Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջացավ, պրծանք, մի քանի օրով ազատվեցինք ամեն տեսակի՝ քաղաքական,

Դեկտեմբեր 26,2001 00:00

հՈՎ րպոպ Ձմեռ պապ Վերջացավ, պրծանք, մի քանի օրով ազատվեցինք ամեն տեսակի՝ քաղաքական, կիսաքաղաքական կամ իրենց այդպիսին երեւակայող տարրերից։ Ազատ շնչելու ժամանակն է։ Անկեղծ ասած, ամենադժվարը աշխատանքային տարվա վերջին աշխատանքային օրն է։ Ու գրելիքդ երբեմն ստացվում է պահի թելադրանքով։ Երեկ այդպիսի օր էր։ Ինքս ինձ համար որոշեցի, որ ամեն մեկի «ամբախ-զամբախ» կարծիքը հարցնելու եւ դրանից քիչ թե շատ խելքը գլխին նյութ սարքելու փոխարեն՝ փորձեմ պատկերացնել, թե մեր գործիչներից ով Ձմեռ պապիկից ինչ կարող է ակնկալել։ Ստացվեց իսկական կիսաքաղաքական մանկապարտեզ։ Սկսենք երկրի Սահմանադրական գլխից՝ նախագահ Ռոբերտ Քոչարյան. ի՞նչ է խնդրելու նախագահը Ձմեռ պապիկից։ Մեր կարծիքով, մոտավորապես հետեւյալը. «Ձմեռ պապ, արդեն երեք տարի ասում եմ՝ լոխ լյավ ա, բայց ժողովուրդը ինձ չի հավատում, ի՞նչ անեմ։ Ասեցի՝ 40 հազարի փոխարեն 44048 աշխատատեղ եմ բացել, ծիծաղեցին։ Ասեցի՝ Ղարաբաղը կամաց-կամաց մերը կլինի՝ չեն հավատում։ Ասեցի՝ մետրերով ժապավեն եմ կտրել, ձեռքները թափ տվեցին։ Ասեցի՝ ժողովուրդը իմ կուսակցությունն է, կուսակցությունս քոչը կապեց-հեռացավ։ Այ Ձմեռ պապ, բա իմ վերջը ի՞նչ է լինելու»։ Նախագահ Քոչարյանի այս հարցերից Ձմեռ պապը գլխապտույտ ունեցավ, նա ոչնչով չէր կարող օգնել անկուսակցական նախագահին… Ձմեռ պապը հանդիպեց մի կլորիկ մարդու՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ Նոր տարվա կապակցությամբ վարչապետի քեֆը մի քիչ լավ էր։ Զարմացավ կենդանի Ձմեռ պապ տեսնելով. «Բարեւ, Ձմեռ պապ ջան, օգնիր, որ պատգամավորները մի շշով, վայ, կներես, մի շնչով ընդունեն բյուջեն։ Հանգիստ գնանք տուն՝ Նոր տարի դիմավորենք։ Էն Վարդանի (Խաչատրյան) բերանում շունչ չմնաց, խեղճը դարձել է քայլող… ֆինանսների նախարար։ Պապ ջան, մի հատ էլ անձնական խնդրանք ունեմ։ Մի քիչ շունչս տեղը բեր, որ կես խոսքից ինձ հասկանան, թե չէ ոնց խոսում եմ՝ լսող չկա»։ Սակայն վարչապետի իրական ցանկությունն այն էր, որ Սերժիկ Ազատովիչը իր հետ լավ լինի։ Ասենք, որ վարչապետի այս ցանկությունը կիսում էր Ձմեռ պապին հանդիպած գործիչների մեծ մասը։ Ձմեռ պապը, որը եւս դժվարությամբ էր հասկանում վարչապետին, մեծահոգաբար գլուխը տմբտմբացրեց ու անցավ։ Ինքը՝ Սերժ Սարգսյանը, Ձմեռ պապիկից ոչ մի երազանքի կատարում չխնդրեց։ Նա ինքն էր իրականացնում ոմանց եւ կործանում ուրիշների երազանքները։ Մի բան կար, որ Սերժ Սարգսյանը ուզում էր, բայց նույնիսկ մտքում անհարմար զգաց խնդրել Ձմեռ պապից։ Ի դեպ, նույն երազանքը նաեւ Ռոբերտ Քոչարյանն ուներ, բայց չասաց. վախեցավ մեկնումեկը լսեր եւ կասկածներն ավելի խորանային։ Կիսատ մորուսով մի տղամարդ թափով բռնեց պապի ձեռքը, ջերմ-ջերմ թափահարեց ու հռետորական պաթոսով ասաց. «Հարգարժան Ձմեռ պապ, եթե Նոր տարում ես չդառնամ հայտնի թիվ մեկ օմբուդսմենը, մորուքիցդ ձեռք կքաշես, էնպես կսափրեմ, որ…»։ Ձմեռ պապը հեռացավ։ Հազիվ էր խեղճը շունչը տեղը բերել, երբ բախվեց պետական մտածողությանը. «Կաղանդ պապիկ, իսկ դուք ունե՞ք պետական մտածողություն, թե՞ առանց դրա շրջում եք աշխարհով մեկ։ Միակ լավ բանը թռչելն է, խնդրում եմ այնպես արա, որ նոր տարում եւս շարունակեմ թռչել։ Ոչ թե էս աթոռից, այլ՝ տեղից տեղ»։ Անկեղծ՝ Արմեն Խաչատրյանը, իրականում, Ձմեռ պապիկից խնդրում էր, որ բոլորը եւ յուրաքանչյուրը իրենով հիանան, պարզապես երջանիկ զգան, որ շփվում են Արմեն Խաչատրյան երեւույթի հետ։ Ձմեռ պապը քմծիծաղեց ու անցավ։ Նրա դեմ հայտնվեց Եռյակ համագործակցությունը եւ անմիջապես Ձմեռ պապին խնդրեց, որ իրենց շփոթեն դաշինքի հետ։ Արտաշես Գեղամյանը իր հետ քարշ էր տալիս մի պլակատ, որի վրա գրված էր՝ «Արտաշ, պինդ կաց»։ Գեղամյան Արտաշը բոլորից թաքուն սահմանադրության մի նախագիծ էր մշակել, որում նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը նույն մարդն էր՝ Արտաշես Գեղամյանը։ Արամ Սարգսյանը Ձմեռ պապիկից երկու երազանքի իրականացում խնդրեց։ Նախ նա ուզեց, որ Ցեմենտվի իշխանությունը, անմիջապես հետո՝ ընդդիմությունը, եւ որ ինքը մնա Բազեյան Ալբերտի հետ նույն աթոռին։ Ստեփան Դեմիրճյանի երազանքը խոսքից գործի անցնելն էր, բայց նա դեռեւս չհստակեցրեց, թե՝ հատկապես ո՞ր գործին։ Ամանորի լավագույն մաղթանքներով՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել