Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննությունը երեկ սկսվեց մեղադրող Գագիկ Ավետիսյանի կողմից ամբաստանյ

Դեկտեմբեր 25,2001 00:00

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹԻՎ ՈՒ ՀԱՇԻՎ ՉԿԱ «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննությունը երեկ սկսվեց մեղադրող Գագիկ Ավետիսյանի կողմից ամբաստանյալ Կարեն Հունանյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների հրապարակմամբ ու ճշտմամբ։ Ամբաստանյալ Կ. Հունանյանը վերջին նիստերում ակնհայտորեն իրեն պահում է ցինիկ եւ ցինիզմի ցանկացած դրսեւորում արդարացնում է «իմ իրավունքն է» ասելով։ Երեկ նույնիսկ այնքան առաջ գնաց, որ «պետական ահաբեկիչ» համարեց նախ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանին, «լկտի» անվանեց նախագահող դատավորին, իսկ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ քիչ էր մնում հանցակից դարձներ մեղադրող Գագիկ Ավետիսյանին։ Եղան մի քանի դիտողություններ այս կապակցությամբ, իսկ երբ ամբաստանյալը փորձեց վկայակոչել միջազգային ինչ-ինչ կոնվենցիաներ, նախագահող դատավոր Ս. Ուզունյանը նկատեց, որ շատ ավելի իրավունքներ են տրվել այս դատարանում ամբաստանյալներին, քան դա կարող էր արվել միջազգային ատյաններում… Ամբաստանյալն իր մարտավարությունն այսպես էր ընտրել. չպատասխանել մեղադրողի հարցերին, մանավանդ, երբ ակնհայտ էին նախաքննության եւ դատաքննության ժամանակ արված ցուցմունքների էական տարբերությունները։ Իսկ հակասությունները բազմաթիվ էին։ Մի դեպքում նա ասել էր, թե «հեղափոխության մասին» իրենց քեռի Վռամ Գալստյանին ասել են սեպտեմբերին, իսկ դատաքննության ժամանակ նույն ամբաստանյալը նշել էր, որ ասվել է ոճրագործությունից 3 օր առաջ։ Նախաքննության ժամանակ Կ. Հունանյանն ասել էր. «Բերել եմ իմ քեռուն, որ մեզ հետ միասին մասնակցի սպանություններին»։ Դատաքննության ժամանակ, ինչպես հիշում եք, նա համառորեն օգտագործում էր «հեղափոխություն» բառը։ Նախաքննության ժամանակ ամբաստանյալն ասել էր, որ վարչապետին եւ ԱԺ նախագահին սպանելու առաջարկն արել է իր եղբայրը։ Դատաքննության ժամանակ նա իրեն էր վերագրել կատարվածը։ Անգամ Ն.Բադալյանին հանդիպելու պահն էր, տարածքային իմաստով, փոխվել ցուցմունքներում։ Մի դեպքում ասվել էր, թե Ն. Բադալյանին հանդիպել են ԱԺ տարածք մտնելուց առաջ, մի դեպքում՝ աստիճանների մոտ, մի դեպքում՝ անցագրային բյուրոյի մոտ։ Այս ամբաստանյալի ցուցմունքները հակասական էին նաեւ երկու Նաիրիների հանդիպման եւ կարմիր թղթապանակի փոխանցման առումով։ Բոլոր տիպի հակասությունների ժամանակ ամբաստանյալը կրկնում էր, թե չի պատասխանի մեղադրողի հարցերին, սակայն մի քանի առարկություններ, որոնք արվեցին նրա կողմից, խոսուն կարող է լինել դատարանի դահլիճում նրա վարքագծի փոփոխությունը գնահատելիս։ Մասնավորապես, երբ հարցը տրված էր ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի կապակցությամբ, թե նա կանխավճա՞ր է տվել 200 դոլարը եւ ե՞րբ, ամբաստանյալը գերադասեց չպատասխանել, բայց երբ մեղադրող Գ. Ավետիսյանը «տեղեկացրեց», թե Սերոբ Տեր-Պողոսյանի վերջերս հրավիրված մամուլի ասուլիսում ամերիկահայ գործարարը չի թաքցրել իր նախկին հարաբերությունները Հունանյանների ընտանիքի հետ եւ ասել է, որ նրանք արժանի են ամենախիստ պատժաչափին, այստեղ ամբաստանյալի նյարդերը տեղի տվեցին եւ նա ասաց. «Գործով վկաների ասուլիսը գնահատող չեմ։ Երբ կգա եւ իր տեսակետը կհայտնի դատարանում, հեղափոխականի դիրքերից ելնելով, հակահեղափոխականի պատասխանը կտամ, որովհետեւ ես ունեմ փաստեր 2 տարիների պետական ահաբեկիչների կողմից վկաների վրա ճնշումների։ Պետական ահաբեկիչներն են ճնշում նրանց, որոնց թվում դուք եք, Հակոբ Մարտիրոսյան»։ Դատավորը նկատեց, թե ամբաստանյալը չարությամբ է հիշում զինդատախազությանը. «Տարօրինակ է, նույն հանդիմանությունն ուղղում եք նաեւ (թեեւ ես բաժանում չեմ կատարում) հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցչին»։ Նա նկատի ուներ մեղադրող Գագիկ Ավետիսյանին։ Սակայն դա էլ ամբաստանյալի դիրքորոշումը չփոխեց եւ նա, ընդհակառակը, հանդիմանեց մեղադրող Գ. Ավետիսյանին, որ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի բացարկի ժամանակ նա իր տեսակետը չի հայտնել… Իմիջիայլոց, դատելով Հունանյան եղբայրների մարտավարությունից, կարող ենք արձանագրել, որ մեղադրողների արանքում կասկածի «ցեց» գցելը այնքան էլ պատահական չէր, քանի որ մինչ այդ ամբաստանյալը մի «ջղայն» պահի թույլ էր տվել այսպիսի արտահայտություն. «Պարտադրված ուղղվածություն ունի մեղադրող կողմը, ոչ բոլոր մեղադրողները»։ Այս հնարքն էլ չանցավ։ Ամբաստանյալը սկսեց անձնավորված կռիվը։ Օրինակ, երբ մեղադրող Գ. Ավետիսյանը հարցրեց, թե հայրենիք ասելով ինչ է հասկանում, տվեց հետեւյալ «չպատասխանը». «Իմ հայրենիքը Հայաստանն է, ձեր հայրենիքը չգիտեմ»։ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալու հետ կապված դարձյալ անձնավորված էր ամբաստանյալի պատասխանը։ Երբ մեղադրողը հարցրեց, թե ինչպես է, որ մյուսների նկատմամբ չհրաժարվեց ցուցմունքներ տալուց եւ մարդիկ որոշակի ժամանակում ազատազրկվեցին, իսկ «ճնշումների առկայության» պայմաններում հրաժարվեց Վ. Սիրադեղյանի դեմ ցուցմունքներից, ամբաստանյալն ասաց. «Եթե ձեր անուն-ազգանունը պարտադրեին, ձեր անուն-ազգանունը կլիներ»։ Մեղադրողին այլ բան չէր մնում, քան հորդորել՝ չափի մեջ պահել իրեն։ «Ձեր հոր, ձեր մոր վրա օրինակներ բերեք»,- արդեն զայրացավ մեղադրողը, ինչից հիմա էլ «նեղսրտեց» ամբաստանյալը, ասելով՝ «իմ ծնողները կապ չունեն հանցագործության հետ»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել