Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առավոտի»

Դեկտեմբեր 26,2001 00:00

ԻՆՉՊԵՍ ԷՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ «ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵՆ «Առավոտի» դեկտեմբերի 15-ի համարում հրապարակվել էր «Ո՞վ մատնեց «Ղարաբաղ» կոմիտեին» հոդվածը, որտեղ ակնարկվում էր, թե 1989-ի հունվարի 7-ին «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունը նույն կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի մատնության հետեւանքն էր։ Հրապարակմանը նախ արձագանքեց նկարիչ Սարգիս Մուրադյանը, որի տնից էր (եւ ոչ ՆԳՆ-ից՝ ինչպես նշվել էր հոդվածում), այդ օրը Ռաֆայել Ղազարյանը մեկնել «Ղարաբաղ» կոմիտեի հանդիպմանը. «Քանի որ ես եղել եմ «Շարժման» ակտիվ մասնակիցներից մեկը եւ Ռաֆայելի երկար տարիների մտերիմ ընկերը, նա հաճախ էր լինում մեր տանը։ 1988 թ. հունվարի 7-ին նա Աշտարակից եկավ մեր տուն եւ ասաց ինձ, որ նախօրոք պայմանավորվել է հանդիպել «Ղարաբաղ» կոմիտեի չկալանավորված ընկերների հետ, ուստի մեր տանը սպասելու է նրանց հեռախոսազանգին։ 1,5-2 ժամ անց Ռաֆայելին կանչեցին հեռախոսի մոտ, եւ իր հետեւից եկավ «Զապորոժեց» մակնիշի մեքենա եւ տարավ մեր բակից։ Իմ հարցին, թե ինչու իր մեքենայով չի գնում, ասաց, որ հանդիպման վայրն իրեն հայտնի չէ»։ Թե ինչ էր եղել, երբ Ռաֆայել Ղազարյանը հասել էր հանդիպավայր՝ արդեն ներկայացրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը։ Նա կոմիտեի անդամներ Աշոտ Մանուչարյանի, Համբարձում Գալստյանի եւ «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի անդամների, մի քանի ակտիվիստների հետ այդ օրը ներկա էր եղել խորհրդակցությանը եւ պատմեց ե՛ւ այդ հանդիպման, ե՛ւ դրան նախորդած իրադարձությունների մասին։ «Մինչ հունվարի 7-ը վաղամեռիկ Համբարձում Գալստյանի հետ թաքնվում էինք 16-րդ թաղամասի ինչ-որ մի բնակարանում եւ մյուսների, ավելի ստույգ՝ Աշոտ Մանուչարյանի հետ կապն ինքն էր պահպանում։ Հունվարի 6-ին Համբարձում Գալստյանն ասաց, որ Աշոտ Մանուչարյանը հանդիպում է կազմակերպում։ Կտրուկ դեմ էի այդ հանդիպմանը, որովհետեւ 2 օրից լրանում էր կոմիտեի մյուս անդամների (1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Գեւորգյանը եւ Ալեքսան Հակոբյանը.- Ա. Ի.) կալանքի 30 օրվա ժամկետը։ Ասացի՝ տեսնենք, թե դեպքերն ինչպես են զարգանում, ըստ դրա որոշում կկայացնենք։ Հունվարի 7-ին հանդիպելն իսկապես իմաստ չուներ։ Բայց Համբարձումն ասաց, որ ինքն անպայման գնալու է, եւ փոխանցեց մյուս տղաների խնդրանքը, որ ես էլ անպայման ներկա լինեմ, եւ ես այդպես չուզելով գնացի։ «Ֆոկուսներով» տարան Հարավ-արեւմտյան զանգվածում գտնվող այդ բնակարանը, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչուհիներից մեկի տունն էր։ Մի 3 ժամ մնացինք այնտեղ՝ երկար ժամանակ իրար չտեսած մոտիկ մարդկանց քննարկում էր։ Ռաֆայել Ղազարյանն, իսկապես, ուշացած եկավ։ Բավական շատ մարդիկ էին հավաքված այնտեղ: Ինչ-որ ժամանակ անց դռան զանգը նորից տվեցին ու մտան զինվորականներ՝ Խթը-ի աշխատակից Հրաչյա Հարությունյանի (ներկայումս՝ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ- Ա. Ի.) հետ միասին։ Ասացին, որ անձնագրային ռեժիմի ստուգում է եւ սկսեցին ստուգել բոլորի անձնագրերը։ Այդքանից միայն Համբարձում Գալստյանին ձերբակալեցին, թեւերը ոլորեցին եւ գնացին։ Կարող էինք այդ ժամանակ դուրս գալ եւ գնալ։ Ես առաջարկեցի հեռանալ։ Բայց 10 րոպե չանցած հետ եկան եւ արդեն բոլորին ձերբակալեցին։ Ռաֆայել Ղազարյանն իմ կողքին էր։ Ընդ որում, Խթը-ի ներկայացուցիչը նրան ասել էր, որ կարող է չգալ, քանի որ Ռաֆայել Ղազարյանի նկատմամբ մի քանի օր առաջ արդեն կիրառվել էր խափանման միջոց՝ ստորագրություն էր տվել քաղաքից չբացակայելու վերաբերյալ»։ Սարգիս Մուրադյանը պարզաբանեց, թե Ռաֆայել Ղազարյանն այդ ժամանակ գրում էր իր հայտնի նամակը Գորբաչովին։ Խթը-ի պետ Հուսիկ Հարությունյանից 2 օր ժամանակ էր խնդրել այդ նամակը վերջացնելու համար, եւ նրա պայմանն էր չբացակայելու ստորագրությունը։ Դավիթ Վարդանյանը պատմեց, որ Ռաֆայել Ղազարյանն ինքն էր պնդել, թե գալու է, որ իմանա՝ ուր են տանելու իր ընկերներին. «Ես նույնիսկ ասացի՝ պրն Ղազարյան, անխելքություն եք անում, որ պնդում եք մնալը։ Ավելի լավ է՝ դուրսը մնաք, ինչո՞ւ եք համառում։ Մեքենայից դուրս չեկավ»։ Այս ձերբակալությունից հետո ԽՍՀՄ դատախազությունը գործ էր հարուցել, եւ հունվարի 9-ին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները Երեւանից տեղափոխվեցին մոսկովյան բանտ։ «Ինձ զարմացրեց, որ հոդվածագրի մոլուցքը ինչքան ուժեղ է եղել մարդուն վարկաբեկելու հարցում, որ մտքով անգամ չի անցել, թե ինչպես եղավ, որ Ռաֆայելը նույնպես բանտարկվեց եւ միայն 6 ամիս անց ազատվեց Բուտիրկայից մյուս ընկերների հետ»,- ասաց Սարգիս Մուրադյանը։ «Առավոտի» հրապարակման մեջ նշված էր, որ հետագայում, երբ հասանելի դարձան «Ղարաբաղ» կոմիտեի վերաբերյալ ԽՍՀՄ եւ Հայաստանի դատախազության նյութերը, պարզվեց, որ 1989-ի հունվարի 7-ի ձերբակալությունը մատնության հետեւանք էր։ «Ես չեմ կարող ասել, թե ինչպես էր դա եղել։ Բայց այնտեղ մոտավորապես մի 20 մարդ էին ներկա՝ համակիրներ կային, անգամ անծանոթներ՝ այդ կրթահամալիրից։ Շատ հնարավոր է, որ մեկնումեկին հետեւած լինեն։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկը նաեւ նախապես էր տեղյակ պահել»,- Դավիթ Վարդանյանին ի հավելումն Սարգիս Մուրադյանն ասաց, որ Ռաֆայել Ղազարյանին դրանից 10-15 օր առաջ էլ անընդհատ հետեւել են։ «Ոչ միայն նրան։ Մյուսներին էլ են հետեւել երեւի,- ասաց Դավիթ Վարդանյանը։- Քիչ հավանական է, որ պատահական ստուգում լիներ Հարավ-արեւմտյան թաղամասում, ինչ-որ շենքի 3-4-րդ հարկի մի սենյակում։ Ուրեմն, ուղղակի իմացել են։ Ամբողջ հարցն այն է, թե ինչպես են իմացել։ Եվ եթե հիմա ուզենամ այնտեղ եղածներից մեկին վատություն անել՝ կարող եմ այնպես տանել խոսակցությունը, որ այդ մարդը գրավի կենտրոնական տեղը։ Ուղղակի չեմ ասի, բայց պատմածիցս դա կհետեւի։ Ռաֆայել Ղազարյանի պարագայում այդ հնարքն է օգտագործվել, իմ կարծիքով, որոշակի պատվերի նպատակով։ Այնպես չէ, որ ամենահավանականը նա էր։ Այդ մարդուն ուղղակի անտեղի եւ անմարդկայնորեն փորձել են խոցել»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել