Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը Ամանորի հիանալի նվեր է արել

Դեկտեմբեր 26,2001 00:00

Քաղաքապետը վատ Ձմեռ պապի է Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը Ամանորի հիանալի նվեր է արել իր աշխատակիցներին՝ զրկելով նրանց աշխատանքից, ընդ որում՝ դա անելով օրենքի խախտումներով։ Այս առնչությամբ քաղաքապետարանի աշխատակիցների բողոքը հրապարակվել էր դեռեւս դեկտեմբերի 15-ին։ Դեկտեմբերի 17-ից մինչեւ երեկ «Առավոտը» զուր փորձում էր քաղաքապետարանի որեւէ պատասխանատուից պարզաբանումներ ստանալ այս առնչությամբ։ Սակայն, ի վերջո, ոչ ոք չհերքեց «Առավոտում» բերված մեղադրանքները։ Այսքանից հետո մեզ իրավունք ենք վերապահում ենթադրել, որ բերված փաստերը համապատասխանում էին իրականությանը։ Քաղաքապետարանի պատասխանատուների հետ քաղաքապետարանի լրատվության վարչության միջնորդությամբ (առանց դրա քարտուղարուհիները հրաժարվում են իրենց շեֆերի հետ միացնել) կապվելու համար համբերատար սպասել ենք մեկ շաբաթից ավելի՝ պարբերաբար հիշեցնելով մեր խնդրանքը եւ զգուշացնելով, որ «Առավոտը» դեկտեմբերի 25-ից արձակուրդ է գնում։ Այնպես որ, այժմ հանգիստ խղճով կարող ենք ներկայացնել աշխատանքից ազատվածների միակողմանի մեղադրանքները։ Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքն ու հաստիքային միավորները հաստատելու իրավունքը ՀՀ վարչապետինն է։ Սակայն Երեւանի քաղաքապետը, ըստ նրա նախկին ենթակաների, առանց վարչապետի որոշմանը սպասելու, որոշում է ստորագրել՝ «Երեւանի քաղաքապետարանի աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման կապակցությամբ առաջիկա ազատման մասին աշխատողներին նախազգուշացնելու մասին»։ Իրոք, մեր ձեռքի տակ եղած քաղաքապետի սույն որոշման մեջ որեւէ հղում չի արվում այս կապակցությամբ ՀՀ վարչապետի ստորագրությամբ հաստատված որեւէ որոշման։ Այսինքն՝ քաղաքապետի որոշումն անօրինական է։ Իսկ այս կրճատումների հետեւանքով աշխատանքից զրկված մարդիկ պնդում են, որ քաղաքապետարանի վարչության պետերը ազատվել են իրենց համար ոչ ցանկալի աշխատողներից եւ թողել նրանց, ովքեր ամուր թիկունք ունեն։ Այսինքն՝ կրճատումները չեն կատարվել ավելորդ հաստիքներից ազատվելու մտահոգությամբ։ Չինովնիկական ապարատի ուռճացմանը մենք եւս դեմ ենք, սակայն ակնհայտ է նաեւ, որ կադրերի ընտրության օբյեկտիվ չափանիշների բացակայության պայմաններում այդ կրճատումներից ոչ ոք էլ չի շահելու։ ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» պահանջն է, որ կրճատումների ժամանակ պետք է գործի աշխատանքում թողնելու նախապատվության իրավունքը եւ առաջնությունը պետք է տրվի բարձր արտադրողականություն եւ որակավորում ունեցողներին։ Սակայն քանի դեռ ատեստացիոն հստակ կարգ գոյություն չունի եւ դժվար է ասել, ով է իրոք որակյալ աշխատողը, վարչության պետերի քմահաճույքով են աշխատակիցները մնում կամ ազատվում։ Երեւի հենց այդ պատճառով էլ համակարգիչներ չունեցող կրթության վարչությունը համակարգչային օպերատոր է պահում, բայց իր տեսուչներին ազատում է աշխատանքից։ Ընդ որում՝ աշխատանքից ազատելու համար, ըստ օրենքի, պարտադիր է արհկոմի համաձայնությունը։ Վերջինս, ըստ աշխատակիցների, լինելով քաղաքապետարանի ղեկավար այրերի հլու կամակատարը, իր համաձայնությունն է տվել նրանց՝ ցանկացած մարդկանց աշխատանքից ազատելու։ Ընդ որում՝ արհկոմի այդ նիստերին մասնակցելու իրավունքից զրկված են եղել կրճատվող աշխատակիցները։ Իսկ կրթության վարչության կրճատված աշխատակիցների անունները ավելացվել են արհկոմի որոշումից հետո, ինչպես երեւում էր մեր ձեռքի տակ եղած արհկոմի նիստի արձանագրությունից։ Օրենքի պահանջն է նաեւ, որ կրճատված աշխատողներին այլ աշխատանք պետք է առաջարկեն։ «Առավոտին» բողոքողների պնդմամբ նրանց ոչ ոք աշխատանք չի առաջարկել։ Օրենքի՝ աշխատանքում թողնելու նախապատվության իրավունքը նաեւ երաշխավորում է, որ կրճատումների ժամանակ նախապատվություն է տրվում «երկու եւ ավելի խնամարկյալ ունեցող ընտանիքավորներին, այն անձանց, որոնց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատողներ չկան… առանց արտադրությունից կտրվելու բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում իրենց որակավորումը բարձրացնող աշխատողներին…»։ Սակայն մեր բողոքողների դեպքում այս ամենը հաշվի չեն առել։ Անտեսվում են նաեւ այդ աշխատակիցների՝ քաղաքապետին ուղղված բոլոր բողոքները եւ հանդիպման խնդրանքները։ Իսկ բողոքները ուղղվում են այն պաշտոնյայից, որից բողոքում են՝ խախտելով քաղաքացիների դիմումներին պատասխանելու կարգի մասին ՀՀ օրենքի պահանջը։ Խախտումներն այսքանով չեն սահմանափակվում, իսկ բողոքող աշխատողները ավելի մանրամասն հավանաբար կներկայացնեն դատարանում, ուր դիմել են աշխատանքում վերականգնվելու պահանջով։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել