Նաեւ ծովագյուղցինե՞րը «Պաշտոնը ժառանգական չէ, մարդիկ պաշտոն են ստանում իրենց քաղաքական ու մասնագիտական ունակությունների համար, ես էլ հուր-հավիտյան նախարար չեմ աշխատելու»,- իր պաշտոնավարության 5-րդ ամսին հրավիրած առաջին մամլո ասուլիսում պաթետիկ տոնով հայտարարեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, որը նաեւ դժգոհեց, թե որքա՜ն դժվար է 1992-94թթ. ընդունված օրենքներով ներկայումս աշխատելը։ Նա այդպես էլ չհիշեց, թե ինչ պատճառով էր կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ նախագահն իրենից դժգոհել, սակայն հետագայում կամաց-կամաց մտաբերեց, որ «մեղավորը» կամ «ընդերքի մասին» օրենսգիրքն է եղել, կամ էլ «կոնկրետ գործերը»։ Նա հայտարարեց նաեւ իր կարծիքով ոլորտում առկա դրական տեղաշարժերի ու նախարարության կառուցվածքային փոփոխությունների մասին (19 վարչություններից մնացել են 7-ը)։ Վ. Այվազյանը խոսեց նաեւ արձանագրված խախտումների մասին։ Պարզվեց, որ «Սեւան» ԱՊ-ի գործունեության մեջ նկատված թերացումների պատճառով աշխատանքից ազատվել է պարկի տնօրենը։ Իսկ արդյունագործական ձկնորսության արգելքի ժամանակահատվածում արձանագրվել է 21 խախտում, որից 20-ի դեպքում խախտում կատարողները ենթարկվել են վարչական տուգանքի, մեծ խախտման դեպքում հարուցվել է քրեական գործ, բռնագրավվել է 29 տոննա թարմ սիգ, 9 տոննա ապխտած սիգ, 430 կգ խեցգետին, 145 կգ կարաս, 102 ձկնորսական ցանց եւ 5 լողամիջոց։ 26 սուբյեկտների նկատմամբ կազմվել են ակտեր՝ ապօրինի հողազավթումների եւ այլ խախտումների վերաբերյալ։ Ասուլիսին ներկա էր նաեւ բնապահպանության վարչության պետ Նազիկ Ամիրյանը, որն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի ափամերձ տարածքներում կատարված խախտումներին։ Նա մասնավորապես հիշեց Ծովագյուղի հայտնի դեպքերը, որոնց պատճառով «այնպես են խոչընդոտվել իրենց վերահսկողական աշխատանքները», որ ստիպված քրեական գործեր են հարուցվել։ Վ. Այվազյանն էլ հավելեց նրա ասածին այն, թե բռնագրավված ձուկը բաժանվել է ծերանոցներին, մանկատներին ու զորանոցներին։ Եվ զարմացավ, որ չնայած իրենց ջանքերին՝ լրագրողները շարունակ դժգոհում են ձկնագողությունից։ նախարարը կարեւորեց «Հայանտառ» ՓԲԸ-ի կարգավիճակի ու լիազորությունների փոփոխությունը, ընդգծելով, որ պահպանությունը պիտի տարանջատվի օգտագործումից, որը բիզնեսի մաս է դառնալու։ Իսկ հունվար ամսից հստակ ամրագրվելու է, թե ինչ պետք է հասկացվի կոնկրետ «սանիտարական հատում» հասկացության տակ։ Վ. Այվազյանը նկատեց նաեւ, որ Երեւանում կանաչ տարածքներին վերաբերող բոլոր հարցերով զբաղվում է քաղաքապետարանը, իսկ բնապահպանության նախարարությանը վերապահված է միայն բնապահպանական փորձաքննությունը, որի անհրաժեշտությունը հաճախ ծագում է շատ ուշ՝ քաղաքապետարանի տված թույտվությունից հետո միայն։ Մինչդեռ գնալով խաթարվում է Երեւանի կանաչ գոտին, որի հաշվին սնկի նման արագ աճում են բար-սրճարանները։ Սպասելի էր, որ բնապահպանության նախարարը, բնականաբար, չպետք է մոռանար խոսել ընդերքի օգտագործման եւ նրա շուրջ մամուլում եղած տեղեկությունների մասին։ Նա ոլորտի հետ բնավ չկապեց ոչ Գագիկ Պողոսյանի սպանությունը, ոչ էլ Մուրադ Մուրադյանի անակնկալ անհետացումը հանրապետությունից։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ