Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեղծագործական տարօրինակ ճակատագիր

Հունվար 09,2002 00:00

Ստեղծագործական տարօրինակ ճակատագիր Դաշնակահար, կոմպոզիտոր, Վենյավսկու անվան միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուրեն Զաքարյանին հանդիպեցինք կոնսերվատորիայի իր դասարանում։ – Եթե չեմ սխալվում, հայ առաջին կոմպոզիտորն էիք, որ մասնակցելով միջազգային մրցույթի, արժանացել եք դափնեկրի կոչման՝ շահելով առաջին մրցանակ։ – Չեք սխալվում, սովետմիության վերջին տարիներն էին, ավելի ստույգ 1990թ. Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացվող կոմպոզիտորների միջազգային մրցույթին, որին մասնակցում էին 24 երկրներից եւ մրցման մեջ էին մտել թվով 154 ստեղծագործություն, իմ ջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը համարվեց լավագույնը։ – Մրցույթին մասնակից երկրների եւ ներկայացված ստեղծագործությունների թիվը միայն խոսուն է։ Մեզ հայտնի է նաեւ, որ կոնցերտը այդպես էլ մեզ մոտ չի կատարվել, փոխարենը՝ քանիցս հնչել է արտերկրներում։ – Գիտեք, իրականությունը հետեւյալն է. պարտիտուրը ներկայացրի այն ժամանակ ֆիլհարմոնիկ նվագախմբի տեր ու տիրական Լորիս Ճգնավորյանին եւ պատկերացրեք, նա մերժեց՝ անկեղծ ասելով. «Այս գործին կարող եմ տրամադրել ընդամենը երեք փորձ, բայց քանի որ պարտիտուրը շատ բարդ է, հարկավոր են նաեւ խմբակային փորձեր, որը հնարավոր չէ, իսկ ընդամենը երեք փորձով՝ պռավալ կլինի…»։ Ինձ մնում էր վերցնել պարտիտուրը, հայտնել շնորհակալություն։ – Ընդունված է ասել այսպես. Դուք ավելի շատ ու ավելի հաճախ կատարվում եք արտերկրում, մանավանդ վերջին տարիներին։ – Այդպես է, այո։ Իմ CD լսել էր տարիներ առաջ ամերիկացի հայտնի դիրիժոր Ջոյել Սաքսը, հետաքրքրվել ինձնով, գտել եւ արդյունքում իր նվագախմբի կատարմամբ հնչեցրել «Dedicatio» ստեղծագործությունս։ Սա էլ ասեմ, որ հեռախոսով ինձ տեղեկացրեց, որ ֆոնդ չունենալու պատճառով՝ գումարի մասին խոսք չի կարող լինել։ Խոսեմ այս տարվա մասին։ Ֆլեյտայի եւ հարվածային գործիքների համար գրված մեկ այլ ստեղծագործություն՝ «Լեգենդը», կատարվեց Նյու Յորքում, ապա «շրջեց» Բոստոն, Չիկագո, Դետրոյդ… Իսկ նոյեմբերի 20-ին երկու տարբեր ստեղծագործություններս հնչեցին Նյու Յորքում եւ Մարսելում։ Նյու Յորքում՝ Ջոյել Սաքսի եւ իր նվագախմբի կատարմամբ «Սգո կղզի», իսկ Մարսելում՝ «Monograph» թավջութակի եւ նվագախմբի համար գրված երկը, Ալեքսանդր Չաուշյանի եւ տեղի սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանմամբ։ Թվարկած ստեղծագործություններս կատարվում էին առաջին անգամ։ – Ստացվում է, որ Ձեր ստեղծագործությունների պրեմիերաները կազմակերպել եք արտերկրներում։ – Թույլ տվեք ուղղել Ձեր խոսքը, որ ոչ մի պրեմիերայի չեմ մասնակցել, իսկ ստեղծագործություններիս «հրավերները» ստացել եմ հեռախոսով։ – Ինչ է, մեզ մոտ՝ Հայաստանում, ժամանակակից երաժշտությունը ոչ մեկին չի՞ հետաքրքրում.. Լռությունը համարենք համաձայնության նշան։ Այնուամենայնիվ, գոնե մի գործ մեզ մոտ կատարվե՞լ է։ – Աշնանը Կոմպոզիտորների միության կազմակերպած ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակներում Օդեսայից ժամանած լարային կվարտետը կատարեց «Յոթ մանրանվագներ» եւ ամենշաբաթյա ցերեկային հոգեւոր երաժշտության համերգներից մեկում ֆիլհարմոնիկ նվագախումբն ու երգչախումբը Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ հնչեցրեց «Եղիցե լույս» երկը՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Այսքանը այստեղ կատարվածի մասին։ – Տխուր է։ Լավ, դասավանդում եք կոնսերվատորիայում… – Ունեմ հիանալի դաշնակահար ուսանողներ։ Իմ դասարանից երկուսն արդեն արժանացել են միջազգային տարբեր մրցույթների առաջին մրցանակների։ Երեւի սա այն դեպքն է, երբ կարելի է հիշել ամերիկացի մեծ մտածող Միգների հետեւյալ միտքը. «Մի խոսեք ինքներդ ձեր մասին. դա կանեն ուրիշները, բայց այն ժամանակ, երբ դուք կգնաք»։ Բնականաբար, մենք սա չենք ցանկանում, բայց… Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ մարդ կարող է ճանաչված լինել արտերկրում, իսկ հայրենիքում… Տարօրինակ է, բայց փաստ։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել