Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՍ ԽՄՈՐԸ ՇԱՏ ՋՈՒՐ ԿՎԵՐՑՆԻ

Հունվար 10,2002 00:00

ԷՍ ԽՄՈՐԸ ՇԱՏ ՋՈՒՐ ԿՎԵՐՑՆԻ Պրն Ճգնավորյանի մեջ չի մարում ավանտյուրիստի ոգին Երկարատեւ ժամանակահատված այս հայտարարությունն էր տեղ գտել օպերայի մոտ գտնվող ամանորի ազդագրերի կողքին։ Մի խոսքով, Լորիս Ճգնավորյանը ստեղծեց կամերային նվագախումբ՝ «Հայաստանի վիրտուոզներ»։ Վերջինս հունվարի 10-ից փետրվարի 21-ը կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացվող ամենամյա «Ֆաջր» ավանդական փառատոնին։ Ըստ հավաստի տեղեկությունների, որը հաստատեց ֆիլհարմոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի գլխավոր տնօրեն Նիկա Բաբայանը, նորաստեղծ կամերային նվագախմբի կոնցերտմայստերն է ֆիլհարմոնիկ նվագախմբի արդեն նախկին կոնցերտմայստեր Յուրի Պողոսյանը, նույն ինքը՝ Պյուխը։ Նորաստեղծ նվագախմբի կազմում են ֆիլհարմոնիկի հինգ երաժիշտներ։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի իր առանձնասենյակում հանդիպեցինք պարոն Բաբայանին։ – Մտահոգվա՞ծ եք… – Բացարձակ։ Հանրա հայտ ճշմարտություն է՝ անփոխարինելի ոչ ոք կամ ոչինչ չկա։ Էս ամեն ինչի ձեւն է սխալ։ Այսինքն՝ պարսկական կողմը պաշտոնապես պետք է դիմեր մեզ, կոնկրետ կոնցերտմայստերի հարցով եւ երաժիշտների՝ նույնպես։ Ստացվում է, որ մեր լավագույն երաժիշտները դիմում են ավանտյուրայի։ Ես մերժել եմ Յուրի Պողոսյանի դիմումը, որով նա խնդրում էր իր հաշվին արձակուրդ 2002 թվականի հունվարի 9-ից փետրվարի 29-ը։ Ըստ դիմումի՝ նա մեկնում էր Իրան՝ Master Class-ների եւ ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ բացակայությունը կարող է տեւել 14 օր եւ ոչ ավելի։ Ձեր հարցին՝ մտահոգվա՞ծ եք, ճիշտ է, պատասխանեցի՝ բացարձակ, բայց այստեղ մի բայց կա։ Ամանորի հանդեսներից հետո սկսում ենք, ավելի ճիշտ՝ շարունակում ենք մեր համերգաշրջանը։ Փետրվարի 1-ից 6-ը կանցկացվեն լսումներ… Կրկնում եմ՝ սա ձեւ չի, անթույլատրելի է նման աշխատակարգը, այն էլ կոնցերտմայստերի կողմից։ Կամ ի՞նչ է նշանակում «Հայաստանի վիրտուոզներ» անվանումը, որը կրում է կամերային նվագախումբը։ «Հայաստան» բառը այս դեպքում պետք է գործածվեր միայն ՀՀ արդարադատության նախարարության որոշման հիման վրա։ Ի՞նչ եք կարծում, կարճատեւ փորձերից հետո, նորաստեղծ անսամբլը հավուր պատշաճի՞ կներկայացնի մեր մշակույթը, Հայաստանը… Ես ակնկալում եմ ձեր հաջորդ հարցը։ Պատասխանեմ՝ մեր փորձերը, համերգները նորմալ կընթանան։ Փառք Աստծո, ունենք աշխարհով մեկ հայտնի կոնսերվատորիա, ասել է թե՝ հիանալի, բարձրակարգ երաժիշտներ։ Հավատացնում եմ՝ բաց, թափուր աթոռներ նվագախմբում չեն լինի։ Հրավիրում ենք այս տարվա մեր առաջին համերգին։ – Եթե հանդիպեիք երես առ երես Լորիս Ճգնավորյանին, ի՞նչ հարց կամ հարցերի պատասխաններ կուզեիք լսել։ – Տեղին հարց էր։ Կարիք ունենք պարզաբանելու, թե ի՞նչ համերգասրահների, փառատոների, գործակալությունների հետ է համագործակցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն անցած տարիների ընթացքում եւ կխնդրեի ներկայացնել ՀՖՆ-ի 1989-1998թթ. հյուրախաղերի պայմանագրերը, բացառությամբ 1996թ. ԱՄՆ-ում կայացած ՀՖՆ-ի հյուրախաղերի, որոնց կազմակերպիչն էր ՀԲԸՄ-ն։ Կխնդրեի պարզություն մտցնել Honeywell ընկերության Աթենքի մասնաճյուղի՝ Հայաստանի ֆիլհարմոնիկին նվիրած ձայնագրման ստուդիայի ճակատագրի հարցում եւ վերադարձնել ստուդիան իրական տիրոջը։ Կխնդրեի նվագախմբին վերադարձնել ՀՖՆ-ի 200-ից ավելի համերգների տեսաերիզները, որոնք, ի դեպ, հանդիսանում են ՀՖՆ-ի սեփականությունը եւ բնականաբար չեն կարող գտնվել մասնավոր անձի տրամադրության տակ։ Կամ կպարզաբանեինք ՀՖՆ-ի, ASV եւ Hyperion ընկերությունների միջեւ գոյություն ունեցող ֆինանսական փոխհարաբերությունները եւ այլն, եւ այլն։ – Այսինքն նախկին ֆիլհարմոնիկի տնօրինության եւ Ձեր միջեւ ժամանակին չի կատարվել, ինչպես ընդունված է, գործերի հանձնում եւ ընդունում։ – Ճիշտ այդպես։ Պարզ բան է, որ այստեղ միայն ֆինանսի խնդիր է։ Այո, տեղին է անգլիացի մեծ մտածող Բաթլերի հետեւյալ միտքը. «Հենց որեւէ մեկն արվեստում սկսում է աշխատել հանուն փողի՝ մնաս բարով, լավ ստեղծագործության հույս»։ Եվ էս խմորը դեռ շատ ջուր կվերցնի… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել