Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԺԱՄԱՆԱ՞Կ ՇԱՀԵԼ

Հունվար 10,2002 00:00

ՆԱ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԺԱՄԱՆԱ՞Կ ՇԱՀԵԼ Առիթներ ունեցել ենք անդրադառնալու «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանի ցուցմունքներին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ապացույցների անբավարար լինելու հիմքով։ Այսուհանդերձ, նրա ցուցմունքներում էլի կան ուշագրավ դրվագներ, որոնք կարող են հետաքրքրել «Հոկտեմբերի 27»-ի գործի ընթացքին հետեւողներին։ Այսպես, 1999 թ. հոկտեմբերի 28-ին դեռեւս իբրեւ վկա հարցաքննության ընթացքում Նաիրի Բադալյանն իր կարծիքն էր հայտնել Նաիրի Հունանյանի վերաբերյալ, որին ճանաչում է 1988-1989 թվականներից. «Որպես անհատ Նաիրին ինձ վրա թողել է խիստ իմպուլսիվ, անսպասելի եւ ռիսկի լուրջ տարրեր պարունակող քայլերի գնացող մարդու տպավորություն։ Կարելի է ասել, որ նա հավակնոտ անձնավորություն է, մշտապես փորձում է իր միջավայրին պարտադրել իր պատկերացումները, եւ եթե ոչ միշտ են դրանք ստացվում, պատրաստ է կոնֆլիկտների գնալ»։ Նման բավական աննպաստ կարծիքը չէր խանգարել, որ հանդիպելիս Նաիրիները զրուցեին մտերմաբար։ Այսպես, անգամ հոկտեմբերի 27-ին ԱԺ տարածքում հանդիպելով, նրանք, ասենք, կարծիքներ էին փոխանակել կաթողիկոսական ընտրությունների վերաբերյալ՝ ըստ Նաիրի Բադալյանի ցուցմունքի։ Նա նաեւ պատմել էր. «Նաիրին բողոքեց, թե ինչ-որ գործ է ձեռնարկել, որից 2 մլն դրամ պետք է հարկայինին պարտքեր վճարի, բայց կարծես թե իր տոնից զգացվեց, որ չունի այդ գումարը։ Թե ինչ գործարքի մասին էր խոսքը, ես չհարցրեցի, ինքն էլ չմանրամասնեց»։ Արձանագրենք, որ Նաիրի Հունանյանը ֆինանսական դժվարություններ է ունեցել, որոնց մասին չի մոռացել անգամ սպանություններից մի քանի րոպե առաջ։ «Ինչպե՞ս կարող էր հաջորդ պահին ԱԺ նիստերի դահլիճում տեռորիստական ակտ կատարող անձը Ձեզ հետ ԱԺ միջանցքի ճեմասրահում կամ բազմոցին բազմած քննարկել կաթողիկոսական ընտրությունները»,- Նաիրի Բադալյանին հարցրել էին քննիչները 2000 թ. ապրիլի 18-ին Նաիրի Հունանյանի հետ նրա առերեսման ժամանակ։ Վերջինս, թեեւ իր իսկ վկայությամբ՝ այդ շրջանում այլեւս որեւէ բռնության կամ ճնշման չէր ենթարկվում, բոլորովին այլ կերպ էր ներկայացրել իրենց զրույցի բովանդակությունը։ Սակայն այդ մասին՝ քիչ հետո։ Իսկ առայժմ ներկայացնենք ավելի վաղ՝ 2000 թ. փետրվարի 4-ին ռուս մասնագետների կողմից անցկացված պոլիգրաֆ հետազոտման արդյունքները։ Սուտ են համարվել Նաիրի Բադալյանի այն պատասխանները, որոնք տրվել են մասնավորապես հետեւյալ հարցերին. «Դուք պե՞տք է 27.10.1999 թ. Նաիրիին դիմավորեիք նիստերի դահլիճից դուրս», «Դուք հաղորդեցի՞ք Նաիրիին, որ վարչապետն ԱԺ նիստերի դահլիճում է», «ԱԺ շենքում Ձեր խմբից ինչ-որ մեկն անջատվե՞լ է», «Դուք Նաիրիի եւ նրա համախոհների հետ բարձրացե՞լ եք նիստերի դահլիճին հարակից միջանցք», «Դուք ստո՞ւմ եք, որ Դավիթ Վարդանյանի առանձնասենյակ եք մտել կրակոցներից անմիջապես հետո», «Նաիրիի հետ 27.10.1999 թ. ձեր հանդիպումը ծրագրվա՞ծ էր», «Սպանությունների ժամանակ Դուք գտնվե՞լ եք նախագահությանը կից փոքրիկ միջանցքում»։ Սակայն թե ինչ է պատասխանել Նաիրի Բադալյանը, որ փորձագետները համարել են սուտ՝ կարելի է միայն կռահել։ Իսկ գործի նյութերում չկան Ղհը-ի մասնագետների հարցերը եւ դրանց պատասխանները՝ առկա է միայն հետազոտման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը։ Իսկ այժմ՝ այն մասին, թե ինչ էր պատմել 2000 թ. ապրիլի 18-ին Նաիրի Հունանյանը. «Ալեքսան Հարությունյանը դեպքից որոշ ժամանակ առաջ զանգահարել էր ինձ եւ ասել, որ Բադալյանը կդիմավորի քեզ եւ տեղեկություններ կտա, առաջնորդվիր նրա տված ինֆորմացիայով։ Անցագրայինի մոտ հանդիպելուց հետո ես նրան հարցրի, թե վարչապետը եւ կառավարության անդամները եկե՞լ են, թե՞ ոչ։ Եվ նա ասաց, որ եկել են»։ Նաիրի Բադալյանն առերես էլ էր հերքել, թե Ալեքսան Հարությունյանից նման ցուցում է ստացել՝ դիմավորելու եւ տեղեկացնելու, որ եթե չսպանեն՝ օգնություն չի գա։ «Դուք գիտեիք իմ վերաբերմունքը Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի նկատմամբ»,- այս առերեսման ընթացքում ասել է Նաիրի Բադալյանը Նաիրի Հունանյանին։ Վերջինիս պատասխանն է. «Ես գիտեի, որ Դուք մայիսյան ընտրությունների նախօրյակին «Միասնություն» դաշինքի համար եւ նրանց պատվերով սոցիոլոգիական հետազոտություններ եք արել։ Իսկ վերջին ամիսներին, դեպքից առաջ եղած մեր խոսակցությունների ընթացքում, երբ ես միշտ քննադատում էի թե՛ մեկին եւ թե՛ մյուսին, ես Ձեր կողմից նրանց մասին պաշտպանության որեւէ խոսք եւ դրական արտահայտություն չեմ լսել եւ չեմ հիշում»։ Առերեսման արձանագրության մեջ նշված չէ որեւէ բառ, որ կհավաստեր, թե Նաիրի Բադալյանն առարկել է Հունանյանի այս ցուցմունքին։ Թեեւ այլ պարագաներում նա չի հապաղել ասվածը գնահատել «սուտ» կամ «զրպարտություն»։ Այս հարցաքննության վերջում քննիչները Բադալյանին հարց են ուղղել. «Դուք առերեսման սկզբում նշեցիք, որ Ն. Հունանյանի հետ գտնվել եք նորմալ հարաբերությունների մեջ, թշնամություն եւ բարեկամություն չունեք, այսինքն անձնական խնդիրներ, կոնֆլիկտներ չեք ունեցել։ Հետեւաբար ինչո՞ւ պետք է նա Ձեզ զրպարտի, ի՞նչ հիմքով, ինչի՞ համար»։ Բադալյանի պատասխանն է. «Ինձ համար էլ է այս հարցը տարօրինակ, որ նա իմ անունն այդ կարգով զրպարտության տակ է մտցնում։ Ես այդ մասին մտածել եմ եւ, ինձ թվում է, որ դա կարող է երեւի թե պայմանավորվել այն բանով, որ նա ուզում է որոշ ժամանակ շահել կամ քննությանը որեւէ վարկած տալ՝ ինչ-որ դետալներ կամ անձանց օգնելու կամ վնասելու նպատակով»։ Մեկ-երկու ամիս անց Նաիրի Հունանյանը հրաժարվեց ե՛ւ Նաիրի Բադալյանի վերաբերյալ, ե՛ւ նախաքննական իր այլ ցուցմունքներից։ Քննությունը նաեւ թույլ օղակներով ուղղորդելով՝ նա արդեն իսկ շահել էր բավականաչափ ժամանակ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել