Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե

Դեկտեմբեր 25,2001 00:00

Իրավական պետություն դառնալու շեմին «Եթե անկեղծ լինենք, ապա կարող ենք ասել, որ Հայաստանում շատ քչերն են տիրապետում թե՛ մեր, թե՛ առավել եւս միջազգային օրենքներին, եւ իրավական խորհրդատվության կարիքը միշտ էլ զգացվում է։ Պարզապես ողջունելի է իրավական օժանդակություն տրամադրող այս ծրագրի ստեղծումը, քանի որ մենք իրավական պետություն դառնալու ճանապարհին ենք»: Այսպես իր ողջույնի խոսքը երեկ սկսեց մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը՝ «Երիտասարդների իրավական եւ սոցիալական աջակցության կենտրոնի» կազմակերպած հաշվետվության ժամանակ։ Ինչպես լրագրողներին ներկայացրեց կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանը, կազմակերպության առաջնեկ հանդիսացող «Մատչելի իրավունքներ» ծրագրի նպատակը Երեւանում բնակվող տարեցներին (50 տարեկանից բարձր) օժանդակելն ու անվճար իրավաբանական օգնություն տրամադրելն է։ Սակայն ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը ընդլայնել է ե՛ւ իր աշխարհագրությունը (շահառուներ է ընդգրկել նաեւ մարզերից), ե՛ւ իր ծառայությունների մատուցման տեսակները։ Անվճար իրավաբանական օգնություններ են տրամադրվել նաեւ երիտասարդներին։ 2001 թ. ապրիլի 5-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպությունը սպասարկել է 1320 շահառուի։ Ընդ որում, շահառուներից 1183-ը կազմակերպություն են դիմել երկու եւ ավելի անգամ, տարբեր խնդիրներով։ Տրամադրված խորհրդատվություններում մեծամասնություն էին կազմել կենսաթոշակային (17,5%), բնակարանային (17%), սոցիալական (11,5%) հարցերը։ Ներկայացվել են նաեւ գործարքներին եւ պայմանագրերին, սեփականության իրավունքին, ժառանգությանը, նպաստներին, պարտավորվածություններին, քրեական իրավունքին, աշխատանքային, ամուսնական եւ զինապարտությանն առնչվող զանազան հարցեր։ «Մատչելի իրավունքներ» ծրագիրը, ըստ պայմանագրի, պետք է ավարտվեր 2002 թ. հունվարի 5-ին, սակայն կազմակերպության անդամները, հաշվի առնելով այն փաստը, որ ծրագրի հիմքում ընկած խնդիրները շատ կարեւոր եւ հրատապ են, որոշում են կայացրել այն չդադարեցնել եւ շարունակել իրենց ներքին ռեսուրսների հաշվին։ Կազմակերպությունը 2001 թ. հոկտեմբերից իրականացնում է «Մարդու իրավունքների ռեսուրս կենտրոն» ծրագիրը, որի նպատակն է օգնել սոցիալապես անապահով ուսանողներին եւ երիտասարդներին՝ իրենց օրինական շահերի եւ իրավունքների պաշտպանության գործում։ Եվ ինչպես նշեց Ռ. Շառոյանը. «Ով՝ ով, բայց երիտասարդությունը պարտադիր պետք է իմանա, թե ինչ օրենքներ են գործում մեր երկրում»։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել