Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն կարելի է հարստանալ ժողովրդի գրպանի ու նյարդերի հաշվին

Դեկտեմբեր 25,2001 00:00

«ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐ» Որքա՞ն կարելի է հարստանալ ժողովրդի գրպանի ու նյարդերի հաշվին Երկար տարիներ հայկական հեռուստաեթերը ողողված էր անթիվ ու անհամար լոտոներով, որոնք ոչ միայն թալանում, այլեւ չափազանց նյարդայնացնում էին հեռուստադիտողին։ Այժմ դրանց թիվը կտրուկ պակասել է, սակայն մնացած մեկ-երկու լոտոները ավելի շատ են զբաղեցնում եթերը եւ էլ ավելի շատ թալանում ու նյարդայնացնում հեռուստադիտողին, քան նախկինում։ Որքա՜ն կարելի է լսել եւ դիմանալ «Ընտանեկան լոտոյի» իմաստ չարտահայտող, նյարդեր սղոցող, ճղճիմ գովազդային հոլովակներին։ Օրվա մեջ քանի՜ անգամ եւ քանի՜ հեռուստաալիքով պետք է գովազդվի։ Ռուսաստանյան բարձրակարգ եթերը նույնպես ողողված է այդ անմիտ ու անհամ գովազդներով, որից ոչ մի կերպ չենք կարողանում «պրծնել»։ Դեռ նոր էինք ձերբազատվել «Ընտանեկան լոտոյի» երկու տարվա երկարաժամկետ- հոբելյանական սպանիչ հոլովակից, հիմա էլ մեզ 15 րոպեն մեկ հրամցնում են դեռեւս նոյեմբերից գովազդվող ամանորի գովազդային հոլովակը։ Արտեմ Սարգսյանը ժամանակին բոլորիս սովորեցնում էր հայեցի խոսել եւ գրել։ Մի՞թե հիմա չի լսում «Արմենիա» հեռուստատեսության «Ընտանեկան լոտոյի» գովազդը, որը ընդամենը բառերի շարան է։ Մեկ գովազդի մեջ քանի՞ անգամ կարելի է հնչեցնել «սա այն քաղաքն է, ուր մենք ապրում ենք» նախադասությունը։ Բայց այն իրենց միայն շահույթ է բերում՝ մեր գրպանի եւ առողջության հաշվին։ Ժողովուրդը «լոտոյատերերին» պարզապես «սուտլիկ որսկան» է կոչում։ Ժողովուրդը ասում է նաեւ, որ ոչ ոք չի շահում, իրենք խաղում են՝ իրենք շահում, «իրենց մարդկանց» մի քիչ գումար են տալիս եւ գովազդում, թե խոշոր գումար կամ ավտոմեքենա են շահել։ Ամենալավ եւ հաճելի գովազդն անգամ այսքան հաճախակի եթեր հեռարձակվելուց վեր է ածվում հակագովազդի։ ԱՐՈՒՍՅԱԿ ՂԱՄԲԱՐՅԱՆ Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել