Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԻՐԻՐ ՄԵՐՁԱՎՈՐԻԴ։ ԳՈՆԵ ՄԻ ՔԻՉ

Հունվար 10,2002 00:00

ՍԻՐԻՐ ՄԵՐՁԱՎՈՐԻԴ։ ԳՈՆԵ ՄԻ ՔԻՉ «Բարեգործություն անել չի նշանակում անպայման գումար ծախսել, բարեգործության համար կարելի է ծախսել պարզապես սեփական ժամանակը»,- գտնում է ամերիկացի նախկին փաստաբան Քարմեն Բալլարդը։ Կարելի է պարզապես գնալ մանկատուն եւ երեխաների համար մեկ ժամ հեքիաթ կարդալ։ Ճիշտ է, կան մարդիկ, որոնց գործը հենց դա է՝ դաստիարակներ, մանկավարժներ, սակայն ըստ տիկին Բալլարդի, ծնողազուրկ մանուկների համար շատ կարեւոր է զգալ, որ ինչ-որ մեկը իրենց սիրում եւ իրենց մասին հոգ է տանում ոչ իր գործի պարտադրանքով։ Ինչպես տիկինն է ասում, նման բարի մղումներով հայտնվելով Հայաստանում, ինքը չգիտի ինչպես վարվել այսուհետեւ։ Նա մեր երկար զրույցի ընթացքում չօգտագործեց հիասթափվել բառը, սակայն անդադար ձեռքերը կողմ տարածելն ու ուսերը թոթվելը երեւի ավելի շատ հենց այդ նշանակությունն ունեին։ Բարեգործություն ասվածը մեզ համար հենց մեծ-մեծ փողեր ծախսելն է, իսկ նման առաքելություն իրականացնող օտարերկրացին, մեր պատկերացմամբ, այնքան փող ունի, որ դրանք աղբարկղը նետելու փոխարեն տալիս է, ասենք, ինչ-որ ծերանոցի։ Մեր այս մտածելակերպը տիկին Բալլարդին խանգարում է ե՛ւ ուղղակի, ե՛ւ անուղղակի։ Քարմեն Բալլարդը պատմում է, որ մի անգամ բակում կանգնեցրած իր մեքենայից գողացել են ռադիոընդունիչը, ինչը սարսափելի չի համարում, իհարկե։ Երկրորդ գողությունը՝ մեքենայի լուսարձակների ապակիների անհետացումը նշանակալից, բայց դարձյալ սարսափելի չի համարում։ Երրորդ եւ ամենավտանգավոր կորուստը տիկին Բալլարդը հայտնաբերել է Վանաձորից հետդարձի ճանապարհին։ Երբ ձյունամրրիկ է սկսվել, տիկինը պարզել է, որ բացակայում են դիմապակիները մաքրող խոզանակները։ «Ես միայնակ էի, լեռնային ամայի ճանապարհ էր։ Մեքենան շատ դանդաղ էի վարում, առանց տեսնելու ճանապարհը, լույսերն անընդհատ թարթելով, որ հանդիպակաց մեքենաները զգուշանան։ Այնքան սարսափելի էր,- պատմում է Քարմեն Բալլարդը։- Այստեղ կարծում են, եթե օտարերկրացի ես, ուրեմն շատ ապահովված ես։ Իսկ եթե բարեգործություն էլ ես անում, ուրեմն քեզ հանգիստ կարելի է թալանել»։ Տիկինը հավատացնում է, որ մեծացած լինելով հասարակ բանվորի ընտանիքում եւ մեծ մասամբ՝ բարերարների նվիրատվություններով, ինքը գիտի բարեգործության, ուրիշի մասին հոգ տանելու արժեքը։ Հետագայում փաստաբան դառնալով՝ նա հավատացնում է, որ չի մոռացել կարիքավորների եւ անվճարունակների մասին։ Այժմ Հայաստանում մանկատների սաների համար գիշերային պիժամաների փոքրիկ արտադրություն կազմակերպելուն զուգընթաց, Քարմեն Բալլարդը շարունակում է իր ժամանակից ու հոգատարությունից էլ նրանց բաժին հանել՝ հավատացնելով, որ ինքն ամենեւին ունեւոր մարդ չէ։ «Ողջ ամերիկյան հասարակությունն է հիմնված բարեգործության գաղափարի վրա,- ասում է տիկին Բալլարդը,- գրեթե բոլոր եկեղեցիներն ընդգրկված են բարեգործական գործունեության մեջ։ Իսկ ամերիկյան ընտանիքները խիստ կապված են իրենց թեմական եկեղեցիներին»։ Տիկինը զարմանում է, որ 1700 տարվա քրիստոնեական ավանդույթներ ունեցող ժողովուրդն այսքան կտրված է եկեղեցուց, ուր հաճախում է առիթից առիթ՝ շատ հազվադեպ։ Քրիստոնեությունը առաջինն ընդունած ժողովրդի մեջ տիկին Բալլարդը փնտրում ու գրեթե չի գտնում դիմացինի նկատմամբ սեր, հոգատարություն, կարեկցանք։ Թեեւ հավաստիացնում է, որ լավ մարդկանց շատ է հանդիպում, բայց նրանք բոլորն ապրում են ամեն մեկն իր համար։ Ոչ ոք չի ուզում ոչինչ եւ հատկապես իր ամենաթանկարժեք բանը՝ ժամանակը, ծախսել ուրիշի վրա։ Մինչդեռ, ըստ տիկին Բալլարդի, բարեգործություն անելը շատ հեշտ է։ «Եթե մարդուն ասես՝ ուզում ենք ծերանոց գնալ եւ ծերերի համար տոնական հավաքույթ կազմակերպել, կարո՞ղ ես տորթերն ապահովել, նա հաստատ կհրաժարվի։ Իսկ եթե յուրաքանչյուրին ասես՝ այս օրը, այսինչ ժամին կարո՞ղ ես մեկ տորթ բերել այսինչ տեղը, նրան դա շատ պարզ ու հասարակ կթվա եւ նա կանի։ Մեկը, երկուսը՝ մի տասը հոգով հաստատ տորթերով կապահովեն ծերերի մի երեկոն»։ «Իսկ ի՞նչ դժվար է կես ժամ խաղալ մանկատան երեխաների հետ եւ հետո գնալ քո գործերին»,- հարցնում է տիկին Բալլարդը։ Եվ ավելացնում, որ ինքը հուսով էր այստեղ ինչ-որ հետեւորդներ գտնել, ինչ-որ համակիրներ, սակայն այդ կենցաղային մանր կողոպուտներից սկսած՝ այստեղ ամեն ինչ իրեն հիմնականում հուսահատության է մատնում։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել