Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ազատագրված

Դեկտեմբեր 26,2001 00:00

ՆՈՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈ՞ՒՄ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունն անցյալ շաբաթ փորձ արեց ամփոփել իր գործունեության արդյունքները: Վերջինս ստեղծվել էր այս տարվա մարտին, երբ Հայաստանի առջեւ ծառացել էր, ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում, ազատագրված տարածքները վերադարձնելու ու Ադրբեջան-Նախիջեւան միջանցքի բացման՝ Մեղրիի տարածքի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության կորուստ ենթադրող, թվում էր, անխուսափելի վտանգը: Այդ հիմնախնդիրների վրա հասարակության ուշադրության բեւեռումը, ըստ էության, ահազանգ էր՝ սեփական ձեռքբերումները վերարժեւորելու եւ դրանց տեր կանգնելու իմաստով: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած հավաքը նպատակ ուներ նաեւ նպաստել հայ մտավորականության ակտիվացմանը, քանի որ, ինչպես Նախաձեռնության նախագահ Ժիրայր Սեֆիլյանն ասաց՝ «Մտավորականությունը ոչ միայն վերջին մեկ, այլ 10 տարիների ընթացքում շատ պասիվ է եւ տխուր վիճակում է հայտնվել: Նա իր առաքելությունը չի կատարում»: Այդուհանդերձ, հիշյալ կազմակերպության վերջին եւ մտավորականության մասնակցությամբ տեղի ունեցած հավաքը կարեւոր եզրահանգման էր եկել՝ քանի որ ազատագրված տարածքների պաշտպանության խնդիրը հնարավոր չէ տարանջատել երկրում ընթացող ընդհանուր պրոցեսներից, Հասարակական նախաձեռնությունն այլեւս չի կարող իր գործունեությունը շարունակել նեղ՝ ազատագրված տարածքների պաշտպանության, շրջանակում: Ուստի, հավանության էր արժանացել հաջորդ տարի, թերեւս, մի նոր շարժման վերածելու գաղափարը՝ ավելի ընդգրկուն գործունեություն ծավալելու եւ հիմնախնդիրների ավելի լայն շրջանակի անդրադառնալու, երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր որոնելու համար: Ընդ որում, այդ գործում պարոն Սեֆիլյանը գլխավոր շարժիչ ուժը համարում է մտավորականությանը. «Նա պետք է առաջնորդի երկիրը, իսկ մնացած բոլոր ուժերը՝ հասարակական, քաղաքական, կարող են նրա ածանցյալը լինել»: Ժ.Սեֆիլյանի գնահատմամբ՝ Հասարակական նախաձեռնության անցած ամիսների գործունեությունը իրականացվել է հիմնականում տեղեկատվության ու քարոզչության դաշտում: «Բացի ընթացող բանակցությունների հետ կապված մեր նախաձեռնած ասուլիսներից ու հայտարարություններից, նաեւ աշխատանք ենք տարել հայաստանյան ազդեցիկ քաղաքական ուժերի հետ՝ փորձելով նրանց ապացուցել առաջադրված խնդրի լրջությունը՝ նպատակ ունենալով նրանց ներքաշել մեր գաղափարական դաշտ, այն է՝ ոչ մի թիզ հող չի կարելի հանձնել: Արդյունքում մենք այդպես էլ ընդհանուր եզրակացության չկարողացանք հանգել: Մեզ չհաջողվեց այնպես անել, որ քաղաքական ուժերը Ղարաբաղի հիմնահարցում հստակ կեցվածք դրսեւորեն: Դրա հիմնական պատճառն այն է, որ կուսակցություններն իրենց բոլոր քայլերը պայմանավորում են ներքաղաքական կոնյունկտուրայով»,- խոստովանեց պարոն Սեֆիլյանը: Նրա պնդմամբ, Հայրենիքից ոչ մի թիզ չզիջելը արմատական կամ ծայրահեղ դրսեւորում չէ, թեեւ շատերի կողմից այդպես է ընկալվում: «Մենք փոխզիջում հասկացություն չենք ընդունում: Ավելի ճիշտ, դա այլ կերպ ենք ընկալում՝ զիջել ենք 94-ի մայիսին, երբ համաձայնել ենք զինադադարին, որովհետեւ, եթե փորձենք անդրադառնալ անցյալին, պետք է հիշենք, որ այդ ժամանակ ադրբեջանական բանակն արդեն գրեթե կազմալուծված էր, եւ եթե պատերազմը եւս մի քանի ամիս շարունակվեր, չէր բացառվում նաեւ Ադրբեջանի Հանրապետության կազմալուծումը: Այսինքն՝ այն, որ այդ օրերին մենք համաձայնել ենք զինադադարի եւ ունենա այն, ինչ ունենք՝ արդեն զիջում է: Դրանից ավելի մեծ փոխզիջման մասին խոսել չի կարելի»,- պնդեց «Ազատագրված տարածքների պաշտպանության» նախաձեռնության նախագահը: Վերջինս շեշտեց նաեւ, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում իրենք ավելի կարեւորում են հայկական տարածքների վերահսկելիությունը հատկապես հայկական ուժերի կողմից, իսկ թե այդ տարածքն ինչ անուն կամ կարգավիճակ է ունենալու՝ էական չէ: «Մտավորականությանը մոբիլիզացնելուց հետո մենք մեր գործը շարունակելու ենք եւ պատերազմի մասնակից կամավորականների միավորման խնդիրը եւս պետք է լուծենք: Միաժամանակ փորձելու ենք նաեւ քաղաքական դաշտում քիչ թե շատ չվարկաբեկված ուժերին միավորել, ու չի բացառվում, որ հենց այդ գաղափարի շուրջ նոր շարժում սկսենք: Շարժում՝ այս երկրին տեր կանգնելու նպատակով, քանի որ 88-ի մեր ոգեւորությունն ու Հայաստանի ապագայի մասին երազները հեռու են այսօր գոյություն ունեցող Հայաստանից: Մենք պետք է, ի վերջո, նաեւ այդ խնդիրը լուծենք»,- հայտարարեց պարոն Սեֆիլյանը: Հաջորդ տարին նախընտրական է լինելու, եւ ի պատասխան մեր այն հարցին, թե արդյոք Հասարակական նախաձեռնությունը, ըստ էության, քաղաքական հարցեր առաջադրելով, չի՞ վերածվի քաղաքական կազմակերպության, կամ նախընտրական շրջանում ինչպիսի կեցվածք կորդեգրի՝ այս կամ այն ուժերի կողմից չօգտագործվելու համար, պարոն Սեֆիլյանն ասաց. «Անշուշտ, մեր գործունեությունը կապված է նաեւ քաղաքականության հետ: Ես վստահ եմ, որ եկող տարվա ընթացքում փորձելու են շահարկումներ լինել ե՛ւ ոչ կառուցողական ընդդիմության, ե՛ւ իշխանությունների կողմից: Նրանցից յուրաքանչյուրը փորձելու է նաեւ մեզ օգտագործել սեփական շահերի համար: Այդ բոլորը հստակ գիտակցելով հանդերձ, գնալու ենք մեր ընտրած ուղիով: Այսօր շատերն են կարծիք հայտնում, թե այն քաղաքական դաշտը, որ ձեւավորված է Հայաստանում, մեր հիմնախնդիրների ազգանպաստ լուծումներ չի կարող ապահովել: Ուստի, ինչ-որ վերադասավորում այդ դաշտում պետք է լինի: Չի բացառվում, որ մենք նույնիսկ գլխավոր դեր ստանձնենք այդ իմաստով: Երբեք իշխանափոխության կոչեր չենք անելու, տարածքների հարցն էլ չենք շահարկելու: Հաջորդ տարի մենք ավելի շատ խոսելու ենք, թերեւս, մեր երկրում ստեղծված մթնոլորտը փոխելու եւ դրա մեխանիզմների մասին»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել