւմ դրանք։ «Մնում եմ հաստատապես այն կարծիքին, որ Նաիրի Հունանյանը միտումնավոր իր սուտ ցուցմունքներով փորձում է շեղել նախաքննության ընթացքը»,- դեռ հունվարի 25-ին իր հարցաքննության ընթացքում գրել էր Հարություն Հարությունյանը։ Քննիչը հարցրել էր. «Դուք էլ գիտեք, եւ բոլորին է հայտնի, որ Ն. Հունանյանը մոտ, ընկերական հարաբերությունների մեջ է Տիգրան Նաղդալյանի հետ։ Եթե նա իրոք ցանկանում է շեղել քննության ընթացքը, ավելի արժանահավատ չէ՞ր լինի, եթե նշեր Տ. Նաղդալյանի անունը, մանավանդ որ, խոսքը վերաբերում է ուղիղ եթեր տրամադրելուն, որն ուղղակիորեն Տ. Նաղդալյանի իրավասությունն է։ Վերջապես ինչո՞ւ է նա Ձեզ մատնանշում»։ Հարություն Հարությունյանն ի պատասխան հաստատել էր, թե ինքն էլ գիտի, որ Հունանյանը մտերիմ էր Նաղդալյանի հետ եւ, որ նա չէր կարող չիմանալ, որ ինքն ուղիղ եթեր ապահովելու համար համապատասխան լծակներ ու դիրք չուներ. «Ն. Հունանյանը, համոզված եմ, որ գիտեր նաեւ, որ առանց տնօրենի գիտության ուղիղ եթեր չի կարող ապահովվել։ Բայց նաեւ հարկ եմ համարում նշել, որ Տ. Նաղդալյանը Նաիրիի համար եղել է իր ընկերական շրջանակներից այն մեկը, որը երբեք չի մերժել Նաիրի Հունանյանի ցանկությունները եւ բազմիցս տվել է նրան հնարավորություններ կյանքում կայանալու համար։ Ես Նաիրիի համար եւ նրա կյանքում որեւէ դերակատարություն չեմ ունեցել։ (…) Կրկնում եմ, Տ. Նաղդալյանը Նաիրիի համար եղել է այն ընկերը, որը երբեք չի մերժել Նաիրիին եւ ընդառաջել է նրան կյանքում կայանալու համար։ Հավանաբար Ն. Հունանյանը, պարտավորված լինելով եւ այդ նկատառումներից ելնելով, չի ցանկացել զրպարտել մի մարդու, որն իր համար արել է ամեն ինչ եւ եղել է լավ ընկեր»։ ԱԱՆ մասնագետները հաստատել են նաեւ, թե Կարեն Հունանյանն ու Հարություն Հարությունյանը, ինչպես վերջինս էր պնդել, զուտ գործի բերումով ծանոթներ էին (թեեւ կա նաեւ օպերատոր Կառլեն Չախալյանի ցուցմունքը, որ հանդիպելիս Հարությունն ու Կարենը ողջագուրվում եւ համբուրվում էին), եւ նրա բազմաթիվ այլ պատասխաններ։ Բայց այն հարցին, թե «արդյոք խոսե՞լ է Հ. Հարությունյանը Ն. Հունանյանի հետ 1999 թ. հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը», հետեւել է բավական ուշագրավ մի եզրակացություն. «Հնարավոր է, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն ինչ-որ մեկը խոսել է Ն. Հունանյանի հետ Հ. Հարությունյանի համաձայնությամբ»։ Այս պատասխանը եւ դրան առնչվող իրադարձությունները բավական հետաքրքրական նախապատմություն ունեն, որը կներկայացնենք մեր վաղվա համարում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ