Կործանարար ճոխություն կամ կամայական զուգահեռներ Նա, ով չի հիշում անցյալը, դատապարտված է այն նորից վերապրելու։ ՍԱՆՏԱՅԱՆԱ Հռոմը կործանեց ճոխությունը։ Ժամանակակից աշխարհը՝ ինչ-որ չափով նույնպես: Երկու համաշխարհային պատերազմները ապացուցեցին, որ խաղաղությունը ամենամեծ ճոխությունն է: Այդ ճոխությունն այնքան կործանարար էր, որ երրորդ համաշխարհայինի սարսափը խունացավ։ Աշխարհը չափազանց վստահ էր, որ երրորդ համաշխարհայինը լինելու է միջուկային (Հերոսիմայի սարսափից ծնված միջուկային զսպման միջոցներ ձեռնարկվել էին), սակայն չէր սպասում համաշխարհային սպանդի այլ տարբերակ։ Այն, հնարավոր է, արդեն սկսվել է։ Ինչպես միշտ՝ սողալով ու աննկատ։ Ինչպես Առաջինը՝ սկսված Եվրոպայում, կենտրոնում «լոկալ», ինչպես նույն տեղում սկսված Երկրորդը, ինչպես… Որքան զարմանալի է8230 Առաջին համաշխարհայինի առիթը ահաբեկչական գործողությունն էր՝ Ֆերդինանդի սպանությունը։ Երկրորդինը՝ դարձյալ ահաբեկչությունը՝ Ռեյխստագի հրկիզումը։ Էական չէ՝ այդ երկու գործողությունները իրակա՞ն էին, թե՞ սարքովի, ի՞նչ սկզբնական նպատակ ունեին եւ այլն։ Կարեւորն այն է, որ այդ «լոկալ» ահաբեկչական գործողությունները հանգեցրին համաշխարհային պատերազմի։ Դրանք առիթն էին, իսկ պատճառները երկու դեպքում էլ պարզամտության աստիճանի հստակ են։ Ինչպես ասել է շնորհազրկված դասականը. «Վերեւները չեն կարողանում, իսկ ներքեւները չեն ցանկանում»։ Ճիշտ է, նա այդ ասում էր հեղափոխությունների մասին, սակայն համաշխարհային պատերազմները եւ դրանց հետեւանքները որոշ չափով հենց համաշխարհային մասշտաբների հեղափոխություններ են, քանի որ իրականում դրանք փոխում են հսկայական տարածքների սովորական աշխարհակարգը։ Եվ եթե «վերեւներն» ու «ներքեւները» մեկ պետության տարածքում դրա դասակարգային շերտերն են, ապա համաշխարհային մասշտաբով՝ պետություններն են։ Պետություններ որոնք սահմանում եւ կառավարում են աշխարհակարգը, եւ պետություններ, որոնք ղեկավարվում են առաջինների կողմից։ Բացի երկու չարաբաստիկ բեւեռներից, որոնց մասին խոսում ու վերլուծություններ են անում բոլորը, կան նաեւ այլ հակազդող բեւեռներ։ Դրանց մեջ առաջնահերթ է սոցիալական բեւեռացումը՝ հարուստ երկրներն ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ աղքատանում։ Աշխարհը «հեղափոխական» վերաձեւումների եզրին է հայտնվում, եւ եթե որպես «առիթ» ընդունենք ահաբեկչությունը, ապա կարելի է եզրակացնել, որ աշխարհը դարձյալ պատերազմի թաքնված փուլում է, երբ այն հանդես է գալիս «լոկալ» բռնկումների տեսքով։ Տարբերությունը թերեւս այն է, որ այս նոր պատերազմում բացակայում է «գլխավոր գործող անձը»՝ Գերմանիան։ Սակայն, միգուցե ժամանակի հետ որոշ փոփոխություններ են տեղի ունենում՝ եթե ոչ Ռեյխստագը, ապա՝ Պենտագոնը կամ երկու երկնաքերները… Եվ ով գիտե, միգուցե ինչպես ժամանակին ապացուցվեց, որ բուլղարացի Դիմիտրովը Ռեյխստագի հրկիզման հետ ոչ մի կապ չի ունեցել, մի օր էլ կպարզվի ԱՄՆ-ում կատարված ահաբեկչությանը բեն Լադենի անմասն լինելը։ Բայց դա արդեն ոչ մի նշանակություն չի ունենա, քանի որ պատմության անիվը հետ չես պտտի։ Ժամանակին «Մյունխենյան խայտառակ համաձայնագիրը» գերտերություններից մեկին տվեց այնպիսի ժամանակի եւ գործողությունների առավելություն, որ երկրագունդը ընկղմվեց Երկրորդ համաշխարհայինի սարսափների մեջ։ Գերտերությունները հաճախ դրսեւորում են զարմանալի անհեռատեսություն, չտեսնելով «լոկալին» հաջորդող «տոտալը»։ Մնացյալ բոլորը «քսմսվում» են նրանց, մտածելով որ դա փրկության միակ ճանապարհն է։ Եվ չնայած համաշխարհային պատերազմների փորձը ցույց է տալիս, որ դա էլ փրկություն չէ, այնուամենայնիվ դրանից ոչ ոք դասեր չի քաղում։ Փոքր եւ ոչ շատ փոքր պետությունները սկսում են ձայնակցել «տիրոջը», իսկ դրանց մեջ ամենաճարպիկները կարողանում են նաեւ որոշ հարցեր լուծել։ Ամենայն հավանականությամբ դասեր քաղելը՝ խորհուրդը լսելուց հետո, երկրորդ անիմաստ գործն է։ Ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը որեւէ մեկը չի պատրաստվում անել։ Հակառակ դեպքում Առաջին աշխարհամարտից հետո չէր լինի, Երկրորդը, իսկ Երկրորդից հետո8230 ինչքա՜ն էին խոսում երրորդի անթույլատրելիության մասին։ Մինչդեռ անհեթեթ ահաբեկչության դեմ պայքարի անհեթեթ ձեւը կարող է անհեթեթ վերջաբան ունենալ։ Առայժմ շարունակվում է ահաբեկչության դեմ պայքարը։ Առայժմ սպիտակ փոշով ծրարները հանդես են գալիս որպես զգուշացնող նշաններ։ Առայժմ միջուկային ճամպրուկները չեն ապակոդավորվել։ Սակայն պատերազմը թափ է հավաքում։ Շատերը մտածում են, որ եթե իրենք չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն էլ իրենցով չի հետաքրքրվում։ Մինչդեռ պատերազմը նույնպես քաղաքականություն է՝ պարզապես վատ եւ ոչ խելամիտ: Պատերազմը սողացող վարակ է, որը կլանելով ամեն բան իր ճանապարհին հասնում է քեզ… Բալկաններ, Մերձավոր Արեւելք, Կովկաս… Համաշխարհային քաղաքականության չարագուշակ «Բերմուդյան եռանկյունի»… Իրերը պետք է իրենց անուններով կոչել, որպեսզի իմանաս՝ ինչպես վարվել դրանց հետ։ Եվ իսկական ժամանակն է հիշել գերմանացի հոգեւորականի մասին առակը։ Գերմանացի հոգեւորականը համակենտրոնացման ճամբարում ասում է. «Երբ նացիստները բռնում էին կոմունիստներին, ես մտածում էի, որ դա ինձ չի վերաբերում։ Երբ նրանք սկսեցին ոչնչացնել հրեաներին, դա ինձ նույնպես չէր վերաբերում։ Հետո լեհերն էին, գնչուները, այլախոհները, մտավորականները… այդ ամենը ինձ չէր վերաբերում։ Հետո եկան իմ հետեւից»: Երեւի թե էլ ոչ ոք չէր մնացել։ ԱԼ ՋԱԼԻ