Ինքն իրեն «գերազանց» նշանակեց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ամփոփեց ՀՀ արտաքին քաղաքականությունն անցած 2001 թվականի ընթացքում։ Ամփոփումը չափազանց ընդարձակ է, մենք կներկայացնենք միայն հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածները։ Լեռնային Ղարաբաղ Թեեւ այս պահի դրությամբ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ զարգացում կունենա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը, սակայն պետք է միանշանակորեն արձանագրել, որ տարին նշանավորվեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ Փարիզի եւ Քի Ուեսթի հանդիպումներով, որոնք մի պահ հույս ներշնչեցին խնդրի շուտափույթ կարգավորման հարցում։ Հակառակ նրան, որ այս հանդիպումներում քննարկված սկզբունքները հետագա կիրառություն դեռ չեն գտել, Հայաստանը դրական է գնահատում դրանց քննարկումը եւ կարծում, որ, վերջիվերջո, նրանք հիմք են ծառայելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար։ Այս տարվա ընթացքում եւս Ադրբեջանը շարունակեց իր հավակնոտ նկրտումները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որոնք հիմնականում արտահայտվում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայման վրա շարունակական պնդմամբ։ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հստակորեն ներկայացվել է այն փաստը, որ Ադրբեջանը որեւէ պատմական, իրավական կամ բարոյական հիմք չունի իր նկրտումներում, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։ Այն տարածքային ամբողջականությունը, որին Ադրբեջանը հղում է կատարում, ստեղծվել է անօրինականորեն՝ խորհրդային ժամանակաշրջանում եւ հանդիսանում է ստալինյան ժառանգություն։ 2002 թվին եւս Հայաստանը, առաջնորդվելով նաեւ վերոնշյալ սկզբունքներով, շարունակելու է իր դրական ներգրավվածությունը Մինսկի խմբի շրջանակներում, որը մնում է միակ արդյունավետ ատյանը այս խնդրի կարգավորման համար։ Թուրքիա Հակառակ Հայաստանի վարած հետեւողական քաղաքականությանը՝ դրականորեն ներգրավել Թուրքիան տարածաշրջանային գործընթացներում, 2001 թվին հայ-թուրքական հարաբերություններում որեւէ էական տեղաշարժ չարձանագրվեց։ Թուրքիան շարունակում է Հայաստանի առջեւ դնել ԼՂ հիմնահարցը եւ Հայոց ցեղասպանության խնդիրը՝ որպես դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայմաններ։ Հայաստանն, այնուհանդերձ, շարունակում է պնդել առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման ու սահմանների վերաբացման վրա։ Մենք գտնում ենք, որ Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունն ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն է ունենում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վրա։ Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ձեւավորված միջազգային քաղաքական միջավայրը մեկ անգամ եւս հնարավորություն է ընձեռում մեր հարեւան երկրին վերագնահատել իր տարածաշրջանային կողմնակալ քաղաքականությունը եւ լուրջ քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերություններում էական տեղաշարժ կատարելու ուղղությամբ։ Ողջունելով հանդերձ հասարակական մակարդակով շփումները հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ, մենք շարունակում ենք մնալ այն համոզման, որ երկու երկրների միջեւ առկա հիմնարար խնդիրները կարելի է լուծել միայն պետական մակարդակով։ Սրա եւս մեկ ապացույցն էր նաեւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքների ձախողումը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ