Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ

Դեկտեմբեր 26,2001 00:00

ԽԱԽՏՎԵԼ ԵՆ… ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀՀ քաղավիացիայի թիվ 1 ղեկավարից սկսած մինչեւ ծառայության պետերը պարբերաբար հանդես գալով մամուլում, ներկայացնում են, որ հատկապես վերջին տարում կառույցում ամեն ինչ «օ քեյ է»։ Մասնավորապես, «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը այս տարի նախորդի համեմատ 29 տոկոս ուղեւորափոխադրումների եւ 20 տոկոս բեռնափոխադրումների աճ է ունեցել («Հայաստանի Հանրապետություն», 18.12. 2001թ.)»։ Այս դեպքում, բնականաբար, հարց է առաջանում. ինչո՞ւ պարոն Երիցյանը ազատեց իր վերահսկողությամբ այդքան բարեխղճորեն տնտեսավարող փորձառու, բազմամյա մասնագետին։ Միգուցե անձնական անբարեհաճությա՞ն պատճառով։ Քավ լիցի։ Մնում է ենթադրել մի պարզ պատճառ՝ ՀԱՈՒ-ում, մեղմ ասած, վիճակն այնքան էլ լավ չէ։ Եվ, իսկապես, մինչեւ անցյալ տարի պարտքերի մեջ «սկած» ընկերության պարտքը այս տարի ավելացել է շուրջ 15 միլիոնով։ Սակայն, ինչպես պարզեցինք «Առավոտի» աղբյուրներից, պարոն Երիցյանը Ս. Վանցյանից «նեղացել» է ոչ միայն ընկերության այսօրվա վիճակի համար, այլ որ վերջինս փորձել է անազնվորեն թաքցնել «ձախ» եկամտի չափը, որը նույնն է, թե յուրացրել է ընկերոջից։ Այսպես, օրինակ, այս տարվա նոյեմբերի 1-ին ԲԱԳՎ պետ Հ. Երիցյանը ստորագրել է թիվ 2-12 հրամանը՝ «Համակարգում թռիչքների անվտանգության ապահովման աշխատանքներն ուժեղացնելու միջոցառումների մասին», որի նպատակն էր ՀՀ տարածքից թռչող եւ վայրէջք կատարած օդանավերին հանձնված բեռների ընդհանուր քաշի վերակշռում։ Ստուգումների ընթացքում հանձնաժողովի անդամները Մոսկվա-Երեւան յուրաքանչյուր չվերթի ժամանակ արձանագրել են 1500 կգ վճարովի ուղեբեռ, մինչդեռ հունիսից մինչեւ նոյեմբեր ամիսներին, որոնք համարվում են ամենաբարձր ուղեւորահոսքի շրջան, յուրաքանչյուր չվերթի վճարովի ուղեբեռի քաշը գրանցվել է… ընդամենը 150 կգ։ Կատարենք պարզ թվաբանական հաշվարկ, 6 ամիս՝ մոտ 180 օր, որը նույնն է, թե շուրջ 180 չվերթ եւ ամեն չվերթին պաշտոնապես մոտ 1350 կգ վճարովի ուղեբեռ չի գրանցվել։ Այսինքն, օրական (1 կգ ուղեբեռի արժեքը ընդունելով 1,2 դոլար) 1620 դոլար կամ 6 ամսում (1620դ.X180 չվերթ) 290 հազար դոլար չի մտել ՀԱՈՒ-ի դրամարկղ։ Անտեղյակներին տեղեկացնելով, որ Մոսկվայի ներկայացուցիչը նույն պրն Վանցյանի եղբայրն է, կասվի ամեն ինչ. երկու եղբայրներով «գործ են կպցրել», բայց չեն կարողացել խաղի կանոններով… Ամենատարօրինակն այն է, որ ըստ հրամանի, ստուգումները պետք է շարունակվեին մինչեւ դեկտեմբերի 27-ը, մինչդեռ սահմանափակվեցին մեկ շաբաթով։ Սա, թերեւս, խոսում է պրն Երիցյանի փորձառության մասին. մեկ շաբաթը հերիք էր ճշտելու համար, թե ինչքան է կորցնում ՀԱՈՒ-ն ներկայացուցիչների ստվերային գործունեությունից (թե՞ անձամբ ինքը)։ Եվ ասել, թե տխուր է, պարոնայք, այս դեպքում շա՜տ մեղմ է, չէ՞ որ կա անվտանգության խնդիր, չէ՞ որ յուրաքանչյուր չարձանագրված կիլոգրամը կարող է հանդիսանալ ողբերգության պատճառ։ ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել