Լրահոս
Օրվա լրահոսը

10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

Դեկտեմբեր 22,2001 00:00

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ Լավ ավանդույթի համաձայն, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, ամփոփելով մրցաշրջան-2001-ում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում հայաստանցի մարզիկների ունեցած մրցելույթների արդյունքները, անվանեց հանրապետության 10 լավագույն մարզիկներին։ Այս անգամ ՀՄԼՖ-ի ամենամյա հարցմանը մասնակցել է 36 մարզական լրագրող։ Նրանք հարցաթերթիկներում ընդհանուր առմամբ նշել են 20 մարզիկ-մարզուհու անուն։ Ստորեւ ներկայացնում ենք այն 10 երջանիկներին, ովքեր տեղ են գտել Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։ 1. Վաղինակ Գալստյան (Երեւան), հունա-հռոմեական ըմբշամարտ, մեծահասակների աշխարհի չեմպիոն։ 2. Գագիկ Խաչատրյան (Արմավիր), ծանրամարտ, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ 3. Արսեն Մելիքյան (Երեւան), ծանրամարտ, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ 4. Կարեն Մնացականյան (Երեւան), հունա-հռոմեական ըմբշամարտ, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ 5. Վլադիմիր Հակոբյան (Երեւան), շախմատ, աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր, առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկողների չեմպիոն։ 6. Քրիստինե Նաջարյան (Երեւան), սամբո ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, ձյուդոյից Եվրոպայի առաջնության 5-րդ մրցանակակիր։ 7. Հովհաննես Ամրեյան (Գյումրի), ծանրամարտ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ 8. Արմեն Մկրտչյան (Արարատ), ազատ ըմբշամարտ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 9. Հակոբ Փիլոսյան (Գյումրի), ծանրամարտ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, պոկում վարժությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 10. Մովսես Կարապետյան (Երեւան), հունա-հռոմեական ըմբշամարտ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ուրախալի է, որ վերջին տարիների անվիճելի առաջատար մարզաձեւ ծանրամարտին վերջապես արժանի մրցակից հայտնվեց՝ ի դեմս հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի։ Ուրեմն հաջորդ տարի պայքարն ավելի լարված է լինելու։ Հուսանք ու հավատանք, որ դրանց մրցակցությանը կմիջամտեն նաեւ մյուս մարզաձեւերը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել