Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրերս ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ձեռնամուխ եղավ նոր մրցաշրջանի նախապատրաստմանը։ 2002 թվակ

Դեկտեմբեր 22,2001 00:00

«Փյունիկը» սկսեց մարզումները Օրերս ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ձեռնամուխ եղավ նոր մրցաշրջանի նախապատրաստմանը։ 2002 թվականը բավականին ծանր է լինելու թիմի համար. հանրապետության գավաթի խաղարկություն, երկրի առաջնություն, Չեմպիոնների լիգա… Սակայն եկող տարի «Փյունիկի» առաջին լուրջ փորձությունը սկսվելու է հունվարի 19-ին՝ Մոսկվայում մեկնարկող ԱՊՀ չեմպիոնների հերթական առաջնությունում։ Պատշաճ մակարդակով հանդես գալու նպատակով «Փյունիկի» ֆուտբոլիստներն առաջին ուսումնամարզական հավաքը կազմակերպել էին Ծաղկաձորում։ Մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հանդիպեց «Փյունիկ» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանին եւ հարցազրույց ունեցավ նրա հետ։ – Փաստորեն, Հայաստանի առաջնության մարաթոնից հետո դեռ կարգին չհանգստացած, նորից անցել եք աշխատանքի։ – Այո, այդպես է պահանջում մեր ներկայիս կարգավիճակը։ Տղաները բժշկական զննում են անցել։ Դա շատ կարեւոր է մեզ համար՝ իմանալու, թե ով ինչ վիճակում է։ Արդյունքները հիմնականում գոհացուցիչ են, բացի երկու-երեք հոգուց, որոնք ծանր էին տարել առաջնության ծանրաբեռնվածությունը։ Նրանք մոտ օրերս կանցնեն կրկնակի զննում եւ ամենայն հավանականությամբ կմիանան ընկերներին։ Ծաղկաձորի հավաքը նպատակամղված է ֆուտբոլիստների ընդհանուր ֆիզպատրաստականության բարձրացմանը։ Երեւան կվերադառնանք դեկտեմբերի 29-ին կամ 30-ին, իսկ հունվարի 2-ին 2 թիմով, նկատի ունեմ մեր պատանիներին, կմեկնենք Սոչի, որտեղ արդեն կզբաղվենք տեխնիկական եւ տակտիկական խնդիրներով։ Այդ ընթացքում «Փյունիկի» երիտասարդական թիմը կմասնակցի Սոչիում անցկացվող ավանդական խոշոր մրցաշարի։ – Թիմի կազմում փոփոխություններ կլինե՞ն։ – Արդեն կան։ Երեք ֆուտբոլիստներ՝ Սլավա Սուքիասյանը, Արթուր Քոչարյանը եւ Արմեն Սանամյանը հրաժեշտ են տվել կոլեկտիվին։ Նրանց փոխարեն փորձաշրջանով թիմ ենք վերցրել մեր մի քանի երիտասարդների։ Եթե իրենց արդարացնեն, կամրապնդվեն չեմպիոն թիմում։ – Լեգեոներականների մասին ի՞նչ կասեք։ – Արտասահմանից հրավիրել ենք մի քանի ֆուտբոլիստների, որոնք մեզ պետք է միանան Սոչիում։ Անուններ առայժմ չեմ տա։ Ասեմ միայն, որ մեկին՝ արգենտինացի Բիլիբիոյին, մեր ֆուտբոլասերները լավ են ճանաչում, երբ նա խաղում էր Երեւանի «Երեւանում»։ Նրա հետ գալու է եւս մեկ արգենտինացի։ Փորձարկելու ենք նաեւ երեք դարպասապահի, մեկը՝ Հարավսլավիայից, երկուսը՝ Ռուսաստանից։ – Թիմի «հնաբնակ» լեգեոներականները մնո՞ւմ են։ – Բոլորն էլ կարճատեւ հանգստից հետո վերադարձել եւ մասնակցում են հավաքին։ Սակայն նրանցից ոմանք առաջնությունում ամբողջապես չարդարացրին մեր սպասելիքները։ Այժմ նրանց երկու-երեք ամիս ժամանակ ենք տվել։ Եթե պահանջները չբավարարեցին՝ հրաժեշտ կտանք։ – Չեմպիոն դառնալը պատվաբեր է։ Բայց չեմպիոնից նաեւ շատ են պահանջում։ Ի՞նչ ծրագրեր եք կազմել եկող մրցաշրջանի համար։ – Հաջող հանդես գալ Հայաստանի գավաթի խաղարկությունում, առաջնությունում, որի նախապատրաստական փուլերից մեկն էլ հենց Մոսկվայում կայանալիք մրցաշարն է։ Այնտեղ մեր մրցակիցներն են լինելու միեւնույն խմբում ընդգրկված Մոսկվայի «Սպարտակը», Տիրասպոլի (Մոլդովա) «Շերիֆը» եւ Ուզբեկստանի չեպիոն Ֆերգանայի «Նեֆթչին»։ Հույս ունենք, որ Մոսկվայում հուսախաբ չենք անի մեր ֆուտբոլասերներին։ Մրցաշարից հետո վերադառնալու ենք Երեւան եւ փետրվարի կեսերին ուսումնամարզական հավաքի ենք մեկնելու Ֆրանսիա։ Այնտեղ կմնանք մոտ 15 օր եւ ամենայն լրջությամբ կնախապատրաստվենք Հայաստանի գավաթի խաղարկությանն ու առաջնությանը, որը կմեկնարկի, կարծում եմ, մարտի սկզբներին։ Սակայն 2002թ. մեր գլխավոր փորձությունը լինելու է Չեմպիոնների լիգան։ Ճիշտ է, վիճակահանությունը դեռ չի կայացել եւ մեր ապագա մրցակիցներին դեռ չգիտենք, բայց, անկախ դրանից, նպատակ ենք դրել փորձել անպայման անցնել առաջին փուլը։ Կարծում եմ, որ դա մեր ուժերից վեր չէ, թեեւ շատ բան կախված է լինելու վիճակահանության արդյունքից։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել