Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ է քաշելու «27»-ի վարագույրը

Դեկտեմբեր 25,2001 00:00

ԽԱՄԱՃԻԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ Ո՞վ է քաշելու «27»-ի վարագույրը «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալներից Մուշեղ Մովսիսյանը (ԱԺ պատգամավոր) եւ Ալեքսան Հարությունյանը (ՀՀ նախագահի խորհրդական), փաստորեն, մերժեցին խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հրավերը՝ ներկա լինել նիստերին եւ պատասխանել հանձնաժողովի հարցերին։ Նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանից բացի, երեկ համարձակություն ունեցավ հանձնաժողովի նիստին ներկա գտնվել ՀԱՀ-ի փոխտնօրեն, «27»-ի գործով նախկին մեղադրյալ Հարություն Հարությունյանը։ Հիշեցնենք, որ վերջինիս գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Հարություն Հարությունյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ ինքը մոտ 10 օր առաջ դիմել է դատախազություն, կալանավորված ժամանակահատվածում իր նկատմամբ կիրառված բռնարարքների, ուժի գործադրման եւ այլնի առիթով քրեական գործ հարուցելու խնդրանքով։ Զերծ մնալով կողմնակալ կարծիք արտահայտելու գայթակղությունից, պարզապես փաստենք, որ գրեթե նույնքան օր առաջ է պրն Հարությունյանը ստացել ժամանակավոր հանձնաժողովի հրավերը։ Եթե իր ազատ արձակվելուց մոտ մեկուկես տարի անց է պրն Հարությունյանը որոշել դիմել դատախազությանը, մեզ մնում է ուղղակի թեթեւ կասկած հայտնել, որ վերջինս հանձնաժողովականների մոտ իր «ալիբին» հատուցելու խնդիր է ունեցել։ Ինչեւէ, վերադառնալով բուն հանձնաժողովի նիստին, ասենք, որ, Հարություն Հարությունյանի ներկայացմամբ, ազատազրկման մեջ գտնվելու բոլոր ամիսների ընթացքում նրան ծեծել են եւ սպառնացել, իսկ քննիչ Սամվել Հովհաննիսյանը շատ պարզ ասել է. «Մենք շատ լավ էլ գիտենք, դու էս գործի հետ կապված ես, թե կապված չես, էս բանը գրի… Իրենք ուզում էին, որ ես Տիգրան Նաղդալյանի դեմ ցուցմունք տայի։ Պարզ ասում էին՝ Տիգրանի վրա ցուցմունքը գրի, Տիգրանից հետո մի երկու հոգի էլ կա, կմաքրենք ու կպրծնենք։ Հետո մենք կգանք իշխանության, ինչ որ պետք է, կանենք։ Գլոբուս էին առաջարկում։ Ես գրում էի ցուցմունքը, ընտանիքիս ուղարկում էին, ուր որ ես կուզեի, ընտանիքս այնտեղից զանգում էր, ասում էր, որ ապահով տեղ են հասել, այստեղից էլ ինձ էին ազատում»։ Այս ամենը պատմելուց հետո՝ Հ. Հարությունյանն ասաց, որ քննչական խմբի արածները «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման շահերից չէին բխում։ Հ. Հարությունյանի ներկայացմամբ, իրեն մեկ ամիս շարունակ զրկել են դատապաշտպանի հետ հաղորդակցվելու հնարավորությունից՝ պատճառաբանելով, թե գրիպի համաճարակ է, մինչդեռ քննիչները 10-12 հոգով գնացել-եկել են, ծեծել-հարցաքննել են։ Հանձնաժողովի անդամ, ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը նկատեց, որ իրենք պետք է մյուս կողմին եւս լսեն կարծիք կազմելուց առաջ, քանի որ եթե քննչական խումբը ձերբակալել էր Հարություն Հարությունյանին, շատ հանգիստ կարող էր ձերբակալել նաեւ Տիգրան Նաղդալյանին եւ հենց նրան ստիպել ինքն իր դեմ ցուցմունք տալ։ Հ. Հարությունյանի պատմածի մեջ, ըստ Ստ. Զաքարյանի՝ տրամաբանություն չկար։ Ինքը՝ Հ. Հարությունյանը, բացատրեց, որ տրամաբանությունը քննիչ Սամվել Հովհաննիսյանն է բացատրել։ Ասելով, որ բոլորը խոսում են այն մասին, որ Նաիրին ում անունը տալիս է, ձերբակալում են, իրենց հարկավոր է, որ Տիգրանի անունը ոչ թե Նաիրին տար, այլ՝ Հ. Հարությունյանը. «Մարդը պարզ առաջարկեց պայմանը՝ Նաիրին գրեց իմ վրա, ես էլ գրեմ Տիգրանի վրա»։ Նապոլեոն Ազիզյանին հետաքրքիր էր Հ. Հարությունյանի կարծիքը Նաիրի Հունանյանի մասին։ Ըստ Հ. Հարությունյանի. «Ես չեմ կարող ասել՝ ինքը հիմար է, թե հիմար չէ, բայց ինքը խելացի է»։ Հետո պրն Հարությունյանն ասաց, որ ամբաստանյալը իր միջոցներով ընդունվել է համալսարան, ավարտել է, ակտիվ է եղել եւ «էդ մարդուն բերել են, գցել են մի շրջապատի մեջ, որտեղ թերուս քննիչներ են։ Բերել են մի քննչական խմբի մեջ են գցել, որոնք պետք է միայն զինվոր բռնեն-դատեն։ Ի վիճակի չեն քննություն կատարելու։ Էդ մարդուն գցել են սրանց մեջ, էս էլ բռնել ա ու խաղացնում ա։ Ինչ պայման առաջարկում են, Նաիրիին ձեռք է տալիս, գրում է»։ Մենք պարզապես շատ կուզենք տեսնել զինդատախազ, նախաքննության մարմնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանի դեմքի արտահայտությունը Հարություն Հարությունյանի այս խոսքերից հետո։ Վստահ ենք, պրն Ջհանգիրյանը ասելիք կունենա նաեւ այս առումով։ Հ. Հարությունյանը պատմեց, որ հարցաքննությունների ժամանակ իր ներկայացրած բոլոր հակափաստարկները որոշ ժամանակ անց «սարքվում էին» քննիչների եւ Նաիրի Հունանյանի կողմից։ Հանձնաժողովի անդամ Նապոլեոն Ազիզյանը խնդրեց, որ հանձնաժողովի հյուրն անվանական-կոնկրետ ասի, թե ովքեր են իրեն ծեծել, եւ արդյո՞ք Գ. Ջհանգիրյանը տեղյակ էր այդ ծեծից։ Հ. Հարությունյանն ասաց, որ Գ. Ջհանգիրյանը փաստաբանի միջոցով տեղեկացված է եղել իր դիմում-բողոքի մասին, բայց. «Ես Ջհանգիրյանի հետ ոչ մի անգամ չեմ հանդիպել, էդ մարդուն իմ անձը չէր հետաքրքրում։ Ես Ջհանգիրյանին տեսել եմ ընդամենը հինգ րոպե»։ Կոնկրետ անունների մասով Հ. Հարությունյանն ասաց, որ իրեն ծեծել են քննիչ Խաչիկ Ղալթաղչյանը, Սամվել Հովհաննիսյանը, Հրաչ Այվազյանը, ոմն Նարեկ, որն իրեն ավելի զուսպ էր պահում, եւ մի խումբ տղաներ, որոնց Հ. Հարությունյանը միայն դեմքով կարող է ճանաչել։ Հանձնաժողովը որոշեց հրավիրել նաեւ վերոհիշյալ անձանց եւ նաեւ միջնորդել, որպեսզի դատախազությունը քննության առնի Հ. Հարությունյանի դիմումը։ Թեպետ հանձնաժողովի գրեթե բոլոր անդամներն էին համոզված, որ միեւնույն է, որեւէ քննիչ երբեք չի խոստովանի, որ ինքը ծեծել է որեւէ մեղադրյալի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել