Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առավոտում»

Դեկտեմբեր 26,2001 00:00

ԵՐԲ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ «ԲԱՎԱՐԱՐ» ԼԻՑՔԵՐԸ ՀԱՂՈՐԴՎԱԾ ՉԷԻՆ «Առավոտում» (2.08.2001թ., 14.08.2001թ., 10.11.2001թ.) տպագրվել են «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությանը հետեւող անկախ դիտորդի հետ լրագրող Ռուզան Մինասյանի հարցազրույցները, որոնք վերաբերում են ոճրագործներ Նաիրի եւ Կարեն Հունանյանների անհատականության համակարգի վերլուծությանը, մասնավորապես վարքագծի դրսեւորումներին։ – Նաիրի Հունանյանի շուրջ 4 ամիս տեւած հարցաքննության արձանագրության հրապարակումը (ինչը տեւեց 1 ամիս) ավարտվեց նոյեմբերի 22-ին։ Դատարանը չկարողացավ սկսել Կարեն Հունանյանի հարցաքննությունը։ Պարզ էր, որ նրա հարցաքննությունը «հեշտ» չի սկսվի։ Ո՞րն է ձեր բացատրությունը։ – Եթե նկատեցիք, Ն. Հունանյանի ցուցմունքների արձանագրությունն ընթերցելուց հետո, տարօրինակ կերպով վերջինիս հարցաքննելու «ցանկություն» առաջացավ նրա պաշտպան Բ. Մինասյանի մոտ։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում այս «ուշացած» հարցաքննությունը, մանավանդ, հետեւելու փորձ եթե անեի հնչեցված հարցերին. «Ովքե՞ր էին հայ ժողովրդի թշնամիները», «Ի՞նչ է թալանել Վազգեն Սարգսյանը», «Մեր երկիրը կործանվո՞ւմ էր, թե՞ կործանման եզրի՞ն էր…»։ Կարծես գործ ունեինք ամբաստանյալ-պաշտպան լավ համաձայնեցված «թատրոնի» հետ, որի նպատակն իմ դիտարկմամբ հետեւյալն էր. 1) թույլ չտալ, որ միանգամից սկսվի Կարեն Հունանյանի հարցաքննությունը, երբ նրան ագրեսիվության «բավարար» լիցքեր հաղորդված չեն, Նաիրիի «արտոնյալ կարգավիճակին հավասարազոր կարգավիճակ» տրված չէ, երբ նա դեռեւս լավ չի մարսել ավագ եղբոր 4-ամսյա «դասախոսությունները» եւ դրա համար լրացուցիչ ժամանակ տալու խնդիր կար։ Հետեւաբար, Կարենի օգտին «գումարվում» էր մեկ նիստ՝ Նաիրիի ցուցմունքների արձանագրությունը եւս մեկ անգամ հրապարակելու շնորհիվ։ – Կարելի՞ է Բ. Մինասյանի հարցերի տրամաբանությունից ելնելով խոսել ակնհայտ ուղղվածության մասին։ – Հարցերի առաջին խումբը վերաբերում էր ահաբեկչության դրդապատճառներին, ծրագրի իրականացման «անայլընտրանքայնությանը՝ օրինական-իրավական մեխանիզմների անմատչելիության պատճառով», մյուս խումբը՝ ահաբեկչության արդյունքում հայ ժողովրդին իր գլխին կախված վտանգից փրկելուն եւ ահաբեկչության կազմակերպիչներին։ Հարցերի վերստին հնչեցումը պայմանավորված էր նրանով, որ Ն. Հունանյանը երբեմն հակասական ցուցմունքներ է տվել եւ այժմ եղբոր համար հանցագործության թվարկված կարեւոր բաղկացուցիչների (դրդապատճառ, արդարացում-կազմակերպիչ- ակտ- արդյունք) կապակցությամբ պիտի հուշեր «շաբլոն պատասխաններ»։ – Դա նշանակում է, որ փոխվո՞ւմ էր ամբաստանյալ Ն. Հունանյանի մարտավարությունը եւ եւ որո՞նք են ըստ ձեր դիտարկման, մարտավարության բաղադրիչները։ – Եթե ուշադիր լինենք, հասցեատիրոջ առումով ահաբեկիչ Ն. Հունանյանի մարտավարությունը 3 բաղադրիչ ունի. 1) Դատավարության «անցանկալի» մասնակիցների համար հակասական ցուցմունքների տեղատարափը։ 2) Ահաբեկչական խմբի անդամների համար դրանցից «քաղովի» հարց-պատասխան-«ազդանշանների առաքումը»։ 3) Ինչ-որ երրորդ կողմի ուղղված շանտաժները՝ հակասական ցուցմունքների տեղատարափ։ Եվ պատահական չէր նրա սիրահոժար պատասխանները այդ հարցերին։ – Այնուամենայնիվ, ո՞ր էր Կարենի համար ժամանակ շահելու նպատակը։ – Ավագ եղբոր նմանությամբ դատարանում արտոնյալ կարգավիճակ հայցելու ծրագիր կար, որ հանկարծ նրան շուտ եւ շատ չսկսեն նեղել կամ… չհամարձակվեն նեղել։ Իսկ երբ դատավորն ուշքի գալով հակադարձեց, Կ. Հունանյանը «սպառնաց» ցուցմունքներ տալ միայն, երբ որպես նախապայման կբավարարվի իր նախաքննական ցուցմունքների հրապարակման պահանջը՝ այսինքն, եղբոր հուշած սցենարին պատրաստվելու եւ իր նախաքննական ցուցմունքներից դրանք բխեցնելու համար անհրաժեշտ լրացուցիչ ժամանակի տրամադրումը։ – Կարո՞ղ ենք ասել, որ խաղին միացավ եւ քեռին՝ Վռամը, որը հասկանալով, որ Կարենի «վերջնագիրը» կարող է եւ չբավարարվել, «ցանկություն հայտնեց» հարցեր տալ Նաիրիին։ – Այո, մանավանդ, եթե հիշում եք, նախկինում հրաժարվել էր։ Դատարանը հեշտությամբ տրվեց Քրդատօրի 336 հոդվածի 3 կետի պահանջների խախտմանը, որի համաձայն ամբաստանյալին վերջում հարցեր տալու իրավունքը վերապահված է պաշտպանին։ Վռամը, ըստ էության, հարցնում էր. «՞Ինչ երաշխիքով եմ համաձայնել գալ քո հետ», «ե՞րբ եմ տեսել զենքերը», «մասնակի՞ց եմ զենքերի ձեռքբերմանը»։ Ակնհայտ է, որ ժամանակ շահելուն զուգընթաց ցանկություն կար խմբի անդամների «դերերի» ճշտմանը։ Եզրակացությունս մեկն է. բոլորը, հատկապես Կարենն ու Վռամը հրաշալի տեղեկացված են ամեն ինչից եւ կարիք ունեն քողարկելու իրենց իրական դերերն ու ստանձնելու նորերը, որոնք կվերաշարադրի եւ կհուշի Նաիրին։ – Նաիրիին ինչո՞ւ ձեռք չի տալիս հին դերերի պարտադրումը։ – Հավանաբար «մտահոգեց» Վռամի սպառնալիքը. կարեւոր հարցերին անդրադառնալ իր ցուցմունքների ժամանակ։ Դատելով զոհվելու հավանականության հարցադրման պատասխանին Վռամի դրսեւորած ռեակցիայից, ակնհայտ է, որ Վռամին նույնիսկ հոգնեցրել է «ազգափրկչի» դերակատարումը, սպասելը, եւ նա ակնարկեց երաշխիքների, դերի եւ վարձավճարի մասին հարց բարձրացնելու հնարավորությունը։ Նոյեմբերի 28-ին «ուսուցիչ-եղբորը» նմանվելու ձգտումը բարդացրեց Կարենի վիճակը եւ նա անզգույշ մատնեց սցենարից բոլորի տեղեկացվածությունը ահաբեկչության թիրախի մասին (ընդլայնվեց այն, հանձին «Միասնություն» դաշինքի)։ Նա, նկատեցիք, տեղ չթողեց եւ չհիշեց եղբոր հոգեկան խռովքի, ոտքի սայթաքման մասին։ – Բարդույթներ ունի՞ այս պահին Կարենը։ – Խուճապը եւ սխալվելու վախը նրա թիվ մեկ բարդույթն են։ Նա վախենում է այն մտքից, որ մեղադրողները, տուժողի շահերի ներկայացուցիչները իր կամքից անկախ կկողմնորոշեն իրեն։ Ուստի նրանց ցանկացած ասածին կասկածամտությամբ է մոտենում։ – Այս դեպքում ի՞նչ կասեք ցուցմունքների հակասությունների մասին։ – Հաշվի առնելով Կարենի համար եղբոր անձի ունեցած կարեւորությունը, թույլ եմ տալիս եզրակացնել, որ հակադրությունների այս շոուն կազմակերպված է Նաիրիի կողմից եւ ավելի շատ ուղղված է դրսին։ Իսկ նրան ամենեւին էլ ձեռնտու չէ ցուցմունքների հակասությունների վերացումը եւ ողջ խմբով խաղում են «մեծ ռիսկ-մեծ արդյունք» կորզումների պայմաններում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել