Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԱՇՉՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼԸ

Հունվար 10,2002 00:00

ԹԱՇՉՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼԸ Առանձնապես խոշոր չափերի չարաշահումներ կատարելու համար մինչեւ տարեվերջ պիտի մեղադրանք առաջադրվեր 1993-1995 թվականներին Հայաստանի էներգետիկայի ոլորտը համակարգող պետնախարար, ԱՄՆ-ի քաղաքացի Սեպուհ Թաշչյանին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանին տեղեկություններ հաղորդած աղբյուրի, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ պետնախարարը, չարաշահելով պաշտոնական դիրքը, մի շարք էական թերություններով ու սխալներով է պայմանագիր ստորագրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ՝ Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 5-րդ էներգետիկ բլոկի շինարարությունն ավարտելու եւ շահագործելու վերաբերյալ: Արդյունքում ձախողվել եւ առ այսօր ավարտին չեն հասցվել էներգաբլոկի շինարարական աշխատանքները: Պետությանը հասցված վնասի չափերը ճշտվում են: Պայմանագրով նախատեսված 57.4 մլն դոլարը պետք է տրամադրեր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, իսկ 25.5 մլն դոլարը՝ Հայաստանի կառավարությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալներով, պետնախարարը, առանց հայ մասնագետների հետ խորհրդակցելու եւ նրանց բանակցային փուլում ընդգրկելու, սխալ հաշվարկներ է կատարել, չի հստակեցրել ֆինանսական աղբյուրները, գումարի հատկացման կարգն ու հերթականությունը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի, սխալն այնքան ակնհայտ ու աչք ծակող է, որ հազիվ թե պետնախարարը այն նկատած չլիներ: Առայժմ պարզ չէ, թե այս գործով ուրիշ բարձր պաշտոնյաներ ունե՞ն, արդյոք, մեղքի իրենց բաժինը: Պարզ չէ նաեւ, թե մեղադրանքն առաջադրելուց հետո ինչպես են նախկին պետնախարար Սեպուհ Թաշչյանին պատասխանատվության ենթարկելու կամ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու, քանի որ իշխանափոխությունից հետո Թաշչյանը հեռացել է Հայաստանից ու ներկայումս ապրում է ԱՄՆ-ում: Ըստ «Ազատություն ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել