Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Հունվար 09,2002 00:00

ԱՆԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Բազմաթիվ են ուշագրավ մանրամասները «Հոկտեմբերի 27»-ի գործով այն նախկին մեղադրյալների ցուցմունքներում, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ այս կամ այն հիմնավորմամբ։ Այդ մանրամասները շարունակաբար կներկայացնենք մեր ընթերցողների ուշադրությանը։ Բայց նախ նշենք, որ թեեւ այդ նախկին մեղադրյալների նկատմամբ էլ, իրենց պնդմամբ, կիրառվել են քննությանը խորթ մեթոդներ, նրանցից որեւէ մեկն առայժմ չի վկայել, թե դրանց ազդեցության տակ տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ։ Այդպես էլ ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը չի հրաժարվել իր ցուցմունքներից, թեեւ դեռ նախաքննության փուլում՝ 2000-ի մարտին էր բացարկ հայտնել Զինդատախազությանը եւ հայտնել, թե իրեն Զինդատախազությունում մեկ «Պեպսի կոլա» են հյուրասիրել, մեկ՝ սուրճ, երկու դեպքում էլ իրեն վատ է զգացել եւ առաջին անգամ չի հիշել, թե դրանից հետո իր հետ քննչական գործողություններ կատարվե՞լ են, իսկ երկրորդ անգամ հիշել է, որ քննիչներն իրեն հարցեր են տվել։ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն էր անցկացրել այս պնդումների առնչությամբ եւ պարզել, որ դրանք անհիմն են։ Մուշեղ Մովսիսյանը թերեւս հիմք էլ չուներ իր ցուցմունքներից հրաժարվելու, քանզի 1999 թ. նոյեմբերի 5-ից, երբ նրան ԱԱՆ-ում հարցաքննել էին իբրեւ վկա, մինչեւ 2000 թ. հունիսը, երբ նրա խափանման միջոցն արդեն փոխվել էր, միայն մի բան էր պնդել, որ սուտ է ու զրպարտություն այն դերակատարությունը, որ Նաիրի Հունանյանը վերագրում է իրեն «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության կազմակերպման մեջ։ Ասենք, 1999-ի նոյեմբերի 8-ի հարցաքննության ընթացքում քննիչ Հ. Ասլանյանի հարցին, թե «ո՞վ է կոնկրետ առաջարկել եւ նախաձեռնել զինված խմբով հարձակում կազմակերպել ԱԺ նիստերի դահլիճում, սպանել վարչապետ Վ. Սարգսյանին, ԱԺ նախագահ Կ. Դեմիրճյանին եւ իշխանության այլ ներկայացուցիչների, ինչպե՞ս է որոշվել տեղը, ժամանակը, մասնակիցները», Մուշեղ Մովսիսյանը պատասխանել է. «Կազմակերպիչի մերն էլ, կատարողի մերն էլ, ինձ զրպարտողի մերն էլ։ Ես նորից եմ կրկնում՝ բացարձակ ոչ մի առնչություն չունեմ ս. թ. հոկտեմբերի 27-ին կատարված ահաբեկչության հետ։ Եվ միաժամանակ դատապարտում եմ բ—ի տղերքի արարքը»։ Սակայն քննությամբ Մուշեղ Մովսիսյանի եւ այլոց ցուցմունքների միջեւ որոշ հակասություններ այսուհանդերձ բացահայտվել են։ Այսպես, նկարագրելով հոկտեմբերի 27-ին ահաբեկչությանը նախորդած իր գործողությունները, նա միշտ, օրինակ, նշել է, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դուրս էր եկել ծխելու, միջանցքում մի քանի րոպե նստել Արմենակ Արմենակյանի եւ Հակոբ (Լեդի) Հակոբյանի կողքին։ Մինչդեռ վերջինս 1999 թ. նոյեմբերի 9-ի առերեսման ընթացքում այս առնչությամբ նշել է. «Մուշեղ Մովսիսյանը ճիշտ չի ասում, որ եկել է եւ նստել իմ հետ նույն սեղանի շուրջ եւ ծխել։ Ես Մուշեղին տեսել եմ, երբ գնում էի, որ մտնեմ դահլիճ, իսկ նա դուրս էր գալիս դահլիճից»։ Հակոբ Հակոբյանը ցուցմունքում նաեւ նշել է, թե Մուշեղ Մովսիսյանն այդ ժամանակ շատ լարված ու այլայլված էր եւ կարծես ինչ-որ մեկին էր փնտրում։ Այսուհանդերձ, մինչեւ վերջ էլ Մուշեղ Մովսիսյանը շարունակել է պնդել, թե ինքը նստել էր այդ երկու պատգամավորի կողքին։ Կամ՝ բազմաթիվ վկայություններ կան այն մասին, թե այդ պատգամավորն ինչպես է բնութագրել Վազգեն Սարգսյանին՝ նրան համարելով խանգարիչ ու արգելակող գործոն, նրա ոչնչացմամբ պայմանավորելով երկրում կարգուկանոնի հաստատումը։ ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանի եւ Սիրիայի քաղաքացուհի Նուշիկ Միքայելյանի նման բովանդակությամբ ցուցմունքների հիշատակմանն ի պատասխան, 1999 թ. նոյեմբերի 13-ին Մուշեղ Մովսիսյանն ընդունում է, թե հնարավոր է, որ Վազգեն Սարգսյանին «լկտիաբար» հայհոյած լինի, բայց՝ «իմ բառապաշարում չկա արտահայտություն «ֆիզիկական ոչնչացում», այլ կարող է հարբած ժամանակ ասեմ կամ ասած լինեմ՝ «խփեմ» կամ այլ բաներ, որի հիմնական շարժառիթը եղել է եղբորս ձերբակալումը»։ Ուշագրավ է նաեւ դեռեւս վկա Մուշեղ Մովսիսյանի առաջին ցուցմունքի այն դրվագը, որտեղ պատմում է եղբոր՝ Առաքել Մովսիսյանի (Շմայս) ձերբակալության առնչությամբ Վազգեն Սարգսյանի հետ իր զրույցի մասին, որը կայացել էր հոկտեմբերի 27-ից երկու շաբաթ առաջ։ Վարչապետը, նրա պնդմամբ, իրեն ասել էր. «Ամեն ինչ կապված է Սամվել Բաբայանի հետ, գիտեմ, որ վերջերս Շմայսը դարձել էր նրա մանկլավիկը, որ սպանությունների կատարման մեջ կասկածներ կան, 15 օր ժամանակ տուր ինձ»։ Քննիչի հարցին ի պատասխան Մովսիսյանը պարզաբանում է, թե վարչապետի կասկածները վերաբերում էին Խոռխոռունու սպանությանը։ Մուշեղ Մովսիսյանը 1999 թ. դեկտեմբերի 6-ին ենթարկվել է նաեւ համակարգչային պոլիգրաֆով (ստի դետեկտորով) հետազոտման, որի արդյունքները մասնավորապես հետեւյալն են. նա նախապես տեղեկացված է եղել հոկտեմբերի 27-ի իրադարձությունների մասին։ Երկրորդ, ճիշտ չեն Մուշեղ Մովսիսյանի պնդումները, թե Նաիրի Հունանյանն իրեն զրպարտել է, եւ նա ներքուստ իրեն զրպարտված չի զգում։ Մի խոսքով, ԱԱՆ-ի մասնագետները թեստերին նրա հոգեֆիզիոլոգիական ռեակցիաներից հաստատված են համարել այն եզրակացությունը, որ Մուշեղ Մովսիսյանն առնչություն ունեցել է 1999 թ. հոկտեմբերի իրադարձություններին, բայց առավել մանրամասնել չեն կարողացել, քանզի «համապատասխան թեստի առաջադրված հարցերին Մ. Մովսիսյանը հրաժարվեց պատասխանել, նշելով իր անտեղյակ լինելը եւ ժխտելով իր մասնակցությունը հոկտեմբերի 27-ի իրադարձություններին»։ Հետազոտման արդյունքների վերաբերյալ տեղեկանքի ներքո էլ նշել է. «Ծանոթացա՝ այն իրականությանը բացարձակապես չի համապատասխանում»։ Եվ այսպես՝ չոր ու կտրուկ հերքումներով եւ ի վերջո՝ ցուցմունք չտալով էլ ընթացել են Մուշեղ Մովսիսյանի հարցաքննությունները՝ մինչեւ նրա նկատմամբ գործը կարճվել է՝ ապացույցների անբավարար լինելու հիմքով։ Ի դեպ, նրա վերջին՝ 2000 թ. հունիսի 16-ի հարցաքննության ժամանակ է միայն քննիչ Գ. Լեւոնյանը հետաքրքրվել, թե տեղյա՞կ է, որ դահլիճ մտնելով Նաիրի Հունանյանը հարցրել է, թե ուր է Մուշեղը (այդ արտահայտությունը լսվում է անգամ լրագրողների ձայնագրություններում), իսկ նա պատասխանել է. «Նման բան չի եղել։ Եթե Նաիրի Հունանյանը նման հարցով դիմած լիներ, ապա անցած ամիսների նախաքննության ընթացքում քննիչները գոնե մեկ անգամ հարցրած կլինեին»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել