Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ

Հունվար 10,2002 00:00

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ Նոր՝ 2002 թվականը ներքաղաքական ակտիվություն է խոստանում՝ արդեն անկախ քաղաքական այս կամ այն ուժի կամ գործչի կամքից ու հայտարարություններից: Քաղաքական սպասվող ակտիվությունն, իհարկե, նախեւառաջ պայմանավորված է լինելու տեղական ինքնակառավարման մարմինների՝ այս տարի սպասվող ընտրություններով, նաեւ նախագահական եւ խորհրդարանական նախընտրական փուլով: Սակայն մինչ առաջիկայի մասին խոսելը վատ չէր լինի վերլուծել նախ անցյալը՝ ոչ հեռու 2001-ի քաղաքական անցուդարձը: Հատկապես ինչո՞վ այն նշանավորվեց եւ այլն: Ահավասիկ այս եւ այլ հարցերով դիմեցինք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանին ու կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին: Վերջինիս բնորոշմամբ, 2001-ին ավելի ակնհայտ դարձավ, որ գործող ռեժիմը սպառել է իր լեգիտիմության եւ վստահության ռեսուրսը: Ըստ պարոն Սարգսյանի՝ «դրան, անշուշտ, նպաստել է նաեւ ընդդիմադիր բեւեռի կայացումը»: Ա.Բազեյանն էլ նկատեց. «Գոհունակությամբ պետք է արձանագրել, որ ընդդիմադիր դաշտի կայացումն ու համախմբումը մեծապես պայմանավորված էր «Հանրապետություն» կուսակցության հիմնադրմամբ: Իսկ մենք ի սկզբանե փաստել ենք, որ նպատակ ունենք ձեւավորել իշխանությանն այլընտրանքային լուրջ կենտրոն եւ, ի վերջո, նպաստել հանրապետությունում նոր համակարգի կայացմանը»: Իբրեւ դրա կարճ ճանապարհ՝ «Հանրապետությունն» առաջարկում էր գործող արատավոր համակարգի ղեկը ստանձնած Ռ.Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսել, որը, կարծես, ԱԺ-ում ձախողվեց: Մեր այդ դիտարկմանը պարոն Բազեյանը չհամաձայնեց. «Նախագահի պաշտոնանկության գործընթացում առանցքային դերակատարությունը վերապահված է խորհրդարանին, որը շատ հաճախ առաջնորդվում է ոչ թե հասարակության պատվերով, այլ՝ գործադիր իշխանության թելադրանքով: Սրանով է պայմանավորված, որ Ռ.Քոչարյանի պաշտոնանկության գործընթացը ԱԺ-ում դանդաղում է: Բայց գարնանային նստաշրջանի հենց սկզբից մենք դարձյալ փորձելու ենք քաղաքական այդ պահանջը հասցնել պատգամավորներին՝ ակնկալելով ընտրողների ակտիվ մասնակցությունը: Մյուս կողմից, տեսականորեն չենք բացառում, որ օրինական իշխանության ձեւավորումը հնարավոր դառնա հերթական ընտրությունների միջոցով: Ամեն դեպքում մեր առաջադրած խնդիրը հստակ է, ճանապարհները երկուսն են եւ իրար չբացառող»: 2002-ը նախընտրական տարի է համարվում: Հենց դա հաշվի առնելով հնարավո՞ր է, որ «Հանրապետությունն» էլ նախընտրական դաշինք ձեւավորի որեւէ այլ ուժի հետ, եւ արդյո՞ք այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Մեր այդ հարցին պարոն Սարգսյանը պատասխանեց. «Առայժմ՝ ոչ, սակայն նման ֆորմատով առաջիկա ընտրությունների մասնակցելը շատ հնարավոր տարբերակ ենք համարում: Անշուշտ, քաղաքական դաշտում կան կուսակցություններ, որոնց հետ գաղափարական ընդհանրություններ ունենք եւ նրանց հետ միասին կարող ենք ստանձնել նոր իշխանություններ ձեւավորելու միասնական քաղաքական պատասխանատվություն»: Պաշտոնական քարոզչամիջոցները շարունակում են արձանագրել իշխող ռեժիմի արտաքին քաղաքական «ձեռքբերումները»: Գուցե դրանք, իրոք, կա՞ն: «Այդ բնագավառում հաջողությունների գործակիցը պայմանավորված չէ այցելություններով կամ բարձրաստիճան հյուրեր ընդունելով: Կան փաստեր, որոնք վկայում են ընդհակառակը՝ ձախողումների մասին»,- նկատեց Ա.Սարգսյանն ու, իբրեւ դրա վառ օրինակ՝ հիշեցրեց 907 բանաձեւի վերանայման փաստը: «Դա նշանակում է, որ Ադրբեջանը միջազգային հանրության համար այլեւս ագրեսորի ընկալում չունի: Ավելին՝ միանգամայն հակառակ՝ Հայաստանին ագրեսոր ճանաչելու, միտումն է ակնհայտ դառնում: Ռուս-հայկական հարաբերությունները գործընկերության դաշտից տեղափոխվել են անվստահության միջավայր՝ «ձեռնարկություններ՝ պարտքի դիմաց», ինչը կարող է էապես սահմանափակել մեր երկրի ինքնիշխանությունը: Իսկ ընդհանրապես, մենք առիթ ենք ունեցել արձանագրելու, որ Ռ.Քոչարյանի արտաքին քաղաքականությունն ընդամենը միջոց է ապօրինի ռեժիմի գոյությունը երկարաձգելու համար եւ այն որեւէ ընդհանրություն չունի երկրի արմատական շահերի, պետական մոտեցումների հետ»: Պարոն Սարգսյանը պատասխանեց նաեւ մեր այն հարցին, թե արժանահավա՞տ են արդյոք տնտեսության 10 տոկոս աճի եւ ավելի քան 40 հազար աշխատատեղերի մասին Ռ.Քոչարյանի պնդումները: «Իրականությունն այն է, որ մարդիկ ամիսներով աշխատավարձ չեն ստանում, «արքունիքին» մոտ կանգնած գործարարները մոնոպոլ կարգավիճակով տիրանում են տնտեսության նորանոր ոլորտների: Վերջին հաշվով, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի թող ինքը գնահատի, թե Ռոչարյանի հռչակած 10 տոկոսանոց աճն ինչպե՞ս է ազդել իր կենսամակարդակի վրա»: Այս տարին եւս սկսել ենք վարչապետ Ա.Մարգարյանի մոտալուտ պաշտոնանկության մասին խոսակցություններով: Հնարավոր համարո՞ւմ է նրա պաշտոնանկությունը նախկին վարչապետ Ա.Սարգսյանը: «Այս կառավարությունն առհասարակ լուրջ դերակատարում չունի ո՛չ իշխանության համակարգում, ո՛չ էլ քաղաքական դաշտում: Հետեւաբար առանձնապես չի կարեւորվում նրա երկար աշխատելը կամ հնարավոր պաշտոնանկությունը»: Անդրադառնալով ԱԺ լուծարման հնարավորությանը, ինչ մասին անցյալ տարի ժամանակ առ ժամանակ խոսվում էր, պարոն Բազեյանը տեսակետ հայտնեց, թե՝ «այս պահին գործադիր իշխանությունը լիովին վերահսկում է օրենսդիր մարմնի գործունեությունը եւ մտահոգվելու առիթ գրեթե չունի: Սակայն ԱԺ-ի վաղաժամկետ լուծարումը տեսականորեն չի բացառվում եւ կարող է լինել երկու դեպքում. եթե հասարակությունն էապես ազդի իր պատգամավորների դիրքորոշումների վրա՝ չեզոքացնելով գործադիր իշխանության պատվերը, կամ եթե խորհրդարանի ցրումը Ռ.Քոչարյանի նախընտրական քարոզչության մաս կազմի: Մեր կուսակցությունը պաստրաստ է իրադարձությունների զարգացման նաեւ այդ տարբերակին, եւ հարկ եղած դեպքում մենք հասարակությանը կներկայանանք շատ կոնկրետ ծրագրերով եւ քաղաքական թիմով»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել