Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԳԱՍԱԲԵՐ ՏԱՐԻ ԷՐ

Հունվար 09,2002 00:00

ԱՐԳԱՍԱԲԵՐ ՏԱՐԻ ԷՐ Ավանդույթի համաձայն, անցած տարվա դեկտեմբերի 30-ին մարզաշխարհի ներկայացուցիչները հավաքվեցին հանդիսավոր ու տոնական պայմաններում ամփոփելու մրցաշրջան 2001-ը։ Այս անգամ հավաքին ներկա էին ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ԱԺ պատգամավորներ, նախարարներ, ԶԼՄ-ների՝ մարզական ոլորտը լուսաբանող լրագրողներ, հյուրեր։ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանն ամփոփելով երրորդ հազարամյակի առաջին տարում կատարված աշխատանքը, նշեց, որ 2001թ. նախեւառաջ հիշարժան է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի ընդունումով։ Անդրադառնալով մեծ սպորտին՝ ՀԱՕԿ-ի նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի պատանի, երիտասարդ եւ մեծահասակ մարզիկներն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել են տարբեր հարգի 103 մեդալ, ցուցանիշ, որին կարող են նախանձել անգամ շատ հզոր երկրներ։ Այնուհետեւ տարեվերջյան ավանդական պարգեւատրումներ կատարեց ՀՀ նախագահը։ Ռ. Քոչարյանը «Մովսես Խորենացու» մեդալ հանձնեց Իշխան Զաքարյանին, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ստեփան Սարգսյանին։ Նախագահի շնորհակալագրերով պարգեւատրվեցին մարզաշխարհի տասնյակ աշխատողներ՝ մարզիկներ, մարզիչներ, մանկավարժներ, կազմակերպիչներ… Ուրախալի էր, որ արժանի գնահատվեցին նաեւ լրագրողները։ Մասնավորապես, շնորհակալագիր ստացան հնագույն լրագրող, ֆիզկուլտուրայի ինստիտուտի պրոֆեսոր Ռաֆայել Մելիքսեթյանը, ՀՄԼՖ նախագահ Յուրի Ալեքսանյանը եւ մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանը։ Ուշադրությունից չէին վրիպել նաեւ գործարար աշխարհի ներկայացուցիչները, ովքեր անգնահատելի աջակցություն են ցույց տալիս սպորտին։ Նրանք են «Հայծխախոտ» ԲԲԸ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ի դեպ, վերջինս, ինչպես միշտ, հավատարիմ իր տված խոստմանը, «Նիվա» մակնիշի ավտոմեքենա նվիրեց մարզական լրագրողների կողմից 2001թ. Հայաստանի թիվ մեկ մարզիկ ճանաչված միակ աշխարհի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Վաղինակ Գալստյանին։ Այնուհետեւ սկսվեց հավաքի ամենահանդիսավոր պահը, երբ պարգեւատրման հրավիրվեցին անցած տարվա 10 լավագույնները, ինչպես նաեւ նրանք, ովքեր միջազգային ասպարեզներում բարձր են պահել հանրապետության մարզական դրոշի պատիվը։ Երեկոյի ընթացքում եղան նաեւ հաճելի անակնկալներ։ Առաջին անակնկալը մատուցեց ՀՀ նախագահը։ Վերջերս Իրան կատարած պաշտոնական այցելության ժամանակ նրան նվիրել էին «Պեժո» մակնիշի ավտոմեքենա։ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես հայտարարեց, որ այդ մեքենան կնվիրի օլիմպիական ձեւի ներկայացուցիչ այն մարզիկին, ով Հայաստանից առաջինը 2002թ. կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը։ Երկրորդ անակնկալը կազմակերպել էին պետական կառույցն ու ՀԱՕԿ-ը։ Սկսած այս տարվանից մինչեւ 2004 թվականը՝ հերթական ամառային օլիմպիական խաղերը, յուրաքանչյուր տարի մեկ լրագրող գործուղվելու է այս կամ այն կարեւոր մրցումը լուսաբանելու։ Եվ որպեսզի բացառվի ընտրությունը կատարելիս հավանական կողմնապահությունը, անցկացվեց վիճակահանություն, թե ով է մեկնելու 2004թ. Աթենք։ Վիճակը բաժին հասավ Արմենպրեսի աշխատակից Զավեն Վարդանյանին, որի համար շնորհավորում ենք մեր գործընկերոջը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել