2001-ի նախավերջին օրը Կոշի գաղութում Ընդամենը 2 տարի առաջ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչությունը չթույլատրեց ինձ լինել ազատազրկման վայրերից որեւէ մեկում, լուսաբանելու համար, թե ինչպես են ազատազրկվածները նախապատրաստվում Ամանորին, ինչպես են դիմավորում այն։ ՆԳՆ-ն շատ համարեց այդ, եւ ես այդ տարվա Նոր տարվա ռեպորտաժը պատրաստեցի Արթիկի գաղութի պատերից դուրս՝ լուսաբանելով ներսը՝ ըստ կալանավորների հարազատների։ 2001-ին այդպես չեղավ։ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի՝ Սամվել Հովհաննիսյանի թույլտվությամբ, տողերիս հեղինակը եւ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանը եղանք Կոշի գաղութում։ Այս անգամ էլ դատարկաձեռն չէինք եւ ազատազրկվածներին տարել էինք 3 հեռուստացույց, 1 համակարգիչ, գրքեր։ «Բա ասում էիք Ձմեռ պապ չի գալու»,- կալանավորներից մեկը դիմեց մեկ այլ կալանավորի։ Եվ Ձմեռ պապ- Էդիկ Բաղդասարյանի կողքին ես էլ ինձ մի լավ երեւակայեցի հանպատրաստից Ձյունանուշիկ լինելու կապակցությամբ։ Կոշի գաղութ-բնակավայրում (ասեմ, որ արձակուրդում գտնվելու պատճառով մտադիր չէի որեւէ նյութ պատրաստել) բոլորն անհամբեր սպասում էին Ամանորին։ Բարաքներում կանաչ-զարդարուն ճյուղեր կային, պատուհաններին՝ ծաղիկներ։ Հեռուստացույցները հանձնելու եւ տեղադրելու համար եղանք 3 խաղասրահներում. կատարյալ մաքրություն էր, Ամանորի տրամադրություն եւ շուք։ Դատապարտյալներից մեկը հպարտացավ իրենց ակվարիումով։ Մեզ ապշեցրին գաղութի երկու գրադարանները (մեկում բացառապես հոգեւոր գրականություն կա միայն) եւ աղոթարանը՝ հավատացյալ-ազատազրկվածների համար։ Դրսում գյումրեցի դատապարտյալներից մեկի ստեղծագործությունն է՝ «Յոթ վերքը»։ Առհասարակ, Կոշը ամենամշակութային (եթե այդկերպ գնահատենք) «բնակավայրն» է, եւ «Առավոտը» բազմաթիվ կոշեցիների է իր էջերում ինքնարտահայտման հնարավորություն տվել։ Հավանաբար հիշում եք Հակոբ Հակոբյանին, որը գրում էր այս նույն Կոշի եւ «սեւ հավերի թեւերին գրված՝ երազների կեսին հասած» կալանավորների մասին։ Մեզ մոտեցած մի երիտասարդ խնդրեց շնորհավորել «Արձագանքի» լրագրող Լիաննայի ծննդյան տոնը։ Պարզվեց, որ նա բանաստեղծություններ է գրում եւ սիրված է բոլորի կողմից։ Ահա «Թոթովանք-2001» շարքից «Զինդատարանին» բանաստեղծությունը. Ինձ մի դատեք, որ չեմ տալիս Իմ կամքը ձեզ, Որ չեմ տալիս ձեզ իմ հոգին, Չեմ խոնարհում գլուխս ձեզ, որ չեմ առնում ձեր բեռն ուսիս, որ չեմ փորում ձեր բոստանը։ Ինձ մի դատեք արդարադատ, բայց ինձ օտար ձեր կարգերով ու բարքերով Ինձ մի դատեք։ Միեւնույն է, վաղը կրկին ես կընձյուղվեմ… Նույն այս դատապարտյալը ինձ նվիրեց փայտե խաչ: «Առավոտի» իրավական բաժին, «Վերսուս» ստուդիան ու «Հետաքննող լրագրողների ընկերակցությունը» 2002-ին նախատեսում են անցկացնել մրցույթ «տարվա բանաստեղծ-կալանավոր», «տարվա նկարիչ-քանդակագործ- կալանավոր», «տարվա հրապարակախոս-կալանավոր»-ին եւ «տարվա կալանավայրը» (որը նպաստելու է ազատազրկվածների հոգեւոր-մշակութային արժեքների ստեղծմանն ու տարածմանը) որոշելու համար։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ