ՈՒԺՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է ՊԱՏՈՒՄ Երեւի ոչ բոլորը գիտեն, որ հանրահայտ Անդրեյ Կարաուլովը մոսկովյան ՁԹՃ ալիքով շարունակում է վարել «Ճշմարտության պահը» հաղորդաշարը: Այդ ալիքը թեեւ չունի ռուսաստանյան հիմնական հեռուստաընկերությունների թափն ու հեղինակությունը, բայց հեռարձակվում է Ռուսաստանի եվրոպական մասում, ինչպես նաեւ՝ ԱՊՀ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Կարաուլովի «աշխատանքային սկզբունքները» քաջ հայտնի են եւ առանձին մեկնաբանությունների կարիք չեն զգում: Այս անգամ նրան, հավանաբար, շատ «լավ նայեցին» ազերիները, եւ նա մեծ ջանասիրությամբ փորձեց «ապացուցել», որ Հայաստանը տեռորիստական երկիր է՝ բավականին սիրողական մակարդակով լուտանքների եւ հերյուրանքների հեղեղ թափելով մեր գլխին: Ասում եմ՝ «մեր», որովհետեւ տվյալ դեպքում, ասենք, Զորի Բալայանը, ինչպես էլ ես նրան վերաբերվեմ, Հայաստանի ներկայացուցիչ է, եւ ադրբեջանական քարոզչության Կարաուլովի շուրթերով հնչեցրած հերյուրանքները վիրավորանք են հենց մեր հասցեին: Վերջում հաղորդման հեղինակները կոչ են անում Հայաստանի նախագահին՝ պատասխանել մեղադրանքներին: Հավանաբար, Հայաստանի նախագահը պարտավոր չէ պատասխանել ամեն մի անհեթեթության ու զառանցանքի: Առավել կարեւոր է մեկ այլ հարց. մեր իշխանությունը հսկայական միջոցներ եւ ուժեր է ծախսում ներքին քարոզչության համար՝ ապացուցելու, որ բոլոր նրանք, ովքեր որեւէ հարցում հակադրվում են Քոչարյանին, դավաճան են, հանցագործ եւ «մոսկա»: Այստեղ ռեսուրսների ակնհայտ վատնում է գնում՝ ընկածին, թույլին խփելու համար ո՛չ մեծ խելք է պետք, ո՛չ էլ արիություն: Մտավոր զգալիորեն ավելի մեծ ճիգեր են հարկավոր՝ արտաքին քարոզչություն կազմակերպելու համար: Դրանով զբաղվում են աշխարհի բոլոր երկրները՝ ջանալով իրենց պետությունը, իրենց երկիրը, իրենց ժողովրդին լավագույնս ներկայացնել միջազգային հանրությանը եւ թույլ չտալ մրցակից պետություններին հակառակն անել: Մեզ մոտ դա չի արվում՝ իշխանական քարոզչամեքենայի ուժն ու խելքը պատում է միայն տեղական ընդդիմադիրների վրա: Ա. Ա.