Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ

Դեկտեմբեր 25,2001 00:00

Տակը պառկելն էլ չօգնեց Մինչ քաղաքապետը կտրում է օրինական ճանապարհով կառուցված որեւէ շինության կարմիր ժապավենը, իր ենթակայության տակ գտնվող չինովնիկներից ոմանք, միջնորդ հանդիսացող «հեղինակությունների» խոսքը գետնով չտալու համար, անօրինական ճանապարհով օրը մի «գործարք» են կնքում։ Երբեմն անթույլատրելի կառույցի համար թույլտվություն ստանալը տիրոջից մեծ գումարներ է խլում։ Որն էլ հետո ասելիք է դառնում. «Փող եմ տվել, բերաններ եմ փակել…»։ Երբեմն էլ, մի աստիճանավորի՝ օդի մեջ «կրակած» խոսքն էլ (դու հանգիստ արա, ես տեր եմ) բավական է լինում, որ նախորդ գիշերվա մտածածը «տղեն դուխով» իրականացնի։ Օրերս Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 52, Տիգրան Մեծի նրբանցքի թիվ 3, 3ա եւ 5ա շենքերի բնակիչները դիմել էին «Առավոտին»՝ իրենց բակում անօրինականորեն տեղադրված երկու ավտոտնակների ապամոնտաժմանն օգնելու խնդրանքով։ Դիմումի համաձայն, «սույն թվականի նոյեմբերի 11-ին, նույն հասցեի բնակիչ, բժիշկ Վահագն Գրիգորյանը, արհամարհելով բնակիչների կարծիքներն ու բողոքները, չունենալով համապատասխան թույլտվություն, կտրելով բակի 6 տարեկան ծառը եւ խախտելով հակահրդեհային, բարոյական եւ մյուս նորմերը, բակում գտնվող՝ անմիջապես միհարկանի տան հարեւանությամբ, Էրեբունու թաղապետարանի աշխատակիցների ներկայությամբ եւ աջակցությամբ տեղադրել է իր ավտոտնակը»։ Նշենք, որ Վ. Գրիգորյանը երեխաներից խլել է բակի միակ խաղահրապարակը, ինչի հետեւանքով փակվել է բակ ելումուտ անող ավտոմեքենաների տեսադաշտը։ Բնակիչների խոսքերով, «այդ տարածքը միակ ապահով վայրն էր, որտեղ երեխաները խաղում էին։ Իսկ այժմ վտանգն անխուսափելի է»։ Խնդրի առնչությամբ բնակիչները բազմիցս ահազանգել են 1-08, որտեղից ստացել են «ամեն ինչ կանենք, կզանգենք թաղապետարան՝ այդ հարցը կլուծվի» հուսադրող պատասխանները։ Սակայն ապարդյուն։ Հետո առանց Էրեբունու թաղապետարան դիմելու (քանի որ, ըստ նրանց, վստահ են եղել, որ այնտեղ նույնպես հարցը «լղոզելու» են) բողոքով դիմել են քաղաքապետարանի Ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչություն։ Որոշ ժամանակ անց վարչության պետ Հ. Մուրադյանը բնակիչների դիմումին ի պատասխան գրել է, որ «այդ շենքերի բակում, հարակից տարածքներից տեղափոխված թիթեղյա ավտոտնակների տեղադրման աշխատանքները վարչության կողմից դադարեցվելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով գրությամբ տեղյակ է պահվել Էրեբունի համայնքի թաղապետարան»։ Բայց բնակիչների կարծիքով՝ «թաղապետը երեւի տեղյակ էլ չէ այս խնդրին, քանի որ թաղապետարանի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել այն կանխելու համար»։ Նկատենք, որ Հ. Մուրադյանի տված պատասխանում, որտեղ ասվում էր ավտոտնակների՝ հարակից տարածքներից տեղափոխված լինելու մասին, բնակիչների հավաստմամբ, ավտոտնակը նոր էր բերվել եւ ժամանակավորապես (մոտ 10 օր) տեղադրված է եղել հարեւանությամբ գտնվող ֆրանսիական դպրոցի բակում։ Այնուհետեւ վերամբարձ կռունկով տեղափոխվել եւ մի որոշ ժամանակ մնացել է օդում (գուցե հարակից տարածք օ՞դն են համարել), քանի որ բնակիչներից մեկը չկարողանալով այլ կերպ պայքարել անօրինականության դեմ, պառել է դրա տակ, որպեսզի ավտոտնակն այդտեղ չտեղադրեն։ Այնուհետեւ տեղադրվել է երեխաների խաղահրապարակում։ Բնակիչների, ինչպես նաեւ մեզ համար այդպես էլ «մութ» մնաց Հ. Մուրադյանի տված պատասխանի՝ թիթեղյա ավտոտնակների տեղադրման աշխատանքները դադարեցվելու մասին հատվածը եւս։ Դրանք հո քարաշե՞ն չեն, որ շինարարական աշխատանքները դադարեցվեն։ Իսկ «Առավոտի» կատարած ուսումնասիրությունների հիման վրա Հ. Մուրադյանին հայտնենք, որ թիթեղյա ավտոտնակների «շինարարական», ինչպես նաեւ կոսմետիկ աշխատանքներն արդեն ավարտված են, չորս բոլորը՝ բետոնապատված։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել