Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 9-11-ը Թբիլիսիում տեղի է ունեցել «Կոնֆլիկտների տրանսֆորմացիան Հարավային Կովկասում» թեմայո

Դեկտեմբեր 22,2001 00:00

ՋԱՎԱԽՔԸ՝ ՀԱՆԳԱԾ ՀՐԱԲՈՒԽ Դեկտեմբերի 9-11-ը Թբիլիսիում տեղի է ունեցել «Կոնֆլիկտների տրանսֆորմացիան Հարավային Կովկասում» թեմայով միջազգային սեմինարը, որն անց է կացվել «Քաղաքացիական համաձայնության հարավկովկասյան ցանց» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է 2001 թվականի սեպտեմբեր ամսից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Անգլիայի եւ Գերմանիայի 12 հասարակական կազմակերպությունների կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ հետագա համագործակցության հաստատման գործում մեծացնել հասարակական հատվածի գործունեությունը եւ ազդեցությունը։ Այդ նպատակով տարածաշրջանի երկրներում անց են կացվել սոցիոլոգիական հարցումներ, որոնք էլ դարձել են սեմինարի քննարկման նյութ։ Յուրաքանչյուր երկրում հարցման է ենթարկվել 1000 մարդ։ Հայաստանում դրանք անց են կացվել Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից, Վրաստանում՝ Բանակցությունների եւ կոնֆլիկտների ուսումնասիրման միջազգային կենտրոնի, Ադրբեջանում՝ «Պուլս» սոցիոլոգիական ծառայության կողմից։ Այսպիսով, հարցման ենթարկվածների ուղիղ կեսը կարծում է, որ առաջիկայում Ջավախքի հարցը կարող է դառնալ արդիական. Հայաստանում՝ 42%-ը, Վրաստանում՝ 48%-ը, Ադրբեջանում՝ 55,6%-ը։ Ադրբեջանական քաղաքական շրջանակներից հարցման ենթարկվածների 75%-ն է այդ կարծիքին։ Ամենադժվար լուծում գտնող կոնֆլիկտը, բնականաբար, Հայաստանում եւ Ադրբեջանում համարում են Լեռնային Ղարաբաղի խնդիրը, Վրաստանում՝ Աբխազիայի։ Հարցման ենթարկված հայ բնակչության 5%-ը Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ, ադրբեջանցիների՝ 29,5%-ը։ Հակամարտող կողմերի միջեւ նոր հարաբերությունների որոնմանը՝ պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքով, կողմ է արտահայտվել հայերի 10,9%-ը, ադրբեջանցիների՝ 64,6%-ը։ Ինքնորոշման իրավունքին՝ ընդհուպ ինքնավարություն՝ կողմ է հարցման ենթարկված ադրբեջանցիների 4,1%-ը, հայերի՝ 69,6%-ը։ Հարցված ադրբեջանցի քաղաքական գործիչները միանշանակ բացասական են պատասխանել այդ հարցին։ Բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում լրատվամիջոցներին վստահել-չվստահելու հարցում։ Պարզվում է, տարածաշրջանային կոնֆլիկտների մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար տեղական պետական լրատվամիջոցներին վստահում է հարցման ենթարկված հայերի 43,1%-ը, ադրբեջանցիների 33,3%-ը, վրացիների 21,5%-ը։ Տեղական անկախ լրատվամիջոցներին, համապատասխանաբար, վստահում են 32,3%-ը, 48,9%-ը եւ 43,2%-ը, ռուսաստանյան լրատվամիջոցներին՝ 55,7%-ը, 13,7%-ը, 7,4%-ը, արեւմուտքի՝ 21,6%-ը, 18,8%-ը, 10,7%-ը եւ, վերջապես, ոչ ոքի չի վստահում հայերի 13,8%-ը, ադրբեջանցիների 11,6%-ը, վրացիների 15,1%-ը։ Փաստորեն, հայ ժողովուրդն ամեն կերպ արտահայտում է իր անթաքույց վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, անգամ պետական մամուլից էլ բարձր դասելով ռուսաստանյան մամուլը։ Ի տարբերություն ադրբեջանցիների եւ վրացիների, որոնք սեփական անկախ մամուլը գերադասում են նույնիսկ պետականից։ Ստացվում է, որ մեր պետությանն ավելի քիչ ենք վստահում, քան ռուսաստանյան մամուլին։ Ու այս ամենի տրամաբանական շարունակությունն է, որ հարավկովկասյան կոնֆլիկների լուծման հարցում Ռուսաստանի ազդեցությունը համարում է վճռական հայերի 81%-ը, ադրբեջանցիների 26,4%-ը։ Փոխարենը, վրացիները գտնում են, որ ամենամեծն ԱՄՆ-ի ազդեցությունն է՝ 53,3%, հայերը՝ 27,5%, ադրբեջանցիները՝ 32,1%։ Ադրբեջանցիների 78,8%-ը գտնում է, որ էական է Թուրքիայի ազդեցությունը եւ 40%-ը՝ Եվրամիության։ Հայերի 2,5%-ն է Թուրքիային էական համարում այս տարածաշրջանում կոնֆլիկտներ լուծելու հարցում եւ 32%-ը՝ Եվրամիությանը։ Ինչ վերաբերում է հնարավոր կոալիցիաներին, նոր կոնֆլիկտներից խուսափելու մեխանիզմներին՝ Հարավային Կովկասի պետությունների միավորմանը կոնֆեդերատիվ սկզբունքով, կողմ են հարցված վրացիների 10,4%-ը, հայերի 18,5%-ը, ադրբեջանցիների 20,2%-ը։ Ռուս-բելառուսական միության մեջ իրենց ապագան տեսնում է հարցված վրացիների 8,5%-ը, հայերի՝ 38%-ը, ադրբեջանցիների՝ 11,9%-ը։ Տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության հատուկ պակտի կնքման օգտին է արտահայտվել հարցված հայերի 51%-ը, վրացիների 18,1%-ը, ադրբեջանցիների 40%-ը։ Սակայն որեւէ կերպ չի պարզաբանվում, թե այդ «պակտ» կոչվածն իր մեջ ինչ է ներառում։ Չի բացառվում, որ մանրամասների առկայության դեպքում պատկերն այլ ստացվի։ Եվ, վերջապես, ՆԱՏՕ-ի կազմում իրենց երկիրն ընդգրկվելու օգտին են արտահայտվել հայերի միայն 6,4%-ը, վրացիների 18%-ը եւ ադրբեջանցիների 25,5%-ը։ Վերջնական արդյունքում ստացվում է, որ տարածաշրջանի երկրների արտաքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումները տարբեր հարթություններում են։ Ադրբեջանը միանշանակ խոնարհվում է Թուրքիայի, Հայաստանը՝ Ռուսաստանի առաջ, Վրաստանի հույսն էլ Եվրոպան է։ Այս նախադրյալները, փաստորեն, տարածաշրջանային համագործակցությունը զրոյական մակարդակի են հասցնում։ Սա նշանակում է, որ հասարակական գիտակցությունը դեռ չի հասունացել տարածաշրջանում համագործակցելու եւ անկախ ապրելու համար։ Միասին ուժեղ լինելը դեռեւս ստորադասվում է ուժեղի փեշի տակ մտնելուց։ Հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման թեկուզեւ բազմաթիվ, բայց, այնուամենայնիվ, անպտուղ հանդիպումները, դրանց հետեւող ռազմատենչ հայտարարությունները ժողովրդին վանում են միմյանցից։ Վախի, անորոշության անընդհատ մթնոլորտը սպանում է հավատը պետության, պետականության նկատմամբ՝ գերտերությունների «բարի» գիրկը բացելով «խեղճ ու կրակ տանջվածների առջեւ»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել