Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքները եւս «ձեռքբերում» են

Հունվար 10,2002 00:00

Մարդու իրավունքները եւս «ձեռքբերում» են 2001 թվականի արտաքին քաղաքականության հաջողությունները նշելիս ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հատուկ որոշել էր սխալների մասին չխոսել, այլ՝ ձեռքբերումները նշել։ Նախարարը վիճելի կարծիք ունի սխալների մասին։ Նա գտնում է, որ սխալների մասին չարժե խոսել, պետք է գործ անելով առաջ գնալ։ Այդպիսով, ըստ նախարարի, սխալներն էլ կշտկվեն։ Եթե երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնող մարմնի ղեկավարն է այսպիսի կարծիքի, մանավանդ մի երկրի, որի արտաքին քաղաքականությունը լուրջ խնդիր ունի լուծելու՝ հանձին Ղարաբաղի հիմնահարցի, ապա պարզ է, որ սխալ կլինի անուշադրության մատնել արտաքին քաղաքականության սխալները։ Հնարավոր է, դրանք ճակատագրական կարող են դառնալ։ Ի դեպ, որպես 2001 թ. «ձեռքբերում» էր նշված նաեւ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցող անցուդարձը։ Համաձայն ենք, որ Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին 2002-2004 թթ. համար, իրոք, լավ փաստ է։ Սակայն հայաստանցու համար գաղտնիք չէ, որ իր իրավունքները շարունակում են մնալ նույնքան անպաշտպան եւ ոտնահարված, որքան մինչ այդ։ Դեռ ոչինչ չի նշանակում այն, որ 2001-ին Հայաստանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված բազմաթիվ միջազգային համաժողովների եւ հանդիպումների։ Ոչինչ չի նշանակում, քանի որ Հայաստանում յուրաքանչյուր քիչ թե շատ քաղաքական կամ տնտեսական, գրողական կամ լրագրողական «գործիչ» պարզապես անպաշտպան է ցանկացած հեռախոսային խոսակցություններին «ականջ դնողների», «ժուչոկների» մասնագետների եւ այլնի հանդեպ։ Թեպետ սկսված է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի» մշակումը, բայց մենք հո գիտենք, որ որեւէ ծրագիր մեզ չի փրկի։ Միեւնույն է, շարունակվելու է մարդու իրավունքների ոտնահարման բուռն գործընթացը նաեւ այս տարի, եւ դա արտահայտվելու է նաեւ հիշյալ կերպ՝ հասարակության շերտավորումը խորանալու է, ծայրահեղ աղքատներն ու ծայրահեղ հարուստները շարունակելու են քշվել տարբեր բեւեռներ, բայց իշխանությունների կողմից ներկայացվելու է այնպես, որ, իբր թե, կյանքը լավացել է, տնտեսական աճ կա, ինչ-որ X թվով աշխատատեղեր են բացվել, եւ այս ոգով բազմաթիվ այլ հեքիաթներ են հնչելու։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել