Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցազրույց ռեժիսոր Արմեն Մազմանյանի հետ

Դեկտեմբեր 22,2001 00:00

«ԲԵՄԻՑ ԵՆ ՍԿՍՎՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» Հարցազրույց ռեժիսոր Արմեն Մազմանյանի հետ «Եթե զբաղվել քաղաքականությամբ, նշանակում է երազել ստեղծել մի հասարակություն, ուր ամեն մարդ ազատ է եւ միեւնույն ժամանակ գիտակցում է, որ յուրաքանչյուրի ազատությունը վերջանում է այնտեղ, ուր սկսվում է դիմացինի ազատությունը, ապա այն ամենը, ինչ ես արել եմ ամբողջ կյանքում՝ քաղաքականություն է»,- Ֆեդերիկո Ֆելինի։ – Ինչպե՞ս եք տեսնում ձեզ այսօրվա իրականության մեջ եւ ի՞նչ ծրագրեր ունեք։ – Կոնսերվացված մի անձ, որին հիշում են միայն այն պահին, երբ կա շատ պատասխանատու գործ, օրինակ, «Էքսպո- 2000 ազգային-մշակութային օրը» ղեկավարել եւ բեմադրել։ Ուրախ եմ, որ բախտ եմ ունեցել լինելու այդ ռեժիսորը 100-ամյակի փակման բաբելոնյան հավաքում՝ 155 ազգերից ճանաչվելով լավագույններից մեկը։ Շնորհակալ եմ անգամ այդքանի համար։ Ես այն կարծիքին եմ, որ եթե դու անհրաժեշտ ես հասարակությանը, ապա անպայման կգտնես քո տեղը։ 80 թվից աշխատել եմ դերասան եւ ռեժիսոր Կամերային թատրոնում, որոնք իմ կայացման տարիներն էին։ 88-ին թատրոն-լաբորատորիան ստեղծվեց։ Ես ինձ կոմերսանտ չեմ համարում, սակայն ստիպված եղա զբաղվել առեւտրաշահագործունեությամբ՝ «Գոյ» թատրոնը պահելու համար։ Այս տարի խաղացել եմ երկու դեր, մեկը՝ «Հայֆիլմում», մյուսը՝ «Մոսֆիլմում», որպես դերասան, սա՝ ուղղակի ընկերներիս շնորհիվ։ – Հիմա, երբ «Գոյ» թատրոնը չի գործում, կարելի՞ է լուծված համարել ձեր եւ Ա. Մկրտչյանի միջեւ եղած վեճը։ – Ոչ։ Սկզբում «Գոյ» թատրոնը չուներ աշխատատեղ եւ լուսահոգի Վարպետի ցանկությունն էր, որ աշխատեինք այնտեղ եւ ե՛ս տնօրինեի այդ հաստատությունը, հետո պարզվեց, որ հայտնվել են պապական ժառանգորդներ՝ ի դեմս Ա. Մկրտչյանի։ Նա լինելով կինոռեժիսոր, չգիտես ինչու, որոշեց զբաղվել թատրոնով եւ արդյունքում ոչնչացրեց Գյումրիի թատրոնի պես հրաշալի, կայացած թատրոնը։ Ի վերջո, Վարպետը իր եղբոր տեղը բոլորից լավ գիտեր, կարող էր նրան վստահել։ Տարօրինակն այն է, որ 200-300 արվեստագետ կառավարությանը նամակ էին հղել, թե խնդրում են, որ տարածքը մտցվի չսեփականաշնորհվող շենքերի ցուցակի մեջ եւ կոչվի Մհեր Մկրտչյանի անվան թատերատուն, բայց այդ նամակի տակ չստորագրեց Ա. Մկրտչյանը։ Վարպետը վստահել է ինձ եւ ես մինչեւ վերջ պահանջելու եմ, որ այդ շենքը լինի նրա երազած ազատ հարթակը, որ այնտեղ լինի թատերական կյանք, թող չլինի ոչ մեկինը, բայց այդ թատերական օջախը՝ Մհեր Մկրտչյանի վերջին տունը, պիտի մտցվի չսեփականաշնորհվող շենքերի ցուցակում եւ պիտի ճանաչվի այնպես, ինչպես, ասենք, Արամ Խաչատրյանի տունը։ Իսկ ինչ վերաբերում է «Գոյ» թատրոնին, ապա, որպես հետեւանք, ցավով պիտի փաստեմ, որ տասնամյա միջազգային ճանաչում ձեռք բերած թատրոնը այդպես էլ «միտումնավոր» չնկատվեց եւ ոչ մի լուրջ աջակցություն նրա պահպանման համար չարվեց։ Վստահ եմ, որ թատրոնը կրկին կգործի, առավել եւս, որ կա նոր սերունդ, որն արդեն այսօր ունի իր խաղացանկը, օրինակ՝ վերջերս բեմադրվեց Գարեգին Նժդեհի «Հայաստան եւ ճշմարտություն» գործը։ – Ձեզ ի՞նչը դրդեց զբաղվել քաղաքականությամբ. արվեստում դուք կարծես ավելի ճիշտ տեղում եք։ – Նախ, որովհետեւ այստեղ ինձ հիշում են երկու տարին մեկ, երբ անհրաժեշտ եմ, իսկ իմ հնարավորությունները եւ ցանկությունները աշխատելու՝ շատ ավելին են։ Եվ այո, ես չեմ կարող հանգիստ նայել, որ այն պետությունը, որտեղ ես ապրում եմ, ունենա այնպիսի հասարակություն, որի կրթությունը, հոգեւորը, մշակույթը, արվեստը, գիտությունը լինի այս մակարդակի վրա։ Այսօրվա վիճակը վաղը ավելի է խտացնելու դասալիքների բանակը։ Բայց սերունդը չէ, որ մեղավոր է։ Մեղավոր ենք մենք եւ պիտի պատասխան տանք։ Այսօր մտավորականները մի կողմ են քաշվել՝ «Իմ գործը չէ»։ Իսկ ո՞ւմ գործն է։ Ցավով եմ հիշում, երբ կար ժամանակ, որ մեր ավագ սերնդի մտավորականին թեկուզ փողոցում տեսնելն ու բարեւելը պատիվ էր համարվում։ Այն օրից ի վեր, երբ հասարակ մահկանացուն տեսավ, որ իր մտավորականը մի կտոր հացի համար ոնց ասես կծախվի, միայն թե լինի պալատական, միայն թե շքանշան տան, այդ պահից ժողովուրդը նրանց բանի տեղ չի դնում եւ չի հավատում նրանց բարոյական քարոզներին։ – Ինչո՞վ է պայմանավորված թատրոնի այսօրվա վիճակը։ – 90 թվից ի վեր որոշ մարդիկ, ըստ իս, եկել են այն համոզման, որ թատրոնը հասարակական-սոցիալական հզոր ուժ է եւ այն պետք է ոչնչացնել։ Այո՛, բեմում ծնվում են մտքեր, այո՛, բեմից սկսվում են հեղափոխություններ՝ գիտակցության, արժանապատվության, հոգեբանության հեղափոխություններ։ Եվ ես այն տպավորությունն ունեմ, որ թատրոնը հատուկ հասցվեց այս վիճակին եւ դա ո՛չ սոցիալական, ո՛չ տնտեսական վիճակից է, ո՛չ էլ պատահականություն է։ Այսօրվա մշակույթի նախարարության բյուջեն բավական է։ Ճիշտ բաշխման դեպքում հնարավոր է հրաշալի արդյունք ստանալ։ Այսօր մեր թատրոններում իշխում են գեղագիտական եւ հասարակական մեծ պրետենզիաներ չունեցող մարդիկ, որոնք չեն կարող սուր անկյուններ առաջացնել եւ դա ձեռք է տալիս։ – Դուք անմիջական մասնակցություն եք ունեցել 1700-ամյակի տոնին, ի՞նչ կասեք այդ մասին։ – Հոգեւոր եւ գեղագիտական արժեքների վերագտնման փորձ արվեց, չասեմ, որ լիովին հաջողվեց։ Ամեն ինչ, ցավոք, սկսվեց ուշ, քան պետք էր եւ փողն էլ ոչ մի կերպ չէր բավականացնում։ Չնայած, ճիշտ կազմակերպման դեպքում, այդ գումարները ետ կգային։ Սփյուռքը մի քիչ ավելի մերձեցավ։ Աշխարհը լսեց Հայաստանի մասին։ Պարզապես մենք ինքնաճանաչման, ներքին խնդիրներ ունենք լուծելու։ Մի քանի լավ բաներ եղան, անշուշտ, տոնական ինչ-ինչ ծրագրեր հաջողվեցին. Գյումրիի տոնը եղավ, առիթ ունեցանք լսելու Լա-Սկալա, հունվարի 3-ի տոնը, դաշնամուրային փառատոնը։ Մշակութային կյանքն արթնացավ, որ մեզանում գնալով մեռնում է։ Սակայն մենք անգամ այս տոնին չկարողացանք միասին լինել։ Մշակույթի նախարարությունը անում էր իր ծրագիրը, շեշտելով՝ մշակույթի նախարարությունը, Հայ առաքելական եկեղեցին՝ իր ծրագիրը, շեշտելով Հայ առաքելական եկեղեցին։ Հոգու եւ լույսի միացման խնդիր էր եւ այս անգամ էլ չկարողացանք իրար հետ եւ իրար համար ապրել։ 31-ի գիշերվա մառախուղի մասին ամեն ինչ ասվեց եւ կապվեց Մազմանյանի հետ, որի բախտը իբր բերեց՝ Խ. Հարությունյանի եւ նախագահի հետ, մի հոգեւորական էլ ասաց. «Աստծուն հաճո չէր» (ի՞նչը)։ Բայց ոչ ոք քաջություն չունեցավ ասելու (շատ կլիներ հասարակ մահկանացուներիս համար 1000-ամյակի շեմին, երբ սեւ մառախուղ լինում է 1000 տարին մեկ), որ, այո, դա խորհուրդ ուներ, որ համազգային մեր մոմավառությունը չընդունվեց։ Այդ մի օրը Աստծուն պետք չէր։ Հավատքը կամ իսկապես հավատք է, կամ՝ չէ։ Եվ դրանից մենք պիտի ազգովին հետեւություն անեինք։ Հիշո՞ւմ եք Սեւակին, մարգարեացել էր կարծես /Արդեն 10 տարի, 110 տարի// ես վախենում եմ բյուրավոր եւ սուտ հավատացյալից/ ու թե Աստված ես՝ հանգցրու նրանց մոմերն այլազան/։ Ինքը՝ ծեսը ներսից չէր, եւ Աստված չընդունեց մեր համազգային «ձեւականությունը»։ Այո, Աստծուն հաճո չէր։ Մենք ազգովին պիտի մտածենք, թե ի՞նչը եւ ինչո՞ւ հաճո չէր։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել