Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԵ՞Ն ՀԻՇՈՒՄ, ՉԵ՞Ն ՏԵՍԵԼ, ԹԵ՞…

Հունվար 09,2002 00:00

ՉԵ՞Ն ՀԻՇՈՒՄ, ՉԵ՞Ն ՏԵՍԵԼ, ԹԵ՞… Երկրորդ օրն է, ինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթանում է հանրապետության նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նախագահող դատավորն է Մնացական Մարտիրոսյանը, մեղադրողը՝ Էդիկ Սառիկյանը։ Առաջին անգամ հայոց դատարաններից մեկում դատական նիստերի քարտուղարն աշխատում է համակարգչով։ Ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը, ի տարբերություն այլ քրեական գործերով իր կարգավիճակն ունեցողների, տեղ էր զբաղեցրել նիստերի դահլիճում իր պաշտպան պրն Յանիկյանից հեռու։ Երեկվա դատաքննությունն ընթացավ երկու վկաների՝ ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի եւ ԿԳՆ Սփյուռքի բաժնի պետ Յուրա Նավոյանի ցուցմունքներով։ Նրանք անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին գտնվել են «Առագաստ» սրճարանում եւ առաջինն են իմացել իրենց ընկերոջ՝ Պողոս Պողոսյանի սպանության մասին։ Մինչեւ երեկ նրանք դիտվում էին իբրեւ առանցքային վկաներ։ Հետաքրքիր է, որ այս վկաները, նկարագրելով «Առագաստ» սրճարանի զուգարանում տեղի ունեցած ողբերգությունը, շատ ու շատ մանրամասներ հիշելով, չէին հիշում, թե ովքեր են եղել դեպքի վայրում Պողոս Պողոսյանին ծեծի ենթարկողները, եւ դատարանում հնչած այն հարցին էլ, թե եթե լուսանկարներ լինեին, հնարավո՞ր է, որ ճանաչեին ծեծողներին, Ստեփան Նալբանդյանը պատասխանեց. «Միգուցե ժամանակին, եթե լուսանկարներ լինեին… ես հիմա չեմ ուզում մեղք գործած լինել, չեմ ճանաչում»։ Այն հարցին էլ, թե Աղամալը եղե՞լ է դեպքի վայրում եւ տեսե՞լ են նրան, վկա Յուրա Նավոյանը բացասաբար պատասխանեց։ Վկա Ս. Նալբանդյանը երեկ դատարանին հայտնեց, որ իրենք նստած են եղել «Առագաստում», երբ Շառլ Ազնավուրը եւ Ռոբերտ Քոչարյանն անցել են սեղանի կողքով, այնտեղ նստած են եղել Պողոս Պողոսյանը, ամերիկահայ բարերար Սերժ Փափայանը։ Տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանի հարցին էլ պատասխանելով, վկան ասաց, որ այդ ժամանակ երաժշտություն էր հնչում։ Պողոս Պողոսյանը տեսնելով Շառլին, բացականչել էր՝ «Վա՜յ, Շառլը» եւ ապա հետեւել էր՝ «Բարեւ, Ռոբ» բացականչությունը։ «Նախագահը լսե՞ց արտահայտությունը» փաստաբան Ռուբեն Սահակյանի հարցին վկան պատասխանեց. «Չեմ կարծում, որ նա լսած լիներ։ Նրանք բավական արագ էին քայլում»։ Վկա Նալբանդյանն ասաց նաեւ, որ իրենց սեղանին է մոտեցել սեւ, մուգ կոստյումով, միջահասակ, մի քիչ նիհար երիտասարդ եւ «քաղաքավարի» դուրս հրավիրել Պողոսին։ Ի դեպ, նույն այս դրվագի հետ կապված երկրորդ վկան հայտնեց, որ Պողոսին «մատով հրավիրեցին»։ Այսինքն, խոսել քաղաքավարի հրավերի մասին, անիմաստ է։ Երեւի սա է պատճառը, որ այդ պահին փաստաբան Ռուբեն Սահակյանը միջնորդեց առերեսում անցկացնել երկու վկաների միջեւ, ինչը մերժվեց դատարանի կողմից։ Ինչպես էին նկարագրում վկաները Պողոսին դեպքի վայրում. «Զուգարանի դռան մոտ եմ նրան տեսել։ Միջանցքում Պողոսին չեմ տեսել։ Հասել եմ այն պահին, երբ խփում էին… Ծնկի իջած էր… Ձեռքով, ոտքով խփում էին… Խաժամուժը գոռում էր»։ Յու. Նավոյանը հիշեց, որ Պողոսին ուշքի բերելու համար վրան ջուր էին լցնում, ինքը Պողոսի լեզուն էր բռնել, որ կուլ չգնա։ «Զուգարանի միջադեպի ժամանակ, մինչեւ Պողոսի ընկնելը, նկատե՞լ եք որեւէ հարված նրա մարմնի վրա» հարցին էլ վկան պատասխանեց. «Կարող եմ ասել՝ հարվածում էին, բայց կոնկրետ որտեղ, չեմ կարող»։ «Ոտքերին հարվածե՞լ են»,- հետեւեց հաջորդ հարցը։ Վկա Նալբանդյանը դժվարացավ պատասխանել, միայն հիշեց, որ բոլորը գոռում էին եւ հիստերիկ վիճակ էր։ Ի դեպ, տուժողի եղբայր Անդրանիկ Պողոսյանին հետաքրքրում էր, թե Պողոսի սեղանակիցներից եւ նրան հարվածողներից բացի, բաժանելու ցանկություն նկատվե՞լ է։ Վկան հայտնեց, որ աղջիկների ձայներ կային նաեւ, օտարերկրացու, որն անգլերեն հայհոյում էր։ Երկրորդ վկան այս դրվագի կապակցությամբ հայտնեց, որ իրեն Վարուժան Ծառուկյանն է ասել, թե ինչ էր հայհոյել օտարերկրացին։ Այս օտարերկրացու մասին էլ տեղեկացանք, որ նրա կրծքին եղել է Եվրամիության նշանը… «Հայտնեցիք, որ Պողոսին քաղաքավարի հրավիրեցին։ Ամբաստանյալ Հարությունյա՞նն էր» դատավորի հարցին վկա Նալբանդյանը պատասխանեց. «Հրավիրողն ավելի նիհար էր»։ «Միմյանց հայհոյո՞ւմ էին» հարցին էլ պատասխանեց. «Այնպիսի աղմուկ էր, որ չեմ հիշում հատուկ հայհոյանքներ միմյանց հասցեին»։ Ի դեպ, աղմուկի մասին վկան շեշտեց նաեւ ամբաստանյալի պաշտպանի՝ Յանիկյանի հարցերին պատասխանելիս (ամբաստանյալն իր պաշտպանի հարցաքննության ժամանակ նրան էր փոխանցում ձեռքի ձայնագրիչը)։ Տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանը վկայի համար միջնորդեց, որ նա գտնվի դատարանի դահլիճում, որպեսզի հարցեր առաջանալու դեպքում կարողանա ընթացքում պատասխանել դրանց։ Մեղադրողն այս միջնորդության հետ կապված երկու տեսակետ արտահայտեց՝ մի դեպքում ասաց, որ հարկ լինելու դեպքում կկանչեն նրան եւ «ոնց կորոշի դատարանը»։ Դատարանը որոշեց, որ վկան չբացակայի քաղաքից, անհրաժեշտության դեպքում դատարանում գտնվելու համար։ Ինչ վերաբերում է վկա Նավոյանին, ապա նա այսպես նկարագրեց դեպքը. «Երբ Շառլն ու նախագահն անցնում էին, անսպասելի բացականչություն եղավ Պողոսի կողմից՝ վա՜յ, Շառլը… հետեւեց մեկ այլ բացականչություն՝ բարեւ, Ռոբ։ Մի փոքր խոսակցություն եղավ սեղանակիցների կողմից՝ ի՞նչ հարկ կար ասելու»։ Ըստ այս վկայի էլ, Ստեփանը իրեն է նայել եւ քիչ անց ասել՝ Յուրա, Պողոսին կանչեցին, վեր կաց։ Իսկ երբ իրենք փորձել են վեր կենալ, մոխրագույն հագուստով մի մարդ իրենց է դիմել, ասելով՝ մի անհանգստացեք, տեղում մնացեք։ Այնուհետեւ իրենք, իհարկե, նետվել են դեպի Պողոսը։ Զուգարանում այս վկան տեսել էր մի օտարերկրացու, որին փորձում էին 2-3 մարդ դեպի ելքը տանել։ Վկան տեսել էր առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանին, որը ներս էր մտել եւ գլխի թեթեւ շարժումով նշան արել, ինչը ենթադրել էր տվել, որ Պողոսը մեռած է։ Պողոսի եղբոր հարցին, թե ինչու չի զանգել Գերագույն մարմին, որ սպանություն է եղել, հետեւեց այս պատասխանը. «Չպատճառաբանված մահն այնքան խոր է ազդել վրաս, որ չգիտեի, ինչպես եւ ում ասել»։ Անդրանիկ Պողոսյանի այն հարցին էլ, թե հնարավոր է, գործել է վախի զգացումը, վկան պատասխանեց, որ նման բան չի եղել, իսկ ինքն էլ բրիֆինգներ, ասուլիսներ անելու անհրաժեշտություն չի տեսել։ Այսօր դատաքննությունը կշարունակվի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել