Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առավոտի»

Դեկտեմբեր 26,2001 00:00

«ԱՌԱՎՈՏՆ» Է ԽՈՍՈՒՄ «Առավոտի» այս տարվա վերջին համարի էջերից մեկը որոշեցինք նվիրել առավոտցիներին տրված հարցերի պատասխաններին։ 1. Ո՞ր խմբագիրն է ավելի շատ ձեր «կաշին քերթել»։ 2. Ձեր գրած որեւէ հոդվածի համար սպառնացե՞լ են ծեծել, սպանել կամ հակառակը՝ մեծարե՞լ են։ 3. Ո՞ր նախագահի ժամանակ է լրագրողների լեզուն երկար եղել։ 4. Ի՞նչ փոփոխություն կուզենայիք տեսնել հաջորդ տարի։ Ռուզան Մինասյան 1. Հավատացնում եմ, որ որեւէ մսագործի հետ չեմ աշխատել։ 2. Հոդվածների համար սպառնացել են։ Սպանելու մասին «բարեբախտաբար» ակնարկ չի եղել։ Սպառնալիքները եղել են հեռախոսային ահազանգերից մինչեւ խմբագրություն «այցելելը»։ Երբ այս պահին զրուցում եմ քեզ հետ, իմ ձեռքում է հոկտեմբերի 27-ի ոճրագործների հոր՝ Հրաչյա Հունանյանի հետեւյալ գրությունը. «Վերջերս իմացա, որ այս տարի աշխարհում զոհվել է 100 լրագրող։ Եթե ես կամ Մինասյանը (նկատի ունի պաշտպանին- Հ.Պ.) լինեինք երիտասարդ Սասնա ծուռ, գուցե Ռուզան Մինասյանը լիներ 101-րդը։ Ոչ միայն հիշյալուհին, այլեւ ուրիշ լրագրողներ եւս խեղաթյուրում են փաստերը եւ իրենց կյանքը դնում վտանգի տակ։ Նրանք թող մտածեն ապրելու մասին եւ ոչ թե մեռնելու»։ 3. Ես ապաքաղաքական տարր եմ եւ երկու նախագահների օրոք էլ լեզուս այնքան էլ կարճ չի եղել։ Անկախ այն բանից, թե ով կլինի երրորդ նախագահը կամ նախագահները, լեզուս նույն բնականոն վիճակում կմնա։ 4. Ձի խորհրդանիշը (բարության, երջանկության, թռիչքի) կցանկանայի տանիք ունեցող-տանիք չունեցողներինը, ազատ-անազատներինը, խելոքների-խելապակասներինը լիներ… Նաիրա Հովհաննիսյան 1. Այս առումով բախտս միշտ բերել է։ Շատ ազատամիտ ու լրագրողին վստահող խմբագիրներ եմ ունեցել։ Թեեւ «TV-ալիքի» խմբագիր Սերգեյ Հարությունյանը մի անգամ ասաց՝ քեզ շատ են երես տվել, ոչ մի նյութդ չեն մերժել։ Իր հետ համաձայն եմ։ 2. Սպառնալիքներ եղել են՝ թեեւ սպանել ոչ ոք չի սպառնացել։ Եթե մեծարել ասելով նկատի ունենանք մրցանակները լրագրողական աշխատանքի համար, ապա նման բան էլ է եղել։ 3. Չգիտեմ, իմ լեզուն բոլորի օրոք էլ երկար է եղել։ Դա ավելի շատ լրագրողից է, ոչ թե նախագահից։ 4. Հաջորդ տարի կցանկանայի, որ մեր թերթի եկամուտները մի տասն անգամ աճեն, որ ֆինանսապես անկախ լինենք, մի տասն անգամ բարձր աշխատավարձ ստանանք։ Մնացածը մենք կանենք, շատ լավ խմբագրակազմ ունենք։ Մարգարիտ Եսայան 1. Որեւէ խմբագիր «կաշիս չի քերթել», չգիտեմ ինչու, բայց բոլոր խմբագիրներս ինձ սիրել են։ 2. Երկուսն էլ եղել է։ Մի անգամ պարզապես սպառնացին, որ կգան եւ 15-րդ հարկից ինձ ցած կշպրտեն։ Ասացին, բայց՝ չարեցին։ Մեծարելը մի քիչ շատ է ասված։ Եղել է, որ ինձ ճանաչել են այս կամ այն գրածս նյութի հետ կապված։ 3. Կարգին լրագրողի լեզուն միշտ էլ պետք է երկար լինի։ Նախագահները գալիս ու գնում են, բայց լրագրողները հավերժ են։ 4. Կուզեի, որ բոլոր իմ սիրելիներն ու հարազատները միշտ ինձ հետ լինեն։ Աշոտ Հակոբյան 1. «Քերթելու» համար ավելորդ կաշի չունեմ։ 2. Ոչ միայն սպառնացել են, այլեւ սպանել ու մեծարել են։ 3. Նախագահը լրագրողի լեզվի «մետր» չի կարող լինել։ 4. Որպեսզի Հայաստանում պաշտոնյաներն ու այլեւայլ գործիչները հասկանան ու ըմբռնեն, որ լրագրողները շրջապատի ամենաանկեղծ մարդիկ են, որոնց խոսքին պետք է ամենայն լրջությամբ ունկնդիր լինել։ Աննա Իսրայելյան 1. Ես չեմ աշխատում այնպիսի խմբագիրների հետ, որոնք գործում են «Ես եմ շեֆը՝ դու ես հիմարը։ Դու ես շեֆը՝ ես եմ հիմարը» սկզբունքով։ Ոչ էլ երբեւէ հասկացել եմ այն մարդկանց, ում կյանքի նշանաբանն է՝ «Ով էշ՝ մենք փալան»։ Ուստի նախընտրում եմ աշխատել միայն այնպիսի խմբագիրների հետ, ովքեր ոչ թե «կաշի են քերթում», այլ իրենց նկատառումները, պահանջները հայտնում են առանց ձայնը բարձրացնելու, առանց կոպտելու, մի խոսքով՝ քաղաքակիրթ ձեւով։ 2. Եղել է։ Եթե երբեք որեւէ հոդվածի համար արձագանքներ՝ թեկուզ սպառնալիքների տեսքով, ստացած չլինեի՝ կստացվեր, թե ոչ մեկի «կոշտուկը» երբեք չեմ տրորել, չեմ անհանգստացրել։ Իսկ նման «շրջահայաց» ու անդեմ լրագրություն չեմ սիրում։ 3. Սա նախագահներով չի պայմանավորված, այլ լրագրողներով։ Ով թույլ չի տա կարճացնել իր լեզուն՝ նրա համար մեկ է, թե ով է նախագահը։ 4. Կուզենայի, որ վիճակն առավել չվատանար։ Արմինե Ուդումյան 1. Ո՞վ։ Ո՞ւմ կաշին… 2. Շատ է պատահել, որ նյութերի համար գովասանական խոսքեր ասեն, բայց գրեթե ոչինչ չեմ մտապահում (եզակի հաճելի կարծիքներից բացի) «խելքիս տեղ չեմ անում» մտածելով, որ դրանք կարող են սուբյեկտիվ լինել։ Չեմ հիշում, որ որեւէ նյութի կապակցությամբ ինձ սպառնացած լինեն, նեղացողներ, դժգոհողներ եղել են։ 3. Լ. Տեր-Պետրոսյանի պաշտոնավարության օրոք իմ մասնագիտությամբ քիչ եմ աշխատել։ Իսկ այժմ իմ լեզվի երկարությունը, որը կարելի է կիլոմետրերով չափել, միշտ համապատասխանում է ունեցածս փաստերին։ 4. Կուզենայի, որ պետական մարմինները (բոլորին չի վերաբերում) մամուլից չփախչեին քառատրոփ։ Արեւհատ Գրիգորյան 1. Այդ առումով բախտս հեչ չի բերել (առանց սեթեւեթանքների). երբեք որեւէ խմբագիր ոչ «կաշիս է քերթել», ոչ՝ «ոսկորս պլոկել»։ Մինչդեռ արժե. երիտասարդ լրագրողները դրանից կարող են «երես առնել» ու «քիթ ցցել»։ Բայց ես հո այդպիսին չե՞մ։ 2. Մինչեւ հոդվածը գրելը խոստանում էին, որ «վերջս լավ չի լինի», եթե գրեմ։ Հետո էլ թե՝ ինչ ասես՝ կանենք, միայն թե մի գրի։ Վերջացավ նրանով, որ հոդվածը գրեցի, իսկ սպառնալիքները «դիշովի» արտահայտություն ստացան. գիշերվա 3-4-ին զանգում էին, անկապ աղմուկներ էին միացնում։ Դեռ կենդանի եմ։ 3. Առաջինի ժամանակ գրեթե չեմ գրել։ Իսկ ընդհանրապես կարգին լրագրողը նախագահով չի որոշի իր լեզվի երկարությունը (լավ իմաստով)։ 4. Չեմ ասի. աչքով կտաք՝ չի լինի։ Մելանյա Բեքարյան 1. Ոչ կաշիս քերթելու, ոչ գանգամաշկս հանելու ցանկություն իմ լրագրողական ճանապարհին հանդիպած խմբագիրներիցս որեւէ մեկը չի արտահայտել։ Ոչ թե այն պատճառով, որ ես շատ լավն եմ (թեեւ դա էլ չի բացառվում), այլ այն պատճառով, որ նրանց մեջ հնդկացի աբորիգեններ կամ սադիստներ չեն եղել։ 2. Անձամբ ինձ նման սպառնալիքներ չեն հասել, եւ եթե մինչ օրս ոչ ծեծված եմ, ոչ սպանված, ուրեմն՝ լուրջ մտադրություն չի էլ եղել, թեեւ օդի մեջ կրակած սպառնալիքներ, գիտեմ, որ եղել են։ Մեծարանքներ նույնպես չեն եղել, բայց շնորհակալություն բազմիցս եմ լսել։ 3. Առաջին նախագահի ժամանակ ես դեռ նոր էի ոտք դնում լրագրության ասպարեզ, այդ պատճառով լեզուս կարճ էր։ Դեղնակտուց էի դեռ։ Իսկ հիմա ես լուսաբանում եմ մշակույթի ոլորտը, որը շատ քիչ է առնչվում որեւէ նախագահի հետ։ 4. Կուզենայի, որ լավն ու լուսավորն այնքան առատ լիներ հաջորդ տարի, որ անգամ ամեն ինչ սեւ ակնոցների ետեւից տեսնողները սեւացնելու բան քիչ ունենային։ Կուզենայի, որ եկող տարին էլ, այս տարվա նման առատ լիներ մշակութային իրադարձություններով, որ գրելու նյութ ունենայի։ Շնորհավորանքներով՝ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել