Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա մի երկիր է, որտեղ երեխաները չեն լացում, իսկ շները չեն հաչում»,- ահա այսպես, մի նախադասությամբ ձե

Դեկտեմբեր 22,2001 00:00

ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԷԼԵԳԻԱ՝ ՍԻԳԱՐԵՏԻ ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅԱՄԲ «Սա մի երկիր է, որտեղ երեխաները չեն լացում, իսկ շները չեն հաչում»,- ահա այսպես, մի նախադասությամբ ձեւակերպեց դեռ Ժնեւի օդանավակայանից մեզ՝ հայ լրագրողների փոքրիկ խմբի անդամներիս, պարուրած անսովոր խաղաղության եւ անդորրի զգացողությունը «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշընլ» ընկերության ԶԼՄ-ների հետ աշխատանքի կառավարիչ Վադիմ Սավելեւը։ «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշընլի» գործունեությանը հայ լրագրողներին ծանոթացնելու նպատակով ընկերության կազմակերպած եռօրյա այցը Շվեյցարիա գերհագեցած էր, ճանաչողական եւ ուսուցողական։ Լեզվի դասեր՝ օդանավում Տարբեր ոչ պետական լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներս, «Ֆիլիպ Մորիս մենեջմենթ սերվիսեզ բ.վ.»-ի հայաստանյան ներկայացուցչության կորպորատիվ գծով ղեկավար Ահարոն Թադեւոսյանի ղեկավարությամբ, մեր մտահորիզոնը սկսեցինք լայնացնել դեռ Երեւան-Լոնդոն ինքնաթիռի մեջ։ «Բրիթիշ Էյրվեյզի» ուղեւորներիս համար նախատեսված ճաշացանկի (մենյու) մեջ տրված էր «սոուս» բառի հայերեն համարժեքը։ Մեզ առաջարկվում էր, օրինակ, հավ՝ սնկի… թանձրամոքանքով։ Թե որտեղից էին պեղել սույն գերբարեհունչ թանձրամոքանքը «Բրիտանական ավիաուղիների» ներկայացուցիչները՝ չգիտեմ, բայց որ բրիտանացի ուղեկցորդուհիների բառապաշարը հարստացավ շնորհիվ «Հայկական ժամանակի» թղթակից Հայկ Գեւորգյանի՝ փաստ է։ Երբ Հայկը վայրէջքից գրեթե 5 րոպե առաջ ուղեկցորդուհուց համառորեն «փլի՜զ, սոկ» էր խնդրում, ուղեկցորդուհին իր համար ճշտեց՝ «սո՞կս», որից վայրկյաններ հետո մեծ բավականությամբ Հայկին մի զույգ գուլպա (socks) մատուցեց։ Ու մենք հասկացանք, որ Հայկը երբեք չի մոռանա, թե անգլերեն ինչպես կասեն գուլպա, իսկ բարետես անգլուհին ողջ կյանքում կհիշի, որ «րՏՍ»-ը ռուսերեն հյութն է։ Համարյա կարամելի միջի ջեմի պես Մտքովս էլ չի անցնում ոտք մեկնել կարամելի մեջ ջեմի ինչպես լցնելը պարզելուց աշխարհով մեկ եղած հայտնի վոյինի հետ, բայց ինձ համար գոնե նորություն էր այն, որ սիգարետի մեջ թութունից բացի այլ բան էլ կա։ Ինչպես պարզեցինք շվեյցարական չքնաղ Նյուշատել լճի ափին կառուցված «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշընլի» սիգարետի ֆաբրիկայում, սիգարետների տեսակների հիմնական մասը լցոնվում է աշխարհի տարբեր ծայրերից բերված ծխախոտների համադրությամբ, որին խառնվում է որոշակի քանակությամբ… օշարակ (քիչ էր մնում գրեի՝ քաղցրաթանձրամոքանք)։ Օշարակի բաղադրության մեջ, կախված սիգարետի տեսակից, կարող է լինել կոնյակ, շաքար, սուրճ, կակաո, վանիլ եւ այլն։ «Ֆիլիպ Մորիսի» ամենահայտնի՝ «Մարլբորո» տեսակի սիգարետի բաղկացուցիչ օշարակի ճշգրիտ բաղադրությունը ողջ աշխարհում հայտնի է ընդամենը 4-5 մարդու։ Թանկարժեք առեւտրային գաղտնիք է։ Այնտեղ, որտեղ բուրմունք կա Նյուշատելի ֆաբրիկան փայլում էր մաքրությունից, հագեցած էր գերժամանակակից տեխնիկայով, որն ապահովում էր սիգարետների բարձրորակությունը։ Սակայն թութունի ծանր հոտը հեղձուկ էր ստեղծում։ Աշխատակիցները վստահեցնում էին, որ թութունի թունդ բույրն ինքնին վնասակար չէ, եւ ընդհանրապես վնասակարը միայն սիգարետի ծուխն է, որ ծխողները շնչում են, քաշում դեպի թոքերը։ Այսօր շատ տարածված են նույնանուն սիգարետների փափուկ՝ lights եւ գերփափուկ՝ ultra lights տեսակները։ Հերթական հայտնագործությունը փափուկ եւ գերփափուկ սիգարետների ստացումն էր։ Ինչպես պարզվեց, դրան հասնում են ոչ միայն բնական ճանապարհով՝ ընտրելով միայն ծխախոտի տերեւների հողին մոտ աճած մասը, այլեւ արհեստական ճանապարհով՝ գերտաք թութունի եւ գերսառը օդի հանդիպումից առաջացած պայթյունի հետեւանքով ստացված թեթեւ ծխախոտով լցոնելով։ Սակայն «Ֆիլիպ Մորիսը» առանց թաքցնելու զգուշացնում է, որ «անվտանգ սիգարետ չկա. անկախ այն բանից՝ թույլ, թե ուլտրաթույլ են, բոլորն էլ հավասարապես վնասակար են»։ Եվ ընդունում է, որ «Ծխող մարդն ավելի է ենթարկված թոքերի քաղցկեղով եւ այլ տարատեսակ հիվանդություններով հիվանդանալու, քան չծխողը», բայց միեւնույն ժամանակ հավատարիմ մնալով մարդու իրավունքների պաշտպանությանը, շեշտում է, թե «հասուն մարդն իրավունք ունի ընտրելու. ծխել՝ վտանգելով կյանքը, թե՝ չծխել եւ ապրել հանգիստ խղճով»։ Միեւնույն ժամանակ. «Ֆիլիպ Մորիսը» սիգարետ արտադրող առաջին ընկերությունն է, որ մեծ արշավ է սկսել՝ ընդդեմ անչափահասների ծխելու։ Բազմաթիվ տեսահոլովակներ են արտադրում, որոնցում երեխաներին փորձում են ապացուցել, որ առանց ծխելու էլ կարելի է լինել ժամանակակից, «ՍՐցՑՏռ», մի խոսքով «շրջապատի տղա»։ Արդեն մեկ տարի է, որ «Ֆիլիպ Մորիսը» որպես բարի կամքի արտահայտություն, դադարեցրել է սիգարետի գովազդը։ Ու, չնայած աշխարհով մեկ սկսված հակածխախոտային բումին, որի գագաթնակետը Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի վրա վերահսկողություն սահմանելու մասին կոնվենցիան» էր, նախորդ տարի միայն «Ֆիլիպ Մորիսի» արտադրանքից վաճառվել է 675 մլրդ սիգարետ (26 մլրդ դոլարի), որից ֆիրման ստացել է 5,3 մլրդ դոլարի շահույթ։ «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշընլը» գործում է աշխարհի 180 երկրներում, ունի 44,5 հազար աշխատող։ Աշխարհում յուրաքանչյուր 100 մարդուց 24-ը ծխում է, եւ ծխողների 50,5%-ը նախընտրում է «Ֆիլիպ Մորիսի» արտադրանքը, ընդ որում, ծխողների ամեն երրորդը՝ 37,7%-ը, վայելում է «Մարլբորոյի» բուրմունքը։ Մի խոսքով՝ ծխախոտի գծով այս ֆիրման առաջինն է աշխարհում։ Ոչ միայն ծխիվ, այլեւ՝ հացուպանրիվ Մտահորիզոններս լայնացնելու մի առիթ էլ «Ֆիլիպ Մորիսը» տվեց։ Պարզեցինք, որ աշխարհի ամենահարուստ ընկերություններից մեկը ոչ միայն մարդկանց առողջությունը փչացնելու եւ «ծխե՞լ, թե՞ ոչ» ընտրության հնարավորություն տալով է զբաղված, այլեւ՝ շատ ավելի աստվածահաճո գործով։ «Ֆիլիպ Մորիսին» է պատկանում նաեւ սննդարտադրության բնագավառում զբաղվող «Կրաֆթ» ընկերությունը, որն արտադրում է հրաշալի շոկոլադ եւ քաղցրեղեն, սուրճ, պանիր եւ այլ սննդամթերք։ «Կրաֆթը» աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում սննդարտադրողների մեջ։ Բացի «Կրաֆթից», «Ֆիլիպ Մորիսին» է պատկանում նաեւ «Միլլեր» գարեջրի ֆիրման, որը նույնպես 2-րդ տեղում է աշխարհում՝ գարեջուր արտադրողների մեջ։ «Ֆիլիպ Մորիսի» գործունեության չորրորդ ոլորտը ավելի բազմաշերտ է՝ լիզինգ, անշարժ գույք, տրանսպորտի միջոցների (նավեր, ինքնաթիռներ, գնացքներ եւ այլն) վարձակալում, նավթահորերի շահագործում։ «Ֆիլիպ Մորիսի» գործունեության բոլոր ոլորտներում միասին վերցրած աշխատում է 178 հազար մարդ, միայն «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշընլում», որը սիգարետ է արտադրում՝ 44,5 հազար մարդ։ Միլիոնատերերի երկիր Այսօր Շվեյցարիայում ապրում է մոտ 7,5 մլն մարդ, եւ նրանցից 75000-ը, ըստ նախորդ տարվա տվյալների, միլիոնատեր է։ Իսկ 250 շվեյցարացի միլիարդատեր է։ Ու թեեւ սեփական մեծահարուստներն էլ Շվեյցարիային լիուլի հերիք են, բայց աշխարհի բոլոր ծագերից Շվեյցարիա են լցվում ոչ միայն օտարերկրացիների փողերը՝ ամենաապահով բանկերում հանգրվանելու համար, այլեւ այդ փողերի տերերը։ Յուրաքանչյուր իրեն հարգող մեծահարուստ, անկախ տարիքից, սեռից, ազգությունից, քաղաքացիությունից, որպես կանոն՝ Շվեյցարիայում սեփական տուն ունի։ Դա «պրեստիժի» հարց է։ Իսկ Լոզանում, որտեղ մեզ հարմարավետ տեղավորել էր «Ֆիլիպ Մորիսը», յուրաքանչյուր քայլափոխի մի հյուրանոց կար։ Ընդհանրապես Շվեյցարիան (կամ գոնե Լոզանն ու Բեռնը, որտեղ հասցրինք լինել) հյուրանոցների, ժամացույցների, շոկոլադների եւ պանիրների երկիր է։ Նշածս երկու քաղաքներում ամենուր վաճառվում էին տարբեր ձեւի եւ արժողության ժամացույցներ, իսկ յուրաքանչյուր, անգամ փոքրիկ ռեստորանն ուներ շոկոլադի եւ պանիրի սեփական տեսակը։ Մարդասիրական զգացողություններս թույլ չեն տալիս ավելի խորանալ ու մանրամասներ հաղորդել այս զգլխիչ թեմայի շուրջ, թե չէ՝ պատմելու այնքա՜ն բան կա։ Հակասությունների երկիր Որքան առաջադեմ, արեւմտյան բարքերին ու կարգերին համապատասխան երկիր է Շվեյցարիան, նույնքան՝ պահպանողական եւ խիստ ներփակված, ինչ-որ իմաստով՝ մեծ աշխարհից ու մեծ աշխարհի խաղերից հեռու մնացած։ Նա անգամ ՄԱԿ-ի անդամ չէ։ Ընդամենը 2 օրում մեր լավ բարեկամը դարձած Վադիմ Սավելեւը երբ ասաց, որ Շվեյցարիայում օրենքը թույլ է տալիս խանութների վաճառողներին, առանց որեւէ բացատրություն տալու, չսպասարկել ցանկացած հաճախորդի, ապշեցինք։ Բայց երբ իմացանք, որ կանայք Շվեյցարիայում ընտրելու իրավունք են ստացել ընդամենը 80-ականներին, հասկացանք, որ «վպ ՑՏսՖՍՏ ԹՏրՑՏՍ- ՊպսՏ ՑՏվՍՏպ»։ Այստեղ օրենքը թույլ է տալիս ոստիկան կանչել այն դեպքում, եթե հարեւանդ (կամ նրա երեխան) աղմկում է երեկոյան 10-ից հետո։ Ոստիկանը կգա, կտուգանի աղմկարար հարեւանիդ, որը դեռ չի հասկացել, որ ապրում է Շվեյցարիայում, որտեղ լացող երեխաները եւ հաչող շները բացառված են։ Ի դեպ, շների մասին։ Այն 3 օրերին, որ այդ հակասական երկրում էինք, փողոցներում չտեսանք ոչ մի մուրացկան, ոչ մի թափառաշրջիկ, ոչ մի թափառող շուն, ոչ մի մարմնավաճառ։ Եվ եթե մուրացկանների ու մարմնավաճառների հարցը չի կարող այնքան թափանցիկ լինել, որ 2-3 օրում ինչ-որ պատկերացում կազմեինք, ապա շների մասին հստակ վիճակագրություն կա. մոտ 1 մլն շուն կա ողջ Շվեյցարիայում, որոնցից ոչ մեկն անտուն չէ։ Ալպյան կանաչ Ինչն ամենից շատ է ապշեցնում Շվեյցարիայում՝ ոչ շոկոլադն է, ոչ լույսերով ողողված զառիվայր նեղլիկ փողոցները, ոչ ուղեւորներով լիքը տրոլեյբուսները, ոչ ժամը 17-18-ին փակվող խանութները (Ծննդյան տոների կապակցությամբ որոշ խոշոր խանութներ բաց էին մինչեւ 19-ը, ինչն անչափ ուրախացրել էր տեղի բնակիչներին), ոչ պանիրների տեսականին, ոչ պատահական անցորդների բարեհամբույր «բոնժուղ-բոնսուաղը» (բարի լույս-բարի երեկո), ոչ հեքիաթ հիշեցնող կոկիկ, գունավոր պատուհանափեղկերով եւ կղմինդրներով առանձնատները եւ ոչ էլ շվեյցարական ազգային ուտեստը՝ ֆունդյուն, որը համատեղ եփվող պանրի եւ գինու մի անմահական խառնուրդ է։ Ապշեցնողը Շվեյցարիայի բնությունն էր։ Թեեւ եղանակը ճիշտ այնպիսին էր, ինչպես Երեւանում, բայց ամենուր հյութեղ կանաչ էր, ծաղկեթմբերին ծաղկած անյուտայի աչիկներ կային։ Եղեւնիները 7-8 հարկանի շենքերից էլ բարձր էին, իսկ ոչ մշտադալար ծառերի (կաղնի, կաղամախի) միայն ճյուղերն էին դատարկ։ Ինչ-որ տարօրինակ ձեւով ծառերի բունն ամբողջությամբ նորածիլ կանաչ տերեւներով էր պատված։ Այն տպավորությունն էր, թե ծառերը տերեւից մուշտակ են հագել։ Ընդհանրապես այս երկիրը էկոլոգիայի հարցում խիստ է։ Նյուշատելի ծխախոտի ֆաբրիկայի բիզնես-օֆիսի նոր շենքը կառուցվել էր «կանաչ» համակարգով։ Այս կարգի շենքերի թիվն արդեն 100-ից անցնում է ողջ Շվեյցարիայում։ Դրանք ապակեպատ են, եւ առավելագույնս օգտագործվում է արեւի էկոլոգիապես անվնաս լույսն ու ջերմությունը։ Բացի այդ, շենքերում տեղադրված են արեւային մարտկոցներ, որոնք էներգիայի հիմնական աղբյուրն են։ Նման շենքերի կառուցումը 10%-ով թանկ է նստում, բայց 2 տարի հետո գումարը վերականգնվում է՝ խնայված էներգիայի հաշվին։ Այն, ինչ մենք տեսանք Շվեյցարիայում, նրան ճանաչելու եւ հասկանալու համար չափազանց քիչ էր, սակայն լիովին բավարար՝ առաջին հայացքից սիրահարվելու համար։ Այն, ինչ բառ ու արդյունքում՝ հոդված դարձավ, չնչին մասն է այդ երկրից ստացած անմոռաց տպավորությունների։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել