Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական տուրիզմի բլեֆը

Հունվար 10,2002 00:00

Հայկական տուրիզմի բլեֆը Վերջապես հարկավոր է ուշադրություն դարձնել, որ զբոսաշրջության թեմայով արվող սիրողական մակարդակի դատողությունները պետք է հիմնավորվեն, այլապես դրանք կնմանվեն անիմաստ աղմուկ բարձրացնող կրակոցի։ Փորձենք որոշ հաշվարկներ անել եւ ըստ այդմ էլ եզրակացության հանգել։ Առաջին թիվը հետեւյալն է՝ 9 ամսվա մեջ մենք սպասարկել ենք 91 հազար զբոսաշրջիկի։ Եկեք այս թիվը բաժանենք 9 ամիսների, կստացվի 10.111 այցելու՝ մեկ ամսում, եթե այս թիվն էլ բաժանենք 30-ի, ապա կստացվի, որ ամեն օր Հայաստան է ժամանել 337 զբոսաշրջիկ, որոնց անհրաժեշտ է 9-11 հզոր ավտոբուս՝ ամեն օր նրանց սպասարկելու համար։ Հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ միջին զբոսաշրջիկը ամենաքիչը մեկ շաբաթ է մնում Հայաստանում, քանի որ հետադարձ ուղերթի ժամկետն է այդպիսին, բացի այդ, տուրիստական ֆիրմաների երթուղիները նման ձեւով են մշակված։ Իսկ հիմա եկեք բազմապատկենք 10 ավտոբուսը 7 օրով, կստանանք 70 ավտոբուս մեկ շաբաթում, սակայն այսօր Երեւանում դժվար թե գտնվի զբոսաշրջության համար նախատեսված այս քանակությամբ վերանորոգված ավտոբուսներ։ Եվ նույնիսկ եթե «Զբոսաշրջիկ» մակագրությամբ 70 ավտոբուս 9 ամիս շարունակ շրջեր երեւանյան եւ քաղաքամերձ փողոցներով, ապա դժվար թե մենք չնկատեինք դրանք։ Հիմա տեսնենք, թե ինչքան ֆիրմաներ են սպասարկել զբոսաշրջիկներին. դրանց թիվը հասնում է 40-ի։ Խոստովանենք, որ ոչ բոլորն են զբաղվում հյուրերի ընդունելությամբ։ Դրանցից շատերին միայն արտասահման են ուղարկում, մի քանիսն էլ պարզապես ավիատոմսերի վաճառքով են զբաղվում։ Այսպիսով, ամենաշատը 20 գործակալություն է մնում որպես այդպիսին։ Եթե 91.000-ը բաժանենք 20 ֆիրմաների, ապա յուրաքանչյուրին բաժին կընկնի 4500 զբոսաշրջիկ եւ եթե դա էլ բաժանենք 9 ամիսների, ապա կստանանք 500։ Եթե սա էլ բաժանենք ամսվա 4 շաբաթների, ապա կստացվի, որ շաբաթական 125 այցելու ենք ընդունել։ Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր գործակալություն 9 ամիս շարունակ անընդհատ օգտագործել է 4 մեծ ավտոբուս։ Մի՞թե սա բլեֆ չէ։ Թող արձագանքի այն ֆիրման, որը կարող է այս ձեւով անընդհատ աշխատել, ինձ թվում է այդ ֆիրմային պետք է պարգեւատրել Հայաստանում տուրիզմի զարգացմանը նպաստելու համար։ Լ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել