Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջերմուկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Տեր-Ստեփանյանն, ըստ երեւույթին, որոշելով, որ հանրապետության նախա

Դեկտեմբեր 25,2001 00:00

«ԾԱՌԱՆ» ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ «Ջերմուկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Տեր-Ստեփանյանն, ըստ երեւույթին, որոշելով, որ հանրապետության նախագահն արդեն աշխատատեղերի հաշվագրումն արել-վերջացրել է ու հանրությանն է ներկայացրել, հանդես է եկել գործարանում հաստիքացուցակի եւ աշխատավարձերի կրճատման հրամանով։ Ուշագրավն այն է, որ պրն Տեր-Ստեփանյանն իր այս եւ մյուս վիճելի որոշումները չի համաձայնեցրել ընկերության բաժնետերերի հետ։ Գործադիր տնօրենի հրամանում նշվում է. «Ջերմուկ» ՓԲԸ-ն, գտնվելով ծանր ֆինանսական վիճակում, այլեւս չի կարող հասույթի մոտ 30%-ը հատկացնել աշխատավարձի ֆոնդին, ուստի ստիպված է զգալի կրճատել իր աշխատակիցներին վճարվող աշխատավարձը, որոշ աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը (ժամկետը լրանալուն պես) դադարեցնել եւ ժամանակավորապես դադարեցնել աշխատակիցներին տրվող անվճար սնունդը։ Ելնելով վերոհիշյալից, հայտնում ենք, որ 2002թ. հունվարի 1-ից ձեզ հետ նոր աշխատանքային պայմանագիր չի կնքվի»։ Բաժնետերերին այս մասին տեղյակ պահելով, ընկերության 50-ից ավելի աշխատակիցները նաեւ նշում են. «Գործադիր տնօրենն իր նշանակման օրվանից մի քանի անգամ իջեցրել է աշխատանքային դրույքաչափերը, պատճառաբանելով գործարանի ֆինանսական ծանր վիճակը»։ Սրա դեմ բողոքում են ընկերության 50-ից ավելի աշխատակիցներ ու պահանջում ապահովել կայուն աշխատանքով եւ աշխատավարձով, ինչպես նաեւ ընկերության աշխատողների մասնակցությամբ ժողով հրավիրել։ Հետաքրքիր է, որ ընկերության ծանր ֆինանսական վիճակը գործադիր տնօրեն Արմեն Տեր-Ստեփանյանին չի խանգարում ամսական 1200 դոլար աշխատավարձ ստանալ։ Ինչ վերաբերում է անվճար սնունդը դադարեցնելուն, ապա ամենամեծ բաժնեմասն ունեցող փայատիրոջ՝ Կայծակ Զեյթիլյանի լիազոր ներկայացուցչի՝ Սարգիս Հացպանյանի պնդմամբ, անվճար գործող ճաշարանն աշխատում է ոչ թե ընկերության ֆինանսական միջոցների, այլ անմիջականորեն բաժնետերերի տրամադրած գումարների հաշվին։ Այնպես որ, ըստ Ս. Հացպանյանի, գործադիր տնօրենը ճաշարանը փակելու իրավունք չուներ։ Պրն Հացպանյանի մեկնաբանությամբ, ընդհանրապես, գործադիր տնօրենի մի շարք որոշումներ ու նախաձեռնություններ չեն բխում ընկերության կանոնադրությունից։ Օրինակ, աշխատակիցներից ստացած տեղեկությունների համաձայն, Ա. Տեր-Ստեփանյանը գործավարուհուն արգելել է ընկերության աշխատողներից դիմում, բողոք ընդունել։ Այնինչ, դրանք սովորաբար ամենատարբեր բնույթի են լինում՝ օրինակ, աշխատանքային ձեռնոցներ տրամադրելու վերաբերյալ։ Իսկ վերջին «ռեկորդն» այն է, որ ըստ Ս. Հացպանյանի, գործադիր տնօրենն ընկերության աշխատակիցներին հրահանգել է Ս. Հացպանյանին, որը նույնն է, թե գլխավոր բաժնետիրոջը թույլ չտալ մտնել ընկերության տարածք։ Իսկ խմբագրությունում առկա մի փաստաթղթով խոչընդոտում է ՓԲԸ-ի վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքը՝ փաստաթղթեր տրամադրելու խնդրանքին ի պատասխան նշելով. «Գործադիր տնօրենը բաժնետերերի ծառան չի, առավել եւս՝ վերստուգիչների» (գրության պատճենն առկա է խմբաերությունում)։ Նկատենք, որ վերստուգիչ հանձնաժողովը ստեղծվել է բաժնետերերի խորհրդի որոշմամբ եւ գործադիր տնօրենի ընդամենը «անունն» է տնօրեն, իրականում պարտավոր է բավարարել սեփականատիրոջ գործին առնչվող բոլոր պահանջները։ Բաժնետիրոջ լիազոր ներկայացուցչի՝ Սարգիս Հացպանյանի տեղեկատվության համաձայն, «ընկերությունն իր ստեղծման օրվանից առ այսօր շահաբաժին չի տալիս բաժնետերերին, որովհետեւ շահույթ ցույց չի տրվում»։ Ի դեպ, պրն Հացպանյանը կասկածներ ունի, թե գործադիր տնօրենը պետությունից թաքցնում է հարկերը։ Բնականաբար, այս ամենի վերաբերյալ գործադիր տնօրեն Արմեն Տեր-Ստեփանյանն իր բացատրություններն ուներ: Նախ, ըստ նրա, բաժնետերերի ժողովն իրեն լիազորել է աշխատակիցներին ընդունել եւ ազատել: Աշխատավարձերն ու աշխատատեղերը կրճատվել են ընկերության շահերից ելնելով, քանի որ, գործադիր տնօրենի հաշվարկով, հակառակ դեպքում, արտադրանքի ինքնարժեքը բարձր է լինում: Իսկ ճաշարանի համար, ըստ նրա, բաժնետերերն «ամբողջ 2001թ. ընթացքում ոչ մի կոպեկ չեն տվել»: Ինչ վերաբերում է 1200 դոլար աշխատավարձին, ապա ընդամենը մի քանի ամիս են բաժնետերերը, Ա. Տեր-Ստեփանյանի պնդմամբ, իրեն այդքան աշխատավարձ տվել, ի դեպ, իրենց գրպանից: Գործավարուհուն էլ, դիմում չվերցնելու կարգադրություն, ասաց, որ չի արել: Ի դեպ, Տեր-Ստեփանյանը չհերքեց, որ կարգադրել է Ս. Հացպանյանին ընկերության տարածք չթողնել: Իսկ Սարգիս Հացպանյանը բողոքում է, որ այս բոլոր հարցերը կարգավորելու նպատակով չի կարողանում բաժնետերերին հավաքել ընդհանուր ժողովի: Իսկական խառնաշփոթի մեջ աշխատակիցները դիմելով գործադիր տնօրենին՝ նկատում են. «մեր գործի շնորհիվ է, որ դուք աշխատանք ունեք եւ հաց եք ուտում, ոչ թե հակառակը»: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել