ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ՉԵՄՊԻՈՆՆ ՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ Ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանրապետության չեմպիոնի եւ րցանակակիրների պաշտոնական մեծարումը կատարեց դեկտեմբերի 29-ին՝ ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում։ Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանը, շնորհավորելով ներկաներին, նշեց, որ միջոցառումը համատեղ կազմակերպել որոշել են ֆեդերացիան, «Փյունիկ», «Զվարթնոց» եւ «Սպարտակ» ակումբների ղեկավարները։ Նա հակիրճ անդրադարձավ մրցաշրջան-2001-ին, որն ընթացավ բավականին դժվար։ Սակայն, բարեբախտաբար, թիմերի ճնշող մեծամասնությունն իր մեջ ուժ գտավ ի շահ ֆուտբոլի վեր կանգնել նեղ անձնական ամբիցիաներից։ Սուրեն Աբրահամյանը վստահեցրեց, որ ֆուտբոլի ֆեդերացիան իր հնարավորությունների սահմաններում անում է ամեն բան, որպեսզի հանրապետության ստադիոններում ֆուտբոլային ճակատամարտերն անցնեն ազնիվ պայքարում։ Նա միանշանակ մերժեց տարածվող այն լուրերը, թե ֆեդերացիան ունի, այսպես կոչված, «իր թիմերը», միջամտում է մրցավարությանը, պատվերներ տալիս։ Նրա խոսքից միանշանակ հասկացվում էր, որ ֆեդերացիան ինքն է պայքարում նման երեւույթների դեմ եւ այդ հարցում զգում է ակումբների աջակցության կարիքը։ Իսկ այն, որ եղել են մրցավարության հետ կապված խնդիրներ, դա, ցավոք, անխուսափելի երեւույթ է ֆուտբոլում ընդհանրապես։ ՀՖՖ նախագահը, շնորհավորելով Հայաստանի հոբելյանական՝ 10-րդ առաջնության չեմպիոն «Փյունիկ» թիմին, երկրորդ մրցանակակիր «Զվարթնոցին» եւ երրորդ տեղը գրաված Երեւանի «Սպարտակին», ինչպես նաեւ առաջին լիգայի առաջնության հաղթող «Մալաթիային», նրանց, ինչպես նաեւ մյուս բոլոր թիմերին հաջող մրցելույթներ մաղթեց հանրապետության հերթական առաջնություններում, Եվրոգավաթների խաղարկություններում։ Նա նաեւ վստահություն հայտնեց, որ եթե բոլոր ակումբներն իրենց հնարավորությունները ծառայեցնեն մարզաձեւին, Հայաստանում ֆուտբոլի պահպանմանն ու զարգացմանը, ապա հեռու չի լինի այն օրը, երբ հայկական ֆուտբոլը նույնպես իր արժանի տեղը կունենա Եվրոպայի ֆուտբոլային զարգացած երկրների շարքում։ Այնուհետեւ ՀՖՖ նախագահը ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ հանձնեց «Փյունիկին», «Զվարթնոցին» եւ «Սպարտակին»։ Միջոցառմանը մասնակցեցին նաեւ մշակույթի եւ արվեստի գործիչներ, որոնց ելույթները բարձր տրամադրություն եւ տոնականություն հաղորդեցին արարողությանը։ Չեմպիոնը նախապատրաստվում է Մեծարումը՝ մեծարում, սակայն «Փյունիկն» իր առջեւ հետագայի լուրջ ծրագրեր է դրել։ 2002 թվականն ակումբի համար ավելի պատասխանատու է լինելու։ Ակումբի երկրպագուները ֆուտբոլիստներից հաջող մրցելույթներ են ակնկալում նաեւ միջազգային ասպարեզներում։ Հայաստանի քառակի չեմպիոնի առաջին նմանատիպ մեկնարկը լինելու է հունվարի 19-ին Մոսկվայում մեկնարկող «Համագործակցության գավաթի» հերթական խաղարկությունը, որին մասնակցելու է չորրորդ անգամ։ Առաջին հավաքը թիմը Սամվել Դարբինյանի գլխավորությամբ անցկացրել է դեռեւս դեկտեմբերին՝ Ծաղկաձորում։ Կարճատեւ հանգստից հետո նախատեսված էր երկրորդ հավաքը կազմակերպել Սոչիում, սակայն ծովափնյա այդ քաղաքում անբարենպաստ եղանակի պատճառով «Փյունիկը» ստիպված եղավ փոխել ծրագիրը եւ մնալ տանը։ Այժմ փյունիկցիները մարզվում են Արարատ քաղաքի «Այգ» հոյակերտ մարզաբազայում։ Մարզումներից զատ նախատեսված են նաեւ ընկերական հանդիպումներ։ Թիմը հիմնականում պահպանել է կորիզը։ Հեռացել են երեք ֆուտբոլիստներ, որի մասին ընթերցողին արդեն տեղյակ պահել ենք։ Հարազատ կոլեկտիվ է վերադարձել Արամ Ոսկանյանը (Կալինինգրադի «Բալթիկայից»)։ «Փյունիկի» կազմը համալրել է երիտասարդական եւ ազգային հավաքականների ու «Արարատի» պաշտպան Աղվան Մկրտչյանը։ Հայաստանում են ու բոլորի հետ միասին մարզվում են բոլոր վեց լեգեոներականները։ Ընդ որում, հույս կա, որ նրանց թիվը կավելանա։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ