Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇՔՇՈՒԿԻՑ ԲՈՒՀԵՐԸ ԿԽՈՒՍԱՓԵ՞Ն

Հունվար 10,2002 00:00

ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇՔՇՈՒԿԻՑ ԲՈՒՀԵՐԸ ԿԽՈՒՍԱՓԵ՞Ն Պետական անվանվող բուհերն իրենց ֆինանսական ծախսերի միայն 30%-ն են պետական բյուջեի հաշվին հոգում։ Հիմնականում վճարովի ծառայություններից (ուսման վարձեր, տարածքների վարձակալման վճարներ եւ այլն) ստացված գումարների շնորհիվ գոյատեւող բուհերը չունեն այնպիսի հստակ կարգավիճակ, որը կերաշխավորեր արտաբյուջետային միջոցներ աշխատելու եւ դրանցից օգտվելու նրանց իրավունքը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, պետական հիմնարկի կարգավիճակ ունեցող բուհերը, չլինելով իրավաբանական անձ, չէին կարող ունենալ բանկային հաշիվ, կնիք եւ այլ ատրիբուտներ։ Սակայն իրականում այս ամենն ունեին եւ մոտ երկու տարի առաջ ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքում էլ կետ կա, ըստ որի պետական ուսումնական հաստատություններն ունեն հաշվեկշիռ, նախահաշիվ եւ բանկային հաշիվ։ Փաստորեն, այդ իրավունքը մի օրենքով երաշխավորվում է, մյուսով՝ բացառվում։ Այս պատճառով էլ բուհերը, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո պետք է գրանցվեին, չէին գրանցվում։ Գանձապետարանների եւ գնումների մասին ՀՀ օրենքներն առավել սահմանափակում են բուհերի ֆինանսական գործունեությունը։ Բուհերը փաստորեն օրենք են խախտում՝ ունենալով հաշիվ ոչ թե գանձապետարանում, այլ՝ առեւտրային բանկերում։ Օրենսդրական այս հակասությունը ենթադրվում է, որ կլուծվի շահույթի նպատակ չհետապնդող պետական կազմակերպությունների մասին վերջերս ընդունված օրենքով։ Ըստ դրա՝ ուսումնական եւ գիտական հաստատությունները եւս կստանան նոր՝ շահույթի նպատակ չհետապնդող պետական կազմակերպության կարգավիճակ եւ, որպես իրավաբանական անձ, կունենան նախահաշիվ, բանկային հաշիվ եւ այլն։ Փաստորեն, սրանով թերեւս փարատվի պետական բուհերի մտահոգությունը, թե վճարովի ծառայություններից հավաքված գումարները գանձապետարան մուտք կարվեն։ Այդ դեպքում, ինչպես երեկ մեզ հետ զրույցում նշում էին բուհերի ռեկտորները, կդժվարանա իրենց գումարները հետ ստանալու գործընթացը, քանի որ գանձապետարանում միշտ փող չի լինում։ Այժմ բուհերը իրավունք են ստանում առեւտրային բանկերում բացված իրենց հաշիվներում պահել այդ գումարները եւ վերցնել, երբ ցանկանան։ Սակայն առայժմ այդ իրավունքից լիովին կարող է օգտվել միայն Մայր բուհը, քանի որ ԵՊՀ-ի կանոնադրությունն արդեն հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ։ Այս մասին տեղեկացանք ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանից։ Պրն Մարտիրոսյանը եւս նշեց, որ օրենսդրական դաշտի կարգավորումը կհստակեցնի իրենց ֆինանսական գործունեությունը եւ այս նոր կարգավիճակը, որի համար պայքարում էին բուհերը վերջին տարիներին, կնպաստի ֆինանսական խնդիրների կարգավորմանը։ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը եւս համամիտ էր, որ նոր կարգավիճակը նախընտրելի է բուհերի համար։ Սակայն մինչեւ այդ կարգավիճակը ստանալը բուհերը պետք է իրենց կանոնադրությունները հաստատեն՝ մինչդեռ ՀՀ կառավարությունը դեռեւս չի հաստատել օրինակելի կանոնադրություն, որի հիման վրա բուհերը պետք է իրենց կանոնադրությունները մշակեն։ Օրինակելի կանոնադրությունը պետք է ԿԳՆ-ն մշակի եւ ինչպես նկատեց ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, շահույթի նպատակ չհետապնդող պետական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի եւ նորմատիվ փաստաթղթերի ընդունման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Կա այս առնչությամբ ՀՀ կառավարության հանձնարարականը եւ նախարարությունները պետք է անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը կազմեն։ Սակայն մինչ այդ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը գրություն է ուղարկել ԿԳՆ-ին՝ հիշեցնելով, որ բուհերը պարտավոր են գանձապետարաններում հաշիվ ունենալ, այլ ոչ թե առեւտրային բանկերում եւ սպառնացել, որ եթե նրանք մինչեւ հունվարի 15-ը իրենց հաշիվները չտեղափոխեն, ֆիննախը այլ քայլեր կձեռնարկի։ ԿԳՆ-ն դիմել է ՀՀ վարչապետին խնդրանքով՝ կասեցնել այդ գործընթացը, մինչեւ օրենսդրական դաշտի կարգավորումը։ Ի վերջո, կանոնադրությունները հաստատելուց ու գրանցելուց հետո, այսինքն՝ շատ մոտ ապագայում, բուհերը կունենան բանկային հաշիվ բացելու իրավունք։ Դրանք գանձապետարան, հետո նորից առեւտրային բանկ տեղափոխելը պարզապես ավելորդ քաշքշուկ է։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել