Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինչեւ ե՞րբ

Հունվար 09,2002 00:00

Մինչեւ ե՞րբ Թատերական հրապարակը միշտ մարդաշատ է։ Այստեղ տեղադրված են հայ մեծանուն վարպետների՝ Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները։ Բայց ցավալի է, որ դրանք անմխիթար վիճակում են։ Պարզվեց, որ Կենտրոն թաղապետարանն է իրավասու այս երկու արձանների համար։ Կենտրոն թաղապետարանի կրթության, մշակույթի, առողջապահության եւ սպորտի հարցերի բաժնի պետ Արամ Մանուկյանը այս կապակցությամբ ասաց. «Համայնքում կան քսանից ավելի հուշարձաններ եւ մշակութային այլ արժեքներ։ Պարբերաբար կազմակերպում ենք մշակութային արժեքների վերանորոգման, բարեկարգման, կարգի բերման հետեւողական աշխատանքներ։ Այս տարի պետական բյուջեից հատկացվել է 3 մլն դրամ այդ աշխատանքներն իրագործելու համար, իսկ գալիք տարվա համար նախատեսված է 4,5 մլն դրամ։ Ամեն օր թաղապետարանի տեխնիկական ծառայության աշխատակիցները՝ հավաքարարները, մաքրում են բոլոր արձանները։ Դեռ ապրիլ ամսին տեղի ունեցած համաքաղաքային շաբաթօրյակին համատեղ մեր նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում, որի ժամանակ շաբաթօրյակի մասնակիցներից շատերը հանդես եկան խոզուկների հագուստներով։ Մասնակիցները մաքրելով Սայաթ-Նովա, Տերյան, Թումանյան փողոցները եւ Կարապի լճի տարածքը՝ հավաքվեցին Թատերական հրապարակում։ Այստեղ խոզուկները մտան իրենց դերի մեջ։ Սկսեցին մաքրել, լվանալ արձանները, միաժամանակ կոչեր ուղղելով հրապարակում հավաքված մարդկանց, բազմությանը եւ մեր կողմից հրավիրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ «Դուք, ա՜յ մարդիկ, ինչո՞ւ եք կեղտոտում մեր՝ խոզերիս, մաքրածը» եւ այլ նմանատիպ արտահայտություններ։ Միջոցառման նպատակն այն էր, որ մեր հայրենակիցները մաքուր պահեն մեր քաղաքը։ Մշակված է նաեւ Հուշարձանների պահպանության վարչության հետ համատեղ բարեկարգման, կարգի բերման աշխատանքների համակարգ»։ Գործերի կառավարիչ Վահագն Այվազյանը զրույցում նշեց, որ «մշակված այդ ծրագիրը Հուշարձանների պահպանության վարչության պետ Գագիկ Գյուրջյանի հետ պայմանավորված է նրանով, որ որոշ մաքրողական աշխատանքներ մեր համատեղ իրավասությամբ՝ տարին մի քանի անգամ կատարվեն, հրավիրվեն մասնագետներ (քիմիկոսներ եւ այլք), որոնց մանրազնին ուսումնասիրությունների շնորհիվ արձանները լինեն բարվոք վիճակում։ Բայց, ցավոք, այդ աշխատանքների ավարտից կարճ ժամանակ անց, միշտ ի տարբերություն մյուս արձանների, վերոհիշյալ երկուսը նորից հայտնվում են նույն անմխիթար, վատթար վիճակում՝ նույնատիպ գրառումներ, նորից պոկված անվանատառեր եւ տարեթվեր։ Ի դեպ, նկատել ենք, որ արձանների վրա արված գրառումները պատկանում են նույն գրչին, նույն ձեռագիրն է, նույն ոճը…»։ ՆԵԿՏԱՐ ԳԻԶԼԻՋՅԱՆ Երեւանի Սմբատ սպարապետի անվան իրավաբանական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել