Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե այսօր-վաղը ՀՀ նախագահին գիտության պատվավոր դոկտորի կամ ակադեմիկոսի կոչում շնորհվի, թերեւս ոչ ոք

Դեկտեմբեր 22,2001 00:00

Մերն, իրոք, ուրիշ է, բայց ինչո՞ւ Եթե այսօր-վաղը ՀՀ նախագահին գիտության պատվավոր դոկտորի կամ ակադեմիկոսի կոչում շնորհվի, թերեւս ոչ ոք չզարմանա։ Ամեն դեպքում, ազատ տնտեսվարության զարգացման գործում նրա արածն ավելին է, քան, ասենք, համայնավար քաղաքական հայտնի գործչի, որին մեր գիտության այրերը ակադեմիկոսի պատվի արժանացրին։ Մեր տնտեսագիտության ոլորտում հարցերն, իրոք, շատ են, որը եւ արտահայտվում է տնտեսությունում։ Օրինակներ էլ՝ ինչքան ուզեք։ Նախկին գյուղնախարարներից մեկի գլխավորությամբ գործող արտասահմանյան վարկավորմամբ մի կազմակերպություն փորձում է հիմնավորել, որ անասնապահությունը նորանկախ Հայաստանում ապագա չունի։ Փորձագետներն ու խորհրդատուները գործող ակադեմիկոսներ են, այնպես որ՝ պարտավոր ենք հավատալ։ Արդյունքում՝ խոշոր անասնագլխաքանակը վերջին 10 տարիներին նվազել է 300 հազարով։ Գործող նախարարի խորհրդականն էլ գտնում է, որ ավելի ճիշտ է աշխատեցնել արտադրությունը, իսկ մսամթերք ու կաթնեղեն կգնենք արտերկրից։ Իսկ թե ինչով են զբաղվելու հարյուրավոր լեռնային գյուղերի տասնյակ հազարավոր բնակիչները, թող իրենք որոշեն։ Այ, ուրիշ բան է ծխախոտագործությունը։ Այն մեր երկրում, պարզվում է, ապագա ունի։ Այն էլ ինչպիսի։ Թմրամոլության դեմ համաշխարհային պայքարի արդյունքում յուրաքանչյուր տարի տասնյակ միլիոնավոր հաշիշ չգտնողներ ճարահատյալ լրացնելու են ծխողների բանակները։ Ուրեմն զարկ տանք ծխախոտի ցանքսերին, առաջանցիկ ցուցանիշներ արձանագրենք։ Ոչինչ, որ աշխարհն այլ կողմնորոշմամբ է զարգանում՝ անասնակեր մշակելով։ 1999-ին արդեն երկիր մոլորակի ցանքատարածություններում հատիկի տեսքով եգիպտացորենի բերքը գերազանցեց ցորենի ծավալները, կազմելով 604 մլն տոննա՝ ցորենի 589 մլն տոննայի դիմաց։ Որ հիմնականում կալորիական եգիպտացորենը անասնակեր օգտագործելու շնորհիվ է քաղաքակիրթ աշխարհը ստանում միլիոնավոր տոննաներով մսամթերքներն ու կաթնեղենը՝ մարդ արարածի հիմնական սննդամթերքը, դա «մեր ուրիշ»-ների պետքը չէ։ Ընթերցեք, թե ինչ են առաջարկում երիտասարդ տնտեսագետները։ ՀՀ կառավարությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ պետք է կազմակերպի վճարովի հասարակական աշխատանքներ։ Այսպիսի լայնածավալ աշխատանքներ կարելի է կազմակերպել ՀՀ-ում տրանսպորտային նոր ուղիներ կառուցելու միջոցով, մասնավորապես՝ Երեւան-Մեղրի-Թավրիզ երկաթգիծը։ Իսկը՝ «Ապաշխարանք-2» կինոսցենարի նյութ։ Այսօրինակ դրսեւորումներից հետո բոլորովին էլ տարօրինակ չէր, որ ՀՀ նախագահի եւ լրագրողների օրերս կայացած հանդիպման ընթացքում երկրի թիվ 1 պաշտոնյայից աջ ՀՀ գյուղնախարարը չէր նստած. մարդն առավել կարեւոր խնդիր է լուծում՝ կուսակցական շինարարությամբ է զբաղված։ Չէ՞ որ հռչակել ենք. մերն ուրիշ է, ո՜ւ-րիշ։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել