ՉՈՒՆԵՆՔ, ՉԿԱ Խոսքն այն աշխատատեղերի մասին է, որոնք չկան, բայց որոնք երիտասարդ կադրերով համալրելու նպատակով պետեկամուտների նախարարությունը ժամանակին հատուկ մասնագիտացված դասընթացներ է կազմակերպել եւ «տեր չի կանգնել» իր խոստմանը։ Այնպես է ստացվել, որ մեր երկրում հաջորդ պետական պաշտոնյան նախորդից տեղյակ չէ, նախորդը՝ հաջորդից։ Դրա համար էլ մի շարք որոշումներ ու հրամաններ այդպես էլ չեն կատարվում պաշտոնափոխությունից հետո։ Թեեւ պարբերաբար հայտարարվում է հարկային ու մաքսային համակարգերում ապարատի կրճատման մասին, այնուամենայնիվ, ժամանակին՝ 2000թ. աշնանը ՊԵՆ նախարար Գագիկ Պողոսյանի հրամանով հարկային եւ մաքսային ոլորտների մասնագետներ պատրաստելու նպատակով դասընթացներ կազմակերպվեցին, որոնք հաջողությամբ ավարտածներից մեկը՝ Հովհաննես Սահակյանը, «Առավոտին» գրում է. «Հրամանում նշվում էր, որ դասընթացները լավ ավարտողները կընդունվեն աշխատանքի, իսկ գերազանց ավարտողները՝ առաջնահերթ։ Վստահելով նախարարի խոսքերին, որոնք հրապարակվում էին թերթերով եւ հեռուստատեսությամբ, որոշեցի ուժերս փորձել, չնայած մի փոքր կասկած ունեի, որ այդ ամենը կարող է ձեւական լինել։ Հավաքվեց 150 ուսանող եւ բացվեց 2 խմբակ՝ հարկային եւ մաքսային։ Գ. Պողոսյանին փոխարինած Ա. Մանուկյանը նույնպես հաստատեց վերը նշված հրամանը, կապված աշխատանքի ընդունման հետ, քանի որ ուսանողության մեջ տագնապ եւ անվստահություն էր առաջացել այդ դասընթացների վերաբերյալ։ Մաքսային խմբակից «գերազանց» ավարտեցին երկուսը, որից մեկը՝ ես։ Դա 2000թ. դեկտեմբերի 10-ին էր։ Անցնում էին օրեր, ամիսներ, բայց աշխատանքի նշանակման մասին՝ ոչ մի խոսք։ ՊԵՆ կադրերի բաժնի պետ Մ. Շիրխանյանը վստահեցնում էր, որ պետք է մի քիչ համբերել, քանի որ համակարգում ատեստացիա է անցկացվում, որի ավարտից հետո անպայման ինձ կզանգեն։ Ատեստացիան ավարտվեց։ Ա. Մանուկյանը «Օրակարգ» հեռուստածրագրով ելույթի ժամանակ ասաց, որ համակարգի աշխատակիցների մոտ 10%-ը ազատվել է աշխատանքից վերը նշված ատեստացիան չանցնելու պատճառով, որոնց փոխարեն համակարգ են ընդունվելու նոր մասնագետներ։ Կրկին անցան ամիսներ։ Սեպտեմբերի սկզբին նամակով դիմեցի Մաքսային պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Ա. Ավետիսյանին, խնդրելով որեւէ հստակ պատասխան տալ։ Երկու շաբաթ անց ստացա Մաքսային կոմիտեի նախագահի աշխատակազմի ղեկավար Աֆրիկյանի պատասխանը, թե չեն կարող ինձ դրական պատասխան տալ, քանի որ չունեն ազատ աշխատատեղեր։ Հետաքրքիր է, այդ 10% աշխատատեղերը ի՞նչ եղան։ Անգամ իրենց խոստումը չկատարեցին՝ կապված գերազանց ավարտածների հետ։ Դիմեցի մի շարք պաշտոնյաների, բայց ի պատասխան միայն ստացա արհամարհական լռություն։ Եթե Հայաստանն իրոք լիներ դեմոկրատական երկիր, ես կդիմեի դատարան եւ մեծ գումարներ կշահեի այն բարոյական վնասի համար, որ հասցրել են ինձ մեր պաշտոնյաները խաբելու եւ իմ իրավունքները ոտնահարելու համար։ Բայց չունեմ հավատ մեր արդարադատության համակարգի հանդեպ, չունեմ համապատասխան գումարներ փաստաբանի եւ այլ դատական ծախսերի համար, ոչ էլ ուզում եմ վերջնականապես փչացնել արդեն իսկ խարխլված նյարդային համակարգս (վերը նշված իրադարձությունների պատճառով)»։ Հ. Սահակյանն իր նամակին կից ներկայացրել է նաեւ ՊԵՆ-ի կողմից տրամադրված վկայականի պատճենը, որը վկայում է, որ նա հիշյալ դասընթացները գերազանցությամբ է ավարտել։ Նա նաեւ նշում է, որ որպես գերազանց ավարտածի, նախօրոք խոստացածի համաձայն վերադարձրել են մուծած 30.000 դրամը։ Սակայն «շրջանավարտը» նկատում է. «Բոլորին պարզ է, որ մենք հաճախում էինք այդ դասընթացները՝ աշխատանքի ընդունվելու նպատակով»։ Իհարկե, հասկանալի է, որ աշխատատեղերը սահմանափակ են, այն էլ մաքսային համակարգում, բայց հարկավոր է գոնե ազնիվ լինել եւ նման խոստում չտալ։ Թե չէ մեր երկրում նախարարներն այնքան հաճախ են փոփոխվում, որ երեւի հենց այդ պատճառով էլ այսպիսի խառնաշփոթ է տիրում. եթե ամեն մեկն իր նախորդի խոստումների գոնե 1%-ը չկատարի, ապա խառնաշփոթն ապահովված է։ Փորձեցինք որեւէ պարզաբանում ստանալ Մաքսային պետական կոմիտեի կադրերի բաժնի պետ Հովհաննես Ավետիսյանից, որը երկար ու հակասական պարզաբանումներ տալուց հետո հայտնեց՝ չի ցանկանում, որ իր անունից որեւէ պատասխան տրվի ու առաջարկեց դիմել լրատվական ծառայության ղեկավարին։ Ցավոք, 2 աշխատանքային օրվա ընթացքում դարձյալ չհաջողվեց Նելլի Մանուչարյանի հետ հեռախոսակապ հաստատել։ Գուցե շատ զբաղված է։ Իսկ պետեկամուտների նախարարը ընդհանրապես խնդրի առնչությամբ փոխանցեց հետեւյալ պատասխանը. «Հիմա կադրերի տեղավորման հնարավորություն չկա։ Պետք է մասնագետներին վերապատրաստել՝ կադրային բանկ ունենալու համար, բայց քանի որ այսօր կրճատման խնդիր է դրված, առայժմ աշխատանքի տեղավորման հնարավորություն չկա»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ