Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանկային խճանկար

Հունվար 10,2002 00:00

Բանկային խճանկար Ամանորի առաջին նամակը Վերջին հույսս կորցրած ստիպված գրում եմ Ձեզ, որպեսզի Ձեր ձայնը բարձրացնեք հանուն արդարության եւ օգնեք ինձ եւ իմ ընտանիքի անդամներին չմնալ անօթեւան («Էխո» եւ «Էկո» բանկի աշխատակիցների ապօրինի գործարքների հետեւանքով)։ Չունենալով այլ հնարավորություն, փորձում եմ մամուլի միջոցով ներկայացնել իրականությունը եւ իրազեկել, որ վերոնշյալ բանկի աշխատակիցները եւ հետագա գործընթացներին մասնակից «Արմենիկումի» տնօրեն Լեւոն Գեւորգյանը, կատարելով մի շարք հանցագործություններ, թաքնվում են պաշտոնատար անձանց թիկունքում՝ ասելով, որ «իրենց դեմ խաղ չկա», քանի որ իրենք հովանավորներ ունեն եւ նրանք էլ կօգնեն դատարաններում դատերը շահելու։ Պատմությունը հետեւյալն է. 1994-ին «Էխո» եւ «Էկո» բանկի կառավարիչ Արմենակ Տեր-Արսենյանը ամուսնուս՝ Ռ. Տեր-Գրիգորյանին պարտք է տալիս 30000 դոլար, որից 5000-ը որոշ ժամանակ անց վերադարձնում է։ Չկարողանալով մնացած գումարը մարել, ամուսինս Ա. Տեր-Արսենյանին տալիս է լիազորագիր, որպեսզի նա կամ վաճառի, կամ վարձակալության հանձնի մեր բնակարանը՝ վերցնելով իր պարտքը, մնացած գումարը հանձնի մեզ։ Օգտագործելով լիազորագիրը, առանց մեզ տեղյակ պահելու, նա անմիջապես տունը ձեւական վաճառքի պայմանագրով ձեւակերպում է իր իսկ բանկի աշխատակից Ալբերտ Ալեքսանյանի անվամբ։ Որոշ ժամանակ անց, վերջինս նորից կեղծ վաճառքի պայմանագրով վերաձեւակերպում է ոմն Հակոբ Աբաջանի անվամբ (մեր կողմից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն այդպիսի մարդ գոյություն չունի, անձնագրում նշված հասցեն նույնպես գոյություն չունի), այսինքն ստեղծել են մի կեղծ սովետական անձնագիր եւ այս անձնագրով նոտարական գրասենյակը հաստատել է առք ու վաճառքի գործարք, իսկ անշարժ գույքի կադաստրը տվել է սեփականության վկայագիր։ Երբ մեզ հայտնի դարձավ այս բոլորի մասին, մենք ստիպված քաղհայցով դիմեցինք դատարան, ուր մեր պահանջը բավարարվեց եւ անվավեր ճանաչվեցին վերը հիշատակված երկու գործարքները։ Որոշ ժամանակ անց, «Էխո» եւ «Էկո» բանկի աշխատակիցներ Ա. Տեր-Արսենյանի եւ Ա. Ալեքսանյանի կեղծիքների շարանը սկսում է իրականացնել «Արմենիկումի» տնօրեն Լեւոն Գեւորգյանը։ Քաջատեղյակ լինելով, որ դատարանը շուրջ 1 տարի է անվավեր է ճանաչել առք ու վաճառքի բոլոր գործարքները, նորից կեղծ առք ու վաճառք են ձեւակերպում այս անգամ արդեն գոյություն չունեցող Հակոբ Աբաջանի եւ Լեւոն Գեւորգյանի միջեւ։ Նշեմ, որ Հ. Աբաջանի անունից հանդես է եկել լիազորված անձ Վլադիսլավ Խակիկյանը, որը լիազորվում է Հ. Աբաջանի հայկական անձնագրով՝ տրված իբր 1996թ.։ Լեւոն Գեւորգյանը օգտագործելով իր լծակները, առանց մեր գիտության, տան բոլոր իգական սեռի ներկայացուցիչներին հանում է գրանցումից եւ հայցադիմում ներկայացնում դատարան՝ պահանջելով, թե իբր նա տունը գնել է եւ խնդրում է տան արական սեռի ներկայացուցիչներին հանել գրանցումից։ Դատարանը նրա հայցը բավարարում է, իսկ ամուսինս ստիպված բողոքարկեց վերաքննիչ դատարան, որի քննությունը կասեցված է, քանի որ նոր հայց եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան 3-րդ առք ու վաճառքը անվավեր ճանաչելու պահանջով։ Այս հայցը նույնպես կասեցված է, քանի որ Լեւոն Գեւորգյանը նորից ջանք չի խնայել իր լծակներն օգտագործել եւ այս անգամ վճռաբեկ դատարանում բեկանել է տվել 2000թ. մեր օգտին կայացրած վճիռը եւ գործը ուղարկվել է նոր քննության՝ վերաքննիչ դատարան։ Տարիներ շարունակ լինելով դատական քաշքշուկների մեջ, ձեռք ենք բերել բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ապացուցում են նրանց գործողություններում ծանր քրեական էլեմենտներ։ Դեռեւս 1995-ին դիմել ենք եւ դատախազություն, եւ ՆԳՆ, եւ ԱԱՆ, բայց միայն վերջերս մեր գրած դիմումին դատախազությունը պատասխանել է, որ արդեն Ա. Տեր-Արսենյանին եւ Ա. Քալանթարյանին հարուցված է քրեական գործ 89 հ. 4 մասով եւ մեր գործը ուղարկել էին կցելու այդ գործին` համալիր քննություն կատարելու համար։ Բայց քննիչը, չգիտես ինչու, դիմումն ուղարկեց քաղաքի դատախազությունից մեր շրջանի դատախազություն, պատճառաբանելով, որ հարուցված քրգործը կապ չունի մեզ հետ, այսինքն անտեսեց այն հանգամանքը, որ հարցն առնչվում է նույն բանկի նույն աշխատակիցներին եւ գործը, ըստ էության, նույնաբովանդակ է, միայն դերերն են փոխված։ Հիշեցնեմ, որ հարուցված քրգործը կապված է Ալբերտ եւ Անահիտ Հակոբյանների սեփական տան հետ (Այգեստան 2, 9 փ.), որն առնչվում է նույն՝ Իրանի դեսպանատան հետ։ Նշեմ, որ այս բանկի աշխատակիցների խարդախությունների պատճառով տուժել են եւ իրենց տնից զրկվել բազմաթիվ ընտանիքներ։ Ընթերցելով վերը շարադրվածը, հուսով եմ, այսուհետ հանրապետության նախագահը եւ պաշտպանության նախարարը թույլ չեն տա շահագործել իրենց անունները եւ կատարել բացահայտ ապօրինություններ՝ քողարկվելով իրենց թիկունքում։ Օգտվելով առիթից, դիմում եմ մեր քաղաքացիներին, որոնք տուժվել են «Էխո» եւ «Էկո» բանկի աշխատակիցների ապօրինի գործարքներից. միացեք մեզ՝ պայքարելու այս հանցագործների դեմ։ ԼԱՐԻՍԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել