Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նվիրում

Դեկտեմբեր 26,2001 00:00

ԻՆՉՊԵՍ ՏԵՍԱ ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ Նվիրում եմ 70-ամյակին Դժվար է ստեղծագործել մի երկրում, որտեղ կարծում են, թե բոլոր գլուխգործոցներն արդեն գրվել են, ազգի լավագույն հերոսներն արդեն նահատակվել են, խելքը գլխին մարդիկ արտագաղթել են եւ պատմությունը կատարել է իր երաշխավորված պտույտն ու սկսում է կրկնվել։ Միտքը թե պատմությունը կրկնվում է, արդեն իսկ նշանակում է, որ պատահականություններ չեն լինում։ Ինչպես կարող է պատահական լինել մի բան, որ կրկնվելու գեշ խասյաթ ունի։ Կարելի էր եւ փաստել հակառակ միտքը՝ սակայն այդ դեպքում ստիպված ենք խոստովանել, որ մեր մեջ խոսում է նույնության նկատմամբ մեր անսպառ սերը, կամ, որ ավելի հավանական է՝ պավլովյան ռեֆլեքսի տեսությունը գործում է անվրեպ։ Մենք պատմությամբ ավելի ենք կերակրվել, քան գրականությամբ, ավելին՝ գրականությունը սարքել ենք պատմության ճորտը, որ դյուրամարս լինի քարոզչության չափ։ Անշուշտ, դրանից ոչ պատմությունն է շահել, ոչ գրականությունը, որովհետեւ ինչ շահ կարող է լինել ճորտի եւ ճորտատիրոջ հարաբերություններից, երբ մեկը զոհաբերում է իր ազատությունը, մյուսը պարզապես այն գնում է։ Մի չհրապարակված էսսեում, որ վերնագրել եմ «Բանաստեղծությունը եւ քաղաքականությունը», մեջբերել եմ Միշել Ֆուկոյի հետ հարցազրույցից մի հատված. թղթակցի այն հարցին, թե ինչ տարբերություն Բեռնարդ Շոուի եւ Չառլի Չապլինի միջեւ, ֆրանսիացի նշանավոր փիլիսոփան պատասխանում է. «Ոչ մի, քանի որ երկուսն էլ բեղեր ունեն, բացառությամբ, իհարկե, Չապլինի»։ Պատասխանն, անշուշտ, արժանի է Չապլինի եւ Շոուի սրամտության փառքին։ Մեր ընկալումներում գրականության եւ պատմության միջեւ բեղի չափ տարբերություն էլ չկա, եւ ահա, Լեւոն Ներսիսյանը հայ իրականության մեջ առաջինն է, որ մեզ՝ ուսանողներիս ուսուցանեց, թե գրականության եւ պատմության միջեւ տարբերությունները վիթխարի են, նմանությունները՝ նվազագույն։ Գրականությունը ինքն իր նպատակն է, պատմության նպատակը՝ առայժմ անհայտ է։ Պատմությունը անվերջ է, ուստի նրան վերագրվող ժամանակագրությունը նույնքան անիմաստ է, ինչքան վիճակագրությունը, մինչդեռ գրականությունը ամեն անգամ ավարտվում է յուրաքանչյուր գրողի եւ սկսվում նորի հետ։ Պատմությունը չի կարող փոխել յուր ընթացքը, գրականությունը ընդդիմանում է այդ ընթացքին, որպեսզի ընթացքին իմաստ հաղորդի։ Գրականությունը ակնթարթ է, պատմությունը՝ ժամանակ, սակայն ակնթարթը ավելի գեղեցիկ է։ Պատմությունը մատչելի է, գրականությունը՝ անմատույց։ Չինական պարիսպը պատմության խորհրդանիշն է եւ, ինչպես ցանկացած խորհրդանիշ, ցույց է տալիս մի բան, որի ետեւում չգիտես ինչ է կատարվում, մինչդեռ գրականությունը բացահայտ բեմադրություն է, իսկ թե ինչ է կատարվում վարագույրների ետեւում, գիտի մեկ բեմադրիչը, մեկ էլ ամեն կարգի բամբասանքներում հմտացած երեւանյան, լոսանջելեսյան, ի վերջո՝ փարիզյան քաղքենին եւ բոլոր նրանք, որոնք նախանձախնդիր են արվեստը հավերժացնելու, իսկ արվեստագետներին սովորական քաղքենու մակարդակին իջեցնելու միայն իրենց հայտնի ձեւերով։ Նույն թանձրության խորհրդանիշ գրականությունը չունի, այնքան առարկայական, որ աչքը տեսնի եւ այնքան վերացական, որ մտքին հասու լինի։ Խորհրդանիշ կարող է լինել ամեն ինչ, իսկ երբ խորհրդանիշ է ամեն ինչ, ուրեմն ամեն ինչ իրական է եւ խորհրդանիշի կարիք չկա՝ ամեն ինչ բացատրելի է, սակայն ամեն բացատրություն ընդամենը տարբերակ է՝ ոչինչ ավելի։ Կարող էի պատահական խորհրդանիշ որոնել, խորհրդանիշ, որ ոչ մեկին չի զիջում, սակայն իր առավելությունները ցույց կտան միայն մեր անկատարությունները՝ դարձյալ ոչինչ ավելի։ Ես կարող էի վերցնել Դոն Կիխոտին (այդպես վարվում է Դոստոեւսկին), ում նպատակը ավելի մեծ է, քան հողմաղացների դեմ կռվելը, սակայն, ի վերջո, հողմաղացների դեմ կռվելուց այն կողմ չի անցնում։ Կարող էի վերցնել Ֆաուստին, որ որոնում է, բայց ի՞նչ՝ չգիտեմ, որովհետեւ որոնելը ավելի մեծ նպատակ է, քան որոնածը։ Շեքսպիրի խորհրդանիշների մասին չեմ խոսում, որովհետեւ պատմության բեմը նա այնքան նախանձախնդրորեն է լցնում դիակներով, որ գրականության բեմին մնում են մի քանի պարապ հերոսներ, արդեն իսկ պարապ հարցադրումներով՝ լինել, թե չլինել, վաղը եւ վաղը, դարձյալ վաղը եւ այսուհետ, մի քանի դեռահաս սիրահարներով, որոնց հետեւելով կարելի է կարծել, թե մարդիկ ծնվում են, սիրահարվում եւ մեռնում նույն հեշտությամբ, ինչպես ծնվում են եւ սիրահարվում։ Կարող էի վերցնել Նարեկացուն, սակայն կյանքը դարձնել «Մատեան ողբերգութիւն», նույնն է, ինչ ոչինչ չդարձնել, որովհետեւ առանց այն էլ ողբերգություն է ամեն գլխից առաջ ասել՝ «Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ», եւ չգտնել զրուցակցին։ Այսինքն՝ զրուցակցին գտնում է, բայց Աստծո՞ւն՝ ինչ իմանաս։ Իմ ճանաչած Լեւոն Ներսիսյանը Աստծուն չհավատալու տարիքից վաղուց դուրս էր եկել, սակայն նրան վստահելու անհրաժեշտություն ամենեւին չուներ։ Իր բաժին Աստծո հետ առանձնապես հաշտ չէր, բայց այլեւս, թվում է, խնդիրներ չէր ստեղծում։ Ներսիսյանի մասին պատմող նյութը կարող էի խորագրել «Շղթայված Պրոմեթեւսը», բայց նա եթե անգամ Պրոմեթեւս էր, ապա շղթայված չէր, թեպետ եւ իմ տպավորությամբ՝ բոլոր շղթայվածների մեջ նա ամենաազատն էր եւ բոլոր ազատների մեջ՝ ամենաշղթայվածը… իր ինքնությանը, ինքն՝ իրեն։ Դանթեի «Աստվածային կատակերգության» առիթով նա մի անգամ հայտարարեց. «Մեծ ֆլորենտացին դժոխքի պարունակներում տեղ չտվեց մի մեղսագործության՝ ինքնադավաճանությանը, թեպետ այն մեղքերից մեծագույնն է»։ Մահվան հաջորդ օրը իմ «Տետրերում» հայտնաբերեցի մի գրառում. «Ապոլլոնյանը՝ դիոնիսյան կյանքով. Լեւոն Ներսիսյան։ Այսինքն՝ բանականացվում է դիոնիսյանը, զգայականացվում է ապոլլոնյանը»։ Որպես խորագիր ընտրված այդ անվանումները, այնուամենայնիվ, պաթետիկ կլինեին, իսկ յուրաքանչյուր մարդու մասին պատմող նյութում ցանկացած պաթոս սպանում է իրական մարդուն, տեղը դնելով թեկուզ փոքրիկ, բայց աստվածություն, որին չնայած հավատում ես, սակայն իրական մարդը նախընտրելի է։ Միեւնույն 99-ին ես կորցրի իմ լավագույն ընկերոջը՝ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանին, արվեստի մեծագույն ուսուցչիս՝ Լեւոն Ներսիսյանին, եւ իմ ճանաչած ամենաիմաստուն մարդուն՝ հորս։ Մեկ տարի անց Տիգրանին ներկայացնող իմ մի էսսեն վերնագրեցի «Երեւանն առանց Տիգրան Հայրապետյանի»։ Կարելի էր ներկա խորհրդածությունը կոչել «Երեւանն առանց Լեւոն Ներսիսյանի», եւ դա ամենաճշգրիտը կլիներ։ Ճակատագրի հեգնանքով Տիգրանն ու Ներսիսյանը այդպես էլ անձնական ծանոթներ չդարձան, չնայած իրար փոխլրացնում էին. Տիգրանը մշակույթը քաղաքականացնում էր, Ներսիսյանը՝ մշակութացնում էր քաղաքականությունը։ Հիմա, երբ հանրային գիտակցությունը հավասարապես անտարբեր է թե մշակույթի, թե քաղաքականության հանդեպ, որովհետեւ անհնար է արվեստագետին փերեզակից տարբերելը, իսկ քաղաքագետին՝ պաշտոնյայից, համազոր սրբապղծություն կլինի որեւէ կողմին առավելություն տալը, չհաշված, որ Երեւանն առանց իրենց նույն քաղաքն է, քանզի կորուստը արժեքի գիտակցումն է, ոչ թե արժեքների կորուստը։ Թվում է՝ մոտ են նաեւ այն ժամանակները, երբ ողբերգություն կդառնա գիտակցման անհրաժեշտության անհնարինությունը։ Լեւոն Ներսիսյանի ինքնապատկերացումը ավելի բարձր էր, քան որեւէ մեկը կարող է կռահել։ Նա խուսափում էր էկրանից, մամուլում հարցազրույցներ տալուց, այն ամենից, ինչ կարձանագրեր նրա գոյությունը։ Նույնիսկ՝ գրելուց։ Հազար անգամ ճշմարիտ էր Ներսիսյանի շիրմին ասված Հենրիկ Էդոյանի հրաժեշտի խոսքը. «Ժամանակներ կան, երբ հերոսություն է գրելը, նույնքան հերոսություն է՝ նաեւ լռելը»։ Հատկանշական է, որ մահից ամիսներ առաջ, հրաժարվելով պետական պարգեւից, մամուլում երեւաց նրա միակ գրավոր հայտարարությունը. «Ճիշտ է, ես ապրում եմ ողորմածությամբ, բայց Աստծո ողորմածությամբ»։ Այդ ամենից խուսափում էր ոչ այն պատճառով, որ հատուկ սկզբունքներ ուներ, չնայած տարիների հետ սկսում էր կարծել, որ դրանք հատուկ սկզբունքներ են։ Ինքնահատուկ, հիմնավորված։ Նա իրեն դասում էր մտածողների այն փաղանգին, որոնց համար խոսքը ավելի արժեքավոր է, քան գիրը, ուսուցիչ լինելն ավելի բարձր կարգավիճակ է, քան քարոզիչը։ Էդուարդ Աթայանը գրում է, թե «ժամանակակիցներն ավելի խելացի են հներից, ինչքան հները իմաստուն են ժամանակակիցներից»։ Իմաստունի այդ կերպը Ներսիսյանը նախընտրում էր ժամանակակիցների խելոքությունից։ Ճիշտ էր, թե սխալ՝ ընտրություն էր։ Քաղաքակրթական բոլոր պատկերացումներով Ներսիսյանի վարքը դասական եսասիրություն կարելի էր համարել։ Ըստ Ներսիսյանի՝ քաղաքակրթությունը հաղթահարելի է, անձը՝ հաղթահարելի է։ Ինքնատիպությունը՝ հաղթահարելի է։ Քրիստոնեությունը այլեւս անկառավարելի է Քրիստոսի կողմից։ Բոլոր գաղափարները նպատակ ունեն, սակայն բոլոր նպատակները անգաղափար են, քմահաճույք։ Քմահաճույքը ինչպես կարող է գաղափար լինել։ Ինքը միակ օրինակն է, ինչպես կարող է միակ օրինակը օրինակ լինել։ Այդ ամենից նա խուսափում էր, կարծելով, որ դրանք կարող են որսալ ընդամենը պահը, արձանագրել մի միտք, ձեռքերի շարժումը կամ գլխի հանկարծորեն ետ նետելու ժեստը, դեմքի միմիկան։ Դրանք պահեր էին, որ կարձանագրեին մի միտք, մի շարժում, մի դիմախաղ, ակնթարթը՝ ոչինչ ավելի։ Նրա տարերքը տեւականությունն էր, խոսքի անվերջությունը, ասած միտքը լրումի տանող ջանքը եւ էկրանին կամ թղթին հանձնվող միտքը չէր կարող այդպիսին ներկայանալ, ուստի, կլիներ պատահական, իսկ աշխարհում նա ամեն ինչ կարող էր հանդուրժել, բացի պատահականությունից։ Պատահականության հրեշտակը նրան անծանոթ մնաց, հակառակ այն բանի, որ Գյոթեի նման կարող էր հասկանալ ակնթարթի գեղեցկությունը, դիպվածի երջանկությունը, ի վերջո, երջանկությունն իսկ նրա համար երջանիկ դիպված էր, բայց ոչ պատահական։ Նրա ողջ կորովը մաշվում էր պատահականության դեմ մղվող պայքարում՝ պատահական մարդիկ, բաժակակիցներ, հարբեցողներ, նկարիչներ, դերասաններ, պարապ ավարաներ… Այդ պատահական մարդկանցից եւ մյուսներից նա փորձում էր ձուլել մի տրամաբանություն, բանաձեւի արժեք տալ, հետեւանքը արդարացնելով պատճառով, պատճառի հիմքում դնել ավելի մեծ նախապատճառ, ստեղծելով խճանկարին մոտ պատկեր, որտեղ յուրաքանչյուր դրվագ նպատակավորվում էր անհատապես, անհրաժեշտ էր դառնում՝ հատկապես եւ ճակատագիր՝ թյուրիմացաբար։ Նա իմ ճանաչած մարդկանցից ամենաճշգրիտ ընթերցողն էր. ընթերցում էր ենթատեքստերով, ակնարկներով եւ ոչնչացնում էր ենթատեքստն ու ակնարկը հենց այն նույն տեքստով, որ քիչ առաջ կարդացել էր։ Նրա համար ամեն ինչ նպատակ ուներ եւ միակ բանը, որ նպատակ չուներ՝ ինքն էր։ Անձը անհատ դարձնելու համար նա ջանք չէր թափում։ Իր կյանքի սեւագրությունները այդպես էլ հայտնի չեն լինելու, ինչու էր այդպիսի եզրահանգման հասել՝ ոչ ոք չէր կարող իմանալ. նա հասնում էր դրան՝ այրելով բոլոր կամուրջները, որոնցով անցել էր այդպես կարծելու համար, բոլոր այն մեխանիզմները, որոնցով հնարավոր էր հասնել։ Նա կարող էր լինել մեծ դերասան, մեծ գրող, արդեն իսկ մեծ մտածող էր, բայց խուսափեց նաեւ փիլիսոփա լինելուց։ Մահկանացուներիս եւ սովորական քաղքենու համար այդպիսի աննպատակությունն անհասկանալի է, որովհետեւ երբեք մտքի ծայրով անգամ չի կարող անցկացնել, թե ինչ հեշտ բան է մեծ դերասան կամ մեծ գրող լինելը… Հայաստանում։ Երկու բան տանել չէր կարողանում՝ հարուստներին եւ… աղքատությունը։ Աղքատությունից զզվում էր, հարուստներից՝ խորշում։ Անտաղանդների հանդեպ ավելի ներողամիտ էր, քան հարուստների։ Սակայն հարուստների եւ ոչ թե հարստության։ Մի անգամ ասաց. «Ինչ դժվար բան է հարուստ լինելը։ Կարող եմ յուրաքանչյուրից 1 դոլարով մի 100 հոգի հավաքել դասախոսության… եւ կհոգամ իմ առօրյա ծախսերը»։ Այնուամենայնիվ, նրա ամենամեծ խնդիրը, ինձ թվում է, կանայք էին։ Նրանցից մեկի ներկայությամբ նա կերպարանափոխվում էր, տղամարդկանց հանդեպ դառնում ագրեսիվ։ Կանայք խնդիր էին, սակայն ոչ այն պատճառով, որ նրանց մեջ առանձնակի խորհուրդ էր տեսնում, գաղտնիք։ Ուղղակի նրանք այն կեսն էին, որի կարիքը նա ուներ ավելի, քան որեւէ մեկը։ Դժվար չէ կռահել, որ նա շատ բան գիտեր կանանց բնույթի մասին, սակայն այդ ամենը, եթե անգամ խորհրդածության առիթ էին, երբեք տառապանքի կամ ողբերգություն ապրելու պատճառ չէին։ Նա պարզապես կանանց կարիքը զգում էր, առանց ավելի բարձր կամ ավելի ցածր մակարդակի վրա քննարկելու. կինը մի բան է, որ վիճելու առիթ չէ։ Առավել եւս՝ փիլիսոփայելու։ Երեւի այդպիսի զգացողություն եւ կարիք մեկ էլ զգացել է Ադամը՝ մինչեւ Եվային ունենալը կամ բանտից նոր դուրս եկածը- ամեն ինչ գեղեցիկ է. եւ ոչ այն պատճառով, որ գեղեցիկը կփրկի աշխարհը, այլ որ կնոջ հետ տղամարդը արդեն փրկության կարիք չունի։ Ի՞նչը ինչի՞ց փրկես։ Ինձ թվում է, որ կինը միակ բանն էր, որի համար նա պատրաստ էր անաստված դառնալ, որովհետեւ կնոջ ներկայությամբ ավելի անպատկառ բան չկա, քան հավատացյալ լինելը։ Երկյուղածությունը Աստծո դեպքում փրկիչ բան է, կնոջ դեպքում՝ կործանարար։ Սեփական անձի մասին մտածելը մարդուն դարձնում է սեփական անձի պատանդ, որի համար չգիտես երբ, ինչքան եւ ինչ պիտի վճարես ամենանախնական, պարզունակ ազատություն ձեռք բերելիս։ Դժվար է ասել, թե մարդ որտեղ է ազատ՝ սեփական պատկերացումներո՞ւմ, հիշողության մե՞ջ, մտքո՞ւմ, թե՞… Երեւակայության մասին չեմ խոսում, որովհետեւ երեւակայությունը այն հազվագյուտ բաներից է, որտեղ իսկապես բանտարկված ենք, անազատ։ Եվ պատկերն ինքնաբերական է՝ վանդակը եւ վանդակում որեւէ երգեցիկ կամ համր հավք, ընդ որում՝ երեւակայությունը ոչ թե թռչունն է վանդակում փակված, այլ վանդակը՝ թռչունին շրջանակած։ Որովհետեւ թռչունը վանդակում ազատ է, ինչքան ազատ է, սակայն վանդակը ազատ չէ թռչունից, ճիշտ այնպես, ինչպես միտքը մեր մտքում ազատ է, բայց երբ դուրս է գալիս եւ սկսում է արտահայտվել, ոչնչով չի տարբերվում բոլոր այն մտքերից, որ երբեւէ ասվել են։ Վանդակը նախատեսված է, եւ թռչունը վանդակով դժվար չէ պատկերացնել, սակայն վանդակն առանց թռչունի անհնար է պատկերացնել. պարապությունը լցվում է այն նույն հիշողություններով, որոնք կապված են իրական Լեւոն Ներսիսյանի հետ՝ նրան անմահացնելով, մեզ հաղորդակից՝ անմահության փշրանքներին։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել