Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների գնահատմամբ, 2001-ին Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը մեծ նվաճումներ է արձա

Դեկտեմբեր 25,2001 00:00

Հայաստանը՝ անվստահելի գործընկեր Իշխանությունների գնահատմամբ, 2001-ին Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը մեծ նվաճումներ է արձանագրել: Այդ գնահատականին, մասնավորապես «Սոցիալիստական Հայաստան» միության քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանը, վերապահումով է վերաբերվում: Նրա գնահատմամբ՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականությունը գործընկեր պետությունների նկատմամբ վստահելի անվանել չի կարելի: Ա.Մանուչարյանը՝ ամփոփելով 2001թ., նախ անդրադարձավ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին եւ նշեց, թե այդ հարաբերություններում, ինչպես մյուս բոլոր դեպքերում, բացակայում էր վստահության գործոնը: «Բոլոր այն գործարքները, որոնք կնքվել են այդ երկրների միջեւ, միանգամայն այլ որակ ունեն եւ շատ դեպքերում անընդունելի են Հայաստանի շահերի տեսանկյունից: Ոմանք փորձում են հակադրվել, թե, այնուամենայնիվ Ռուսաստանը մեզ գազ է մատակարարում, ասել է թե՝ մեր հարաբերություններն այդ երկրի հետ այնքան էլ վատ չեն: Վստահության վրա խարսխված համագործակցությունն անհրաժեշտ եւ որոշիչ գործոն է բոլոր դեպքերում, բայց հատկապես Ռուսաստանի պարագայում»,- պնդեց Ա.Մանուչարյանը: Ըստ նրա, Ռուսաստանն իր վարած քաղաքականությամբ փորձում է վստահության պակասը փոխհատուցել նրանով, որ հարցականի տակ է դնում Հայաստանի կարեւորագույն շահերը, ընդհուպ մինչեւ մեզ զրկելով սեփականությունից, եւ Հայաստանին կախվածության մեջ պահելով Ռուսաստանից՝ միաժամանակ չկորցնելով մեր ժողովրդի վստահությունն իր նկատմամբ: Ա.Մանուչարյանն անդրադարձավ նաեւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի, իբր, տապալմանն ու այն հանգամանքին, որ դա եւս իշխանությունների կողմից ներկայացվում է որպես հաջողություն: «Կոնկրետ այդ հանձնաժողովի հետ կապված ոչ թե իշխանությունները, այլ՝ հայ ժողովուրդն է մեծ հաղթանակ գրանցել»,- նկատեց Ա. Մանուչարյանը: Ըստ նրա, մեր իշխանությունները հերթական անգամ այդ հարցում իրենց դրսեւորեցին որպես անվստահելի գործընկեր, երբ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նախաձեռնությունը՝ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծման գաղափարը, ձեւականորեն ընդունեցին, խրախուսեցին, բայց իրենց քարոզչամիջոցներով սկսեցին թափով դրա դեմ աշխատել՝ միաժամանակ սեպ խրելով Սփյուռքի հայ համայնքի՝ ավանդական եւ Հայ Դատը հետապնդող կուսակցությունների ու հիշյալ հանձնաժողովի ստեղծման գործում մեծ ակտիվություն դրսեւորած Ամերիկայի Հայկական ասամբլեայի միջեւ: Ըստ Ա.Մանուչարյանի՝ նաեւ դրա արդյունքում էր, որ հայկական լոբբիստական գործունեությունը ԱՄՆ-ում կորցրեց իր միասնականությունը եւ տանուլ տվեց 907 բանաձեւի պահպանման խնդրում: Նա անդրադարձավ 2001-ի ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտում արձանագրված, նրա գնահատմամբ, եւս մեկ բացթողմանը: Խոսքը Նյու Յորքում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Հայաստանի դիրքորոշման ու պահվածքի մասին է, որը շատ որոշակիորեն առնչվում է նաեւ հայ-իրանական հարաբերություններին: Պարոն Մանուչարյանը նկատեց, որ Հայաստանը սեպտեմբերի 11-ից հետո կարող էր ավելի ակտիվ դերակատարում ունենալ, քան՝ ցավակցություն հայտնելն ու ԱՄՆ-ին ցուցաբերվող վերացական աջակցության մասին խոստումներն էին կամ լռակյաց կամակատար լինելը: Նրա պնդմամբ, Հայաստանն այդ փուլում կարող էր ավելի դրական դերակատարում ունենալ, եթե ակնարկեր կամ առաջարկեր Իրանին եւ ԱՄՆ-ին՝ երկու տարբեր քաղաքակրթությունների, երկխոսություններ սկսել՝ հաշվի առնելով մուսուլմանական աշխարհի հետ հարաբերության իր փորձառությունը: «Դա մեզ համար հույժ կարեւոր կարող էր լինել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում»,- կարծիք հայտնեց Ա.Մանուչարյանը: Մյուս կողմից, նա տեսակետ հայտնեց, թե քանի դեռ գերտերությունները զբաղված են հակաահաբեկչական գործողություններով, Հայաստանը, Ղարաբաղն ու Ադրբեջանը պետք է օգտվեն ստեղծված «պաուզայից» եւ հանդես գան հայ-ադրբեջանական կամ տարածաշրջանի երկրների համատեղ նախաձեռնություններով, որոնք կարող են օգտակար լինել հակամարտության լուծմանն ուղղված բանակցությունների ժամանակ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել